Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաքեր Ավանեսով. լեգե՞նդ, թե՞ իրականություն

Մայիս 22,2012 13:51

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, ավարտվեց հայրենի դատական պրակտիկայում նախադեպը չունեցող մի դատավարություն: Առաջին անգամ լսվում էր համակարգչային հաքերի դեմ հարուցված քրեական գործ, որին խառնված էին այլ պետություններ էլ՝ իրենց հատուկ ծառայություններով:

27-ամյա Գեորգի Ավանեսովը մեղադրվել էր ՀՀ քրօրի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 253-րդ հոդվածի 3-րդ մասով, 254-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածով եւ 256-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը 3 հոդվածների նկատմամբ կիրառեց համաներում, իսկ համակարգչային սաբոտաժի համար Ավանեսովին դատապարտեց 4 տարվա ազատազրկման:

Գ. Ավանեսովը, ըստ մեղադրանքը պաշտպանող դատախազներ Հովսեփ Սարգսյանի եւ Գրիգոր Տիգրանյանի, 2009թ. մարտից մինչեւ հունիսն ընկած ժամանակահատվածում, գտնվելով Հայաստանի տարածքում, մշակել է համացանցից օգտվողների համակարգիչները վարակելու համար նախատեսված հատուկ հարուցիչ՝ տուժողների համակարգիչների եւ համակարգչային համակարգերի հնարավորությունները օգտագործելու եւ դրանց մեջ պահվող տեղեկատվությանն առանց թույլտվության տիրանալու եւ տնօրինելու, այդ թվում՝ ցանկության դեպքում ոչնչացնելու, ուղեփակելու, վերափոխելու, պատճենահանելու նպատակով։

Այնուհետեւ վերոհիշյալ համակարգչային հատուկ հարուցիչը զոհերի համակարգիչների մեջ գաղտնի ներբեռնելու եւ հետագայում վերջիններիս պաշտպանված համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու համար ձեռք է բերել հատուկ ծրագրային միջոցներ, նախատեսված կայքի օրինական համակարգողի սահմանած սահմանափակումները շրջանցելու եւ առանց վերջինիս թույլտվության եւ իմացության՝ կայք մուտք գործելու համար, որից հետո ապօրինի եւ գաղտնի մուտք գործելով խոցելի համացանցային կայքեր՝ առանց դրանց օրինական համակարգողների թույլտվության՝ փաստացի տիրացել է այնտեղ պահվող տեղեկատվությանը եւ ցանկության դեպքում փոփոխել է այնտեղ պահվող տեղեկատվությունը, ինչն արտահայտվել է այդ կայքեր անխափան ներթափանցելու համար նախատեսված «ետնամուտք» ստեղծելու կամ այնտեղ պատրաստված հատուկ ծրագրային միջոցներ գաղտնի տեղադրելու եղանակով։

Մեղադրանքի կողմի 25 էջանոց ճառում արձանագրվել էր, որ «համացանցից օգտվող անձինք, այցելելով համապատասխան կայքեր, առանց իմանալու ներբեռնել են ստեղծված հարուցիչն իրենց համակարգչի մեջ»։

Նշվում էր 194 կայքերի մասին, ուր ներթափանցել էր Ավանեսովը:

Գեորգի Ավանեսովը ներթափանցել էր նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների ինստիտուտի կայքը, փոփոխել է կայքում պահվող տեղեկատվությունը՝ տեղադրելով օրիորդի լուսանկարով ֆայլը:

Գեորգի Ավանեսովը, օգտագործելով պաշտպանված համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու համար նախատեսված հատուկ ծրագրային միջոցները, ներթափանցել էր նաեւ «Ռուսաստանյան մշակույթի ֆոնդ» ոչ առեւտրային կազմակերպության culture.ru» կայքը: Հատուկ ծրագրային միջոցների համացանցում ներդրման արդյունքում Գեորգի Ավանեսովը ստեղծել է վարակված համակարգչային ցանց «Bredolab» անվանումով բոտնետ, դրա կառավարման համար օգտագործել է Նիդեռլանդների Թագավորությունում գործող «Lease Web» հոսթինգ պրովայդերի եւ Ֆրանսիայում գործող «OVH» պրովայդերի կողմից սպասարկվող սերվերները։

Անդրազգային հանցագործության մեջ մեղադրվողը 2009թ. հունիսից առ 2010թ. հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում 52. 989. 593 դեպքով տարածել է 16 ձեւատեսակի 341 հատ տարբեր հատուկ հարուցիչներ, սերվերներից մեկի տվյալների հենքում կուտակել է 19851 հատ FTP-սերվերների անվանումներ, մուտքանուններ եւ գաղտնաբառեր, որն «առաջացրել է ծանր հետեւանքներ»։ Դատարանում համակարգչային հսկան փորձում էր հասկանալ, թե ինչպես է դրսեւորվել այդ ծանր հետեւանքը:

Նախաքննության ժամանակ Գ. Ավանեսովը հայտնել էր, թե «այդ համակարգչային ծրագիրն ինքը 2009թ. հունիս ամսին համացանցի միջոցով փոխանցել է մի անձնավորության, որի հետ շփվել է համացանցի միջոցով եւ նրա հետագա գործողությունների մասին տեղյակ չի եղել։ Այդ անձնավորության կենսորոշիչ տվյալները՝ անուն-ազգանունը, հասցեն, հեռախոսը չի իմացել, նրան ճանաչել է միայն համացանցային կեղծանունով եւ ICQ-համարով, որոնք մոռացել է»։

Գ. Ավանեսովը աշխատել է ակուբներում որպես դիջեյ, աշխատանքում եւ տարբեր ինտերնետային սոցիալական ցանցերում օգտագործել է PDQ, «Padonaque», «Atata», «Ժորա Պերլով» եւ «Մաքս Պերլով» ստեղծագործական կեղծանունները։

Հայ տուժողների՝ Էդուարդ Պողոսյանի, «Արմինե Գրիգորյան» ԱՁ կոմերցիոն գծով տնօրեն Արտյոմ Գաբրիելյանի, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան պետական ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցիչ, ինֆորմացիոն եւ հաղորդակցության տեխնոլոգիաների բաժնի պետ Միքայել Առաքելյանի ցուցմունքներից պարզ դարձավ, որ նրանք չեն ճանաչել Գ. Ավանեսովին:

Գլխավոր տուժողը՝ «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲ ընկերության փորձագիտական-վերլուծական բաժնի ղեկավար Գրիգորի Անուֆրիեւի ցուցմունքներով 2010թ. սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է «DDoS»-հարձակում:

«2010 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17:57: 02-ին ֆիքսվել է հանգույցի մուտքերի սկանավորման փորձ 95. 211.7.144 IP-հասցեից, գրանցված «Leaseweb» պրովայդերի անվամբ: Տվյալ հանգույցից մուտքն արգելափակվել է 2010 թվականի հոկտեմբերի 1-ի ժամը 11:32-ից:

Պարզվել է, որ հարձակման երթեւեկն իրենից ներկայացրել է 200 փաթեթներից բաղկացած հաջորդականություններ: 2010 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 13: 52-ից սկսվել է «DDoS»-հարձակումը: Սկանավորման փորձը նկատելուց հետո իրենք արգելափակել են վնասաբեր հարուցիչների մուտքը: Դրա հետ մեկտեղ նկատվել է, որ իրենց 80 մեգաբիտ ծավալով ալիք տրամադրող պրովայդերի՝ «Մակոմնետ» ՓԲԸ կողմից համացանցային ծառայությունների մատուցման աստիճանային անկում»:

«Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ հանդեպ իրականացված հարձակման արդյունքում նրանց ընդունած երթեւեկը մի քանի անգամ գերազանցել է տրամադրած ալիքի հնարավորությունը, ինչը բերել է պրովայդերի ցանցային սարքավորումների ծանրաբեռնվածությանը:

Նիդեռլանդների Թագավորության ոստիկանության ազգային կորպուսի ազգային հետախուզության ծառայության բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանցագործություններով զբաղվող աշխատախմբի կողմից տեղեկացվել են, որ իրենց համակարգիչները վարակվել են վնասաբեր ծրագրով, ինչի հետեւանքով այն ընդգրկվել է հանցավոր բոտնետում, որից հետո խնդրել են պարզել իրենց տեղեկատվական համակարգ ներխուժող անձին եւ օրենքի սահմաններում նրա հանդեպ քրեական հետապնդում իրականացնել։

«Մեղադրանք մարդուն կարելի է առաջադրել միայն փաստացի կատարած արարքի համար, այլ ոչ թե ենթադրաբար, հնարավոր հանցագործությունը կանխելու նպատակով: Խիստ կարեւորվում է հանցակազմի դիսպոզիցիայի պարտադիր հատկանիշի ոչ միայն ծանր հետեւանք առաջացնելը, այլեւ այդ հետեւանքների առաջացումը ուղղակի դիտավորությամբ: Գ. Ավանեսովը չի ճանաչել որեւէ մեկին, դիտավորությամբ որեւէ մեկին վնաս տալու ցանկություն չի ունեցել»,- ասում է Գ. Ավանեսովի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը:

Գ. Ավանեսովն ունի խնամքի տակ մի հիվանդ մայր, ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած չէ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031