Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր ստացած ձայներն ավելի քիչ էին, քան անդամները»

Մայիս 22,2012 13:29

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը կարծում է, որ շատ մարդիկ տուրք տվեցին ընտրակաշառքներին

– Ի՞նչ եք կարծում, ի վերջո կոալիցիա կձեւավորվի՞, եւ Ձեր դիտարկմամբ՝ ո՞ր ուժերը կլինեն այդ կոալիցիայում:

– Կոալիցիա, կարծում եմ, կձեւավորվի, ինչ վերաբերում է ուժերին, պատասխանը կլինի այն ժամանակ, երբ որոշումները կընդունվեն: Ինչպես ասում են՝ առաջ չընկնենք եւ սպասենք վերջնական մոտեցումներին ու տարբերակներին:

– ՕԵԿ-ն ի՞նչ հավակնություններ ունի: Հաջորդ կառավարությունում ի՞նչ չափով եւ ձեւով է ցանկանում ներկայացված լինել:

– Դա հավակնությունների եւ ցանկությունների խնդիր չէ: Կառավարությունում գործունեությունը առաջին հերթին պատասխանատվություն է եւ ծանրաբեռնված աշխատանք: Գործադիրում մեր գործընկերները այսօր շարունակում են պաշտոնավարել: Հաջորդ կառավարության ձեւավորումը կլինի արդեն ըստ սահմանված կարգի:

– Ընտրությունների եւ հատկապես հետընտրական շրջանում շատ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ՕԵԿ-ին մեղադրեցին ՀՀԿ-ի կցորդը լինելու մեջ, անգամ վիրավորանքի հասնող համեմատություններ արեցին: Ի՞նչ կհակադարձեք:

– Նախ համաձայն չեմ, որ շատ քաղաքական ուժեր նման բան են ասել, բայց միաժամանակ պետք է փաստենք, որ, ցավոք, քարոզարշավի ընթացքում ՕԵԿ-ի դեմ կիրառվեց եւ հակաքարոզչություն, եւ սեւ PR: Կցանկանայի շեշտել, որ մենք սկզբունքորեն երբեք չենք կիրառել սեւ քարոզչություն, լիովին զերծ ենք եղել քաղաքական ուժերին եւ գործիչներին վարկաբեկելու կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումից: Ավելին, այդ երեւույթը դիտարկում ենք դատապարտելի եւ անընդունելի, համարում ենք, որ այն պետք է արմատախիլ արվի հայկական քաղաքական կյանքից: Երկրորդ՝ «Օրինաց երկիր»-ը մշտապես աշխատել եւ գործել է սեփական մոտեցումների հիման վրա: Ստեղծման առաջին իսկ օրվանից բոլոր համապետական ընտրություններում ՕԵԿ-ը վաստակել է ժողովրդի քվեն բացառապես սեփական պայքարի եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում: Նվազագույն ազնվություն եւ քաղաքականության վերաբերյալ նույնիսկ մակերեսային գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր անձ կփաստի այն հսկայական աշխատանքը, որ ժողովրդի համար կատարել են կուսակցությունը եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ կուսակցության գործունեության բոլոր տարիների ընթացքում: Կույր պետք է լինել կամ ձեւանալ՝ չտեսնելու համար վերջին ընտրությունների ընթացքում մեր հանրահավաքների բազմամարդությունը, ժողովրդի հետ հանդիպումների ինտենսիվությունը, ամբողջ երկրում սկզբնական կազմակերպությունների առկայությունը, անդամների քանակը եւ հսկայական կատարված աշխատանքը, որոնք, ինչպես միշտ, ապացուցում են, որ մենք վաստակել ենք մեր քվեները: Եվ ընդիմությունում, եւ իշխանության մեջ մենք մշտապես գործել ենք մեր սկզբունքների եւ արժեքների համապատասխան. դատապարտելի երեւույթները դատապարտել ենք, դրականը դրական գնահատել: Եղել ենք բարեփոխումների համար պայքարող եւ նորարարության ջատագով՝ պահելով մեր քաղաքական գիծը եւ պայքարելով մեր ծրագրերի իրականացման համար:

Նույնը եւ այս ընտրությունների ընթացքում. հնչեցրել ենք քննադատություն եւ առաջարկել ենք արմատական փոփոխություններ: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք խոսում են այդ մասին, թող իրենց նայեն, տեսնեն իրենց անցած ճանապարհը, եւ թե իրենք որտե՞ղ են ու ի՞նչ են անում: ՕԵԿ-ը հանդիսանալով ՀՀ առավել ակտիվ եւ կոնկրետ գործ կատարող քաղաքական ուժերից՝ եւ օրինաստեղծ, եւ գործադիր դաշտում մշտապես լայնածավալ աշխատանք է իրականացրել՝ ելնելով երկրի անվտանգության ու սոցիալական պաշպանության հրամայականներից: Վերջին 20 տարիների ընթացքում կուսակցությունը կայուն ներկայացված է եղել խորհրդարանում, ինչը փաստում է մեզ հավատարիմ ընտրազանգվածի կայուն եւ հստակ գոյության եւ այն մասին, որ հասարակությունը բարձր է գնահատում կուսակցության գործունեությունը եւ օրենսդիրում, եւ գործադիրում: Ավելի քան 200 օրենքներ ենք հեղինակել, բարեփոխումներ ենք իրականացրել: Սա է ՕԵԿ-ը, եւ մենք պատասխան ենք տալիս մեր ժողովրդի եւ Աստծո առաջ եւ ոչ թե ինչ-որ չարակամների:

– ՕԵԿ-ում գո՞հ են ընտրությունների արդյունքներից, եթե նկատի ունենանք ներկայացված կուսակցականների պաշտոնական թիվը եւ ՕԵԿ-ի ստացած ձայները:

– Խնդիրներ կան: Մեր ստացած ձայներն ավելի քիչ էին, քան անդամները, քանի որ շատ մարդիկ տուրք տվեցին ընտրակաշառքներին: Ելնելով այս իրականությունից՝ մենք նախաձեռնել ենք ներկուսակցական լուրջ փոփոխություններ, խստացնելու ենք անդամակցության կարգը եւ ձեւակերպելու հետագա կառուցվածքային զարգացման ռազմավարությունը: Նույնիսկ արեւմտյան ժողովրդավարական երկրներում քաղաքական ուժը կենդանի, գործող օրգանիզմ է եւ զարգացման ու բարեփոխումների կարիք է ունենում, իհարկե՝ ռացիոնալության շրջանակներում: Մենք այս խնդրով զբաղվում ենք: Արձագանքները կտեսնեք:

– Ինչպե՞ս կգնահատեք ԲՀԿ-ի դիրքորոշումը. քաղաքական դաշտում հիմա մի իրավիճակ է, որ զարգացումները, կարծես, ԲՀԿ-ի մոտեցումներով են պայմանավորված:

– Ես չէի ասի, թե զարգացումների ընթացքը պայմանավորվում է ԲՀԿ-ի մոտեցումներով: Ուղղակի իրենք պետք է ընդունեն իրենց որոշումները: Բոլորիս խնդիրն այսօր մեր երկրի պաշտպանությունն է, կայունությունը եւ հետագա զարգացումը, այն դեպքում, երբ տեսնում ենք, որ աշխարհում զարգացման բավականաչափ անբարենպաստ պայմաններ են ստեղծվում նույնիսկ տնտեսապես առավել հզոր երկրների համար:

– Իսկ այն, ինչը տեղի է ունենում այսօր ՀԱԿ-ում, Ձեզ ուրախացնո՞ւմ է, ոգեւորո՞ւմ է, թե՞ տխրեցնում՝ նկատի ունենալով 2008-ին եւ դրանից հետո ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի փոխադարձ «հաճոյախոսությունները»:

– Ոչ ուրախացնում է, ոչ տխրեցնում: Ես այդ ամենին նայում եմ բավականաչափ ռացիոնալ: Տեղի է ունենում այն, ինչը որ պետք է տեղի ունենար: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, երբ ընդունում է իր ռազմավարությունը, պետք է պատկերացնի, թե դրա հետեւանքն ինչ է լինելու: Սա իրենց մոտեցումների, նաեւ քաղաքական գործընթացների տրամաբանության արդյունքն է եւ բնականոն գործընթաց է:

Երբ 2008-ին ՕԵԿ-ն իր դիրքորոշումը պարզ եւ հստակ արտահայտեց՝ ելնելով երկրի ազգային կենսական շահերից, անվտանգության ապահովման գերակայությունից, երկրում կայունություն պահպանելու հրամայականից, նույն ՀԱԿ-ը ՕԵԿ-ի մասին ինչ ասես՝ ասաց: Այնուհետեւ իրենք երեք տարի հետո ասացին նույնը, ինչ մինչ այդ հրապարակավ բարձրաձայնել էր ՕԵԿ-ը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է այն, որ մեր կուսակցությունը մշտապես իր գործունեության մեջ եղել է շիտակ, պաշտպանել երկրի շահերը եւ պարզ ու բաց նայել ժողովրդի աչքերին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031