Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապանցի հանդիսատեսը ինդիկատոր է»

Մայիս 22,2012 13:59

Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի դիտարկումները

Այս տարին հոբելյանական է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի համար. լրանում է մշակութային օջախի 75-ամյակը:

«Առավոտը» հանդիպեց ՀՀ վաստակավոր դերասան, թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կամո Արզումանյանի հետ, որը ավելի քան 20 տարի բեմում է եւ ղեկավարում է թատրոնը: Նախ հետաքրքրվեցինք, թե «սահմանամերձ» դերասաններին չի՞ խանգարում մայրաքաղաքից հեռու լինելը, նրանք իրենց զգո՞ւմ են լիարժեք արվեստագետներ, մաս կազմո՞ւմ թատերական զարգացումներին: «Թատրոնում աշխատում է 23 դերասան, ունենք խաղացանկային 12 բեմադրություն՝ մանկական ներկայացումներից մինչեւ դասական ու ժամանակակից հեղինակների»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը, շարունակելով, թե իրենք մասնակցում են ավանդական դարձած Լոռու եւ «Թատրոն X» փառատոներին եւ մեծ ցանկություն ունեն ներկայանալու երեւանյան հանդիսատեսին: Հավելեց նաեւ, թե թատրոնի դերասանները իսկապես նվիրյալներ են. «ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ժամկետային ծառայող 4 դերասան զբաղված լինելով խաղացանկային որոշ ներկայացումներում, հենց զինվորական համազգեստով գալիս են թատրոն, կերպարանափոխվում, այնուհետեւ շտապում զորամաս: Մեր թատրոնը սպասարկում է նաեւ Քաշաթաղը, հյուրախաղերով հանդես ենք գալիս այլ մարզերում, Կապանի դպրոցներում գործում են թատերական, երաժշտական խմբակներ եւ հաճախ դպրոցականների ելույթները կազմակերպում ենք թատրոնի բեմում՝ այսպիսով ցույց տալով, թե ազատագրված տարածքներում ինչ հրաշալի սերունդ կա: Միեւնույն ժամանակ, երեխայի համար, որն ընտրել է արվեստի ուղին, սա առիթ է շփվելու բեմի հետ: Օրերս էլ Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ համաձայնության եկանք առաջիկայում օպերային ու բալետային որոշ բեմադրություններ կապանցի հանդիսատեսին ներկայացնելու համար»:

Պարոն Արզումանյանը հայտնեց նաեւ, թե այս ուսումնական տարվանից Կապանում կբացվի Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մասնաճյուղ. «Շուրջ 8 ամիս աշխատել ենք դիմորդների հետ, որոնք ոչ միայն Կապանից են, այլեւ Մեղրիից ու Քաջարանից: Այսօրվա դրությամբ 12 պետպատվերով տեղի համար ունենք 15 դիմորդ: Կարծում եմ՝ այս թվերը խոսուն են ու հարկ չկա մանրամասնելու, որ թատրոնը ունեցել է եւ կունենա իր հիմնական, տեղաբնակ դերասանական բազան»:

Հարցին՝ գո՞հ են պետության կողմից թատրոնների նկատմամբ որդեգրած վերաբերմունքից, մասնավորաբար՝ այն ֆինանսական միջոցներից, որոնցով իրականացնում են աշխատանքները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մայրաքաղաքում եւ մեզ մոտ, օրինակ, դերասանները վարձատրվում են նույն չափով: Ուրիշ հարց է, որ երեւանցի դերասանը հրավեր է ստանում այս կամ այն հաղորդմանը կամ սերիալում նկարահանվելու, ինչը, ըստ էության, հավելյալ եկամուտ է ապահովում…»: Ռեպլիկին՝ չի՞ կարծում, որ մեր կուսակցությունները իրենց համամասնական ցուցակներում պետք է ընդգրկեն նաեւ թատերական գործիչներին, Կամո Արզումանյանն ասաց. «Դա նույնիսկ անհրաժեշտ է, որպեսզի թատերարվեստը իր դեսպանն ունենա Ազգային ժողովում»: Կապանցի հանդիսատեսին էլ որակելով որպես ինդիկատոր, նա նշեց. «Մեզ մոտ հնարավորինս արվում է ոչ միայն թատերարվեստի, այլեւ մշակույթի այլ ոլորտների երկրպագուների հետաքրքրությունները բավարարելու համար»:

Մեր զրուցակից դերասանից, թատրոնի վարչական ու գեղարվեստական ղեկավարից հետաքրքրվեցինք նաեւ, թե դժվար չէ՞ այդ ամենը համադրել: «Իհարկե՝ դժվար է: Թատրոնը չունի միայն գլխավոր ռեժիսոր, ինչը լրացնում ենք հրավիրյալ բեմադրիչներով: Օրինակ, վերջին շրջանում մեզ մոտ աշխատել են Գյումրիից Հովհաննես Հովհաննիսյանը, Հայկ Մնացականյանը՝ Արտաշատից, Վանաձորից Համլետ Գյուլզադյանը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնից Արմեն Սանթրոսյանը եւ այլն»,- պատասխանեց Կամո Արզումանյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031