Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դանակահարությունից սպանվեց ազատամարտիկ որդիս

Մայիս 22,2012 13:56

Շատ մեծ ցավ եմ ապրում այս մասին հանրությանը տեղեկացնելով, բայց ամաչել ու չասել այն, ինչ կատարվել է, չեմ կարող, քանի որ հետո գուցե ինձ մեղադրեմ, ասելով՝ գուցե գտնվեին մարդիկ, որոնք սիրտ ու հոգի ունեն, որոնք գիտակցում են պահի կարեւորությունը:

18.11.2011թ.-ին վիճաբանության ընթացքում 7 տեղից դանակահարեցին որդուս. 6-ը ոտքի շրջանում՝ կտրել-ծակելով ոտքի գլխավոր արյունատար անոթը եւ 1-ը՝ ձեռքի, որի հետեւանքով արյան մեծ կորստից եւ ծանր վնասվածքից որդիս զրկվեց կյանքից…

Որդիս «Վարդանանք երդվյալ ջոկատի» հիմնադիր հրամանատարն էր, ինչպես նաեւ 114 գումարտակի Վանյա Գալստյանի զավակը: Նա 36 տարեկանում կարիքից դրդված ընդունվեց աշխատանքի՝ որպես տաքսու վարորդ «Վալենտին» տաքսի ծառայությունում եւ սկսեց վարել «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենա: Աշխատում էր ջանասիրաբար: Նրա հետ էր աշխատում եւ նույն մեքենայից էր վարում նաեւ Միքայելը, որի եղբայրը կահույքի արտադրամաս էր վարձակալել եւ օգտվում էր «Վալենտին» տաքսի- սերվիսից: Փոքր ծավալի ապրանք տեղափոխելիս մինչեւ դեպքի օրը մեկ անգամ տղաս հրաժարվում է իր մեքենայով ապրանք տեղափոխելուց:

Մի քանի օր անց կրկին որդուս ուղարկում են նույն կահույքի արտադրամասը պատվերի եւ կրկին Գալուստը հրաժարվում է պատվերից: Այդ ժամանակ Միքայելի եղբայրը՝ Վլադիմիրը, զանգում է «Վալենտին» տաքսի- սերվիսի հեռախոսավարուհուն՝ Սոնային, տալիս բազում հայհոյանքներ որդուս հասցեին, իսկ Սոնան, որը որդուս հետ շատ լավ հարաբերություններ ուներ, նույնությամբ փոխանցում է նրան, եւ այս ամենից վիրավորվում է որդուս ինքնասիրությունը: Գալուստը 17.11. 2011թ. Էրեբունու տարածքում հանդիպում է Միքայելին, թեթեւակի վիճաբանություն է լինում, որի արդյունքում հրում է որդուս ու կոտրում է նրա վարած մեքենայի հայելին, որն էլ ավելի է զայրացնում տղայիս եւ պայմանավորվում են հանդիպել ավելի ուշ ժամի…

18.11.2011թ. գիշերը, ժամը 1: 30-ի սահմաններում, հանդիպման են գալիս Միքայել եւ Վլադիմիր եղբայրներն իրենց 3 ընկերների հետ միասին, իսկ որդիս գնում է եղբոր եւ հարեւանի հետ միասին: Հանդիպման ժամանակ նրանք հասկանում են միմյանց: Միքայելը եւ մեր հարեւանն առանձնանում են եւ նկատում են իրարանցում, այդ ժամանակ բռունցքով Վլադիմիրը հարվածում է որդուս բերանին եւ առաջանում է վիճաբանություն. իբր այդ խառնաշփոթի ժամանակ որդիս վերցնում է մեքենայի անիվ փոխելու բանալին եւ հարվածում է Հակոբին եւ Միքայելին՝ պատճառելով ոչ լուրջ վնասվածք եւ էլ ավելի շատ վնասվածքներ է ստանում որդիս, ինչն էլ ձեւակերպված է՝ «հնարավոր է վիճաբանության ընթացքում բարձրությունից վայր ընկնելու հետեւանք (մի փոքր փոսում գլորվել են ցած)»: Այդ ժամանակ Միքայելը բռնած է լինում որդուս ձեռքերը, իսկ Հակոբը գրպանից հանում է եւ հարվածում է իբր 4 անգամ, որը հետագայում պարզվում է՝ 7 անգամ (տես նաեւ՝ police.am 23.11.2011.tv-02 հաղորդումը):

Որդուս ճանաչում էին նաեւ «ՀԱԲ-ի Վանիկ» անունով, նա 2-րդ կարգի հաշմանդամ էր: 2004թ. վաճառել էինք մեր 1 սենյականոց բնակարանը՝ որոշ պարտքերի պատճառով, այդ ընթացքում դոլարի կուրսը ընկավ, իսկ բնակարանների գները բարձրացան: Հրամանատարը, որը պատվով վերադարձավ մարտից, որն առաջինն էր Հայաստանում եւ 1996թ. տոնեց Սուրբ Վարդանանց տոնը եւ նույն տարվա ապրիլի 7-ին Վարդան Մամիկոնյան արձանի փոքր հողակտորը ջոկատով մաքրեցին եւ հրամանատարի անձնական միջոցներով 451 հատ վարդ տնկեցին, սպանվեց հայի ձեռքով: Նրա վերջին միջոցառումն եղել է 178 դպրոցում, որտեղ ազատամարտիկների անուններով բացվեցին դասարաններ, իսկ այս տարի մտադրվել էինք տոնել վարդերի տնկման 10 տարին եւ ցուցանակ փակցնեինք, թե վարդերն ում կողմից են տնկվել, սակայն այս դաժան դեպքը կոտրեց մեզ եւ արդեն 8 տարի է՝ ապրում ենք վարձով:

Ամուսինս այս փառահեղ հաղթանակի համար դրել է մեր ողջ ունեցվածքը, ինչպես նաեւ իր առողջությունը, իսկ իմ որդին՝ Գալուստը, չօգտվելով իր սոցիալապես անապահովի կարգավիճակից, մարդատար տաքսի ավտոմեքենայով չտեղափոխեց արտադրանք ու մարդկանց բացատրեց, որ դա հակահիգիենիկ է, եւ այն հատուցեց կյանքով…

Թիվ 12140711 քրեական գործը գտնվում է ոստիկանության Էրեբունու քննչական վարչության քննիչ Բ. Եղիազարյանի վարույթում, ընթանում է աղավաղված, զգալի բացթողումներով, ցանկացողների համար կարող եմ անձամբ ներկայացնել: Շուրջ 6 ամիս քննվող գործն ավարտին հասցնելուց հետո ինձ հրավիրեց բաժին, ներկայացրեց գործի ողջ փաթեթը, որի համար էլ վճարեցի այնքան, որքան պահանջեցին…

Դիտավորյալ սպանության 104 հոդվածի 1-ին մասը փոխվել է 112. 2 հոդվածի 14-րդ կետով:

Ես ապրիլի 28-ին 10 աշխատանքային օրով վերցրեցի այդ գործի պատճենները, որպեսզի ծանոթանամ գործի բնույթին: Տրվածի մեջ բացակայում էին բազմաթիվ փաստաթղթեր, որոնց պատճենները ստանալու նպատակով գրեցի միջնորդություն մայիսի 5-ին, որից ելնելով էլ գործը, ըստ օրենքի, պետք է վերանայվի: Սակայն քննիչը, խախտելով օրենքը, առանց ինձ տեղյակ պահելու, նույն օրը գործն ուղարկեց դատարան, որի մասին ինձ տեղեկացրել է մայիսի 11-ին:

Այս պահին մեր ֆինանսական վիճակը չափից ավելի ծանր է, եւ խնդրում եմ այն մարդկանց, ովքեր կարող են իրավաբանորեն կամ փաստաբանական որեւէ աջակցություն ցուցաբերել, կանգնել հաղթանակած հրամանատարի կողքին, որ վերջապես ճիշտն ու արդարությունը հաղթի:

ԱՆԱՀԻՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Գալուստ Մելքոնյանի իրավահաջորդ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031