Այս օրերին բուռն քննարկումներ են գնում youtube-ում հայտնված այն աղմկահարույց տեսանյութի առիթով, որտեղ դպրոցական աղջիկները միմյանց հայհոյում էին վերջին խոսքերով ու ծեծում:
ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը երեկվա ասուլիսին նշել էր, որ բարեբախտաբար դեպքը բացառիկ է, եւ դրա համար պատասխանատու են բոլորը, ու չպետք է մեղադրել միայն դպրոցին կամ ծնողներին: Նաեւ ասել էր, թե համապատասխան մարմինները արդեն զբաղվում են կատարվածով:
Այսօր Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին խնդրեց կարծիք հայտնել դեպքի վերաբերյալ: «Նախ ուզում եմ կարծիք հայտնել իբրեւ հայ կին եւ մայր, այլ ոչ թե որպես պաշտոնյա: Ես շատ մտահոգ եմ եւ շատ զարմացած: Ինձ համար կատարվածը իրադարձություն էր, որ այդ միջադեպի հերոսները աղջիկներ են…Թերեւս սովոր ենք տղայական չարաճճիություն, ինքնահաստատման կռիվներ տեսնել, բայց հայ աղջիկների՝ երբեք»,-պատասխանեց վարչության պետը: Նա հավելեց, որ «իրադարձությունը» կատարվել է Երեւան քաղաքի թիվ 102 դպրոցում, տեսանյութը թեեւ նոր է youtube-ում, բայց նկարվել է 2010 թվականին; Ըստ Գայանե Սողոմոնյանի, կռվող աջիկներից մեկն արդեն ավարտել է դպրոցը, մյուսը դեռ սովորում է 9-րդ դասարանում: Համապատասխան հանձնարարականներ կան՝ զբաղվել դպրոցով, եղել է նաեւ այցելություն այդ կրթօջախ:
Aravot.am-ը կապվեց նաեւ թիվ 102 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանի հետ: Տիկին Հայրապետյանը սկզբում հերքեց, թե միջադեպը իրենց դպրոցին է վերաբերում, ասաց, որ տեսանյութից տեղյակ չէ, ապա պատճառաբանելով զբաղվածությունը՝ «կախեց» լսափողը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ