Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է տեսել, որ 2-3 կաթ հավաքողներ իրենց գինը թելադրեն գյուղացիներին»

Մայիս 22,2012 13:43

Զայրանում է Հարթաշենի գյուղապետ Գրիշա Գալստյանը

Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Աշոցքի տարածաշրջանի Հարթաշեն համայնքի ղեկավար Գրիշա Գալստյանը գյուղացիների անունից մամուլի ասուլիս էր հրավիրել՝ նեղսրտելով, որ մթերող կազմակերպությունները գյուղացիներին ճորտի տեղ են դրել՝ նախկին 150 դրամի փոխարեն մեկ լիտր կաթը գնելով 120-130 դրամով: Ըստ գյուղապետի՝ իրենք կաթը մատակարարում են Մուսայելյանի ու Ազատանի կաթի գործարաններին: «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով կա, թող տեր լինեն կաթի գներին, ինչո՞ւ են մթերող կազմակերպությունները քմահաճորեն իջեցնում կաթի գինը, երբ ցանկանում են՝ իջեցնում են, ու ոչ մեկը ձայն չի հանում, գյուղացին էլ անճարակ է, անպաշտպան, ստիպված կաթը տալիս է: Երկու ամիս առաջ գյուղացիներից կաթը ձեռք էին բերում 150 դրամով, հիմա ինչի՞ դարձավ 120-130 դրամ: Պատճառաբանում են, թե կաթի գինն է իջել շուկայում, պանրի գինն էլ է իջել, բայց էսօր շուկայում «Լոռի» պանիրը 2200 դրամ է, կաթն էլ՝ 350 դրամ, էդ ինչպե՞ս եղավ, որ կաթը դու ինձանից 120 դրամով տանում ու խանութում 350 դրամով ես վաճառում»:

Գյուղապետի նախազգուշացմամբ՝ եթե այսպես շարունակվի, ապա գյուղացիները կհրաժարվեն անասուններ պահելուց, կվաճառեն ու կլքեն հայրենիքը: Ըստ նրա՝ գյուղացին հսկայական աշխատանք է կատարում կաթ արտադրելու համար, սակայն այլ տարբերակ չունենալով՝ էժան գնով վաճառում է: «Ո՞վ է տեսել՝ կաթ մթերողը իր գինը թելադրի արտադրողին, աշխարհի բոլոր երկրներում արտադրողն է իր կամքը թելադրում, իսկ մեզ մոտ 2-3 հոգի կաթ հավաքողներ իրենց կամքն են թելադրում: 2 ամիս առաջ գյուղնախարարն էր եկել մեր մարզ, խորհրդակցություն անցկացրեց գյուղապետերի հետ ու անհիմն հայտարարություն արեց, թե գյուղապետերը համագործակցում են մթերողների հետ, այդ պատճառով էլ կաթի գները ընկնում են, մեղքը գյուղապետերինն է, բայց ո՞րն է իմ մեղքի բաժինը: Ինքը չհիմնավորեց, թե ինչպես է գյուղապետը համագործակցում մթերող կազմակերպության հետ. դա հնարավոր բան չէ»,- զայրացավ գյուղապետը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե հարթաշենցիների արտադրած կաթը արդյոք համապատասխանո՞ւմ է սանիտարահիգիենիկ նորմերին, այս տարածքի գյուղացիները հետեւո՞ւմ են վարչապետի խորհուրդներին եւ լավ լվանո՞ւմ են կովերի պտուկները, հետո կթում: «Ասֆալտի վրա ման եկողը թող գյուղացու համար օրենք չընդունի, գյուղացին ավելի լավ գիտի՝ կովին ինչպես նայի ու կթի, քան Երեւան քաղաքում նստած գյուղնախարարը կամ գյուղնախարարի վարչության պետերը, նրանք կովից ի՞նչ են հասկանում»,- դարձյալ բորբոքվեց գյուղապետը՝ շեշտելով, որ դա ամենեւին չի կարող ազդել գնի վրա: Մեր մյուս հարցին էլ, թե վերջին անգամ վարչապետը կամ կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյա ե՞րբ են այցելել Հարթաշեն, գյուղապետը երկար մտածեց ու նման մեկ դեպք չհիշեց: Այն հարցին էլ, թե ձեւական խոսքե՞ր են, որ ամեն անգամ ասում են՝ դեմքով շուռ ենք եկել դեպի գյուղացին, գյուղապետը այսպես արձագանքեց. «Չէ, շուռ են եկել, գյուղացուն օգնում են, վառելիք են տվել, վարկեր են տալիս, իմ բողոքը հո կառավարության դեմ չէ, այլ կաթ մթերողների դեմ է, թող մի քիչ վարչապետը տեր լինի: Եթե կաթի գինը կարգավորեն, գյուղացին 5 անասունի փոխարեն 10 կպահի ու իր երկիրը չի լքի»:

Մենք այս հարցի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

«Խնդիրը ամբողջությամբ գյուղնախարարության դաշտում է, բայց մենք վարչապետի հանձնարարականով որպես աջակցող մարմին վերլուծություններ ենք կատարել ու ուղարկել թե՛ կառավարություն ու թե՛ գյուղնախարարություն: Այստեղ որեւէ մրցակցային խնդիր, մասնավորապես հակամրցակցային պայմանավորվածություններ կամ մրցակցության սահմանափակումներ չենք հայտնաբերել: Մեկ ամիս շարունակ Շիրակի փոխմարզպետ պարոն Արշակյանի հետ միասին հանդիպել ենք մի շարք համայնքների ղեկավարների, գյուղացիների ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Մենք խոշոր տնտեսվարողներից հաշվետվություններ ենք պահանջում՝ վերահսկելու, որ անհիմն գնային փոփոխություններ չլինեն»,- ասացին հանձնաժողովից:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031