Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն երբեւիցե չի եղել իշխանության մեջ»

Մայիս 22,2012 13:25

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը, ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հարցադրման, պնդում է, որ նախարարական 4 պորտֆել ունեցող ԲՀԿ-ն անցած 5 տարիներին ոչ թե եղել է իշխանության մեջ, այլ ընդամենը որոշակի հարցերում աջակցություն է ցուցաբերել ՀՀԿ-ին: Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի որոշ հատվածներ:

«Առավոտ»- Պարոն Սաֆարյան, Ձեր կարծիքով՝ ինչի՞ շուրջ չեն կարողանում համաձայնության գալ «Բարգավաճ Հայաստանն» ու Հանրապետական կուսակցությունը:

Ստեփան Սաֆարյան- Դատելով հայտարարություններից՝ ԲՀԿ-ն գոհ չէ ընտրությունների արդյունքներից, որվհետեւ ակնկալում էր իր ստացած քվեներով գերազանցել ՀՀԿ-ին: Թեեւ 2007 թ. համեմատ ԲՀԿ-ն բարելավել է իր ցուցանիշները, այդուհանդերձ դա այն չէր, ինչին ձգտում էր եւ ինչին հասավ այդ կուսակցությունն այս ընտրություններում: Ըստ որում, պիտի արձանագրենք, որ դրան նա հասավ բավականին ընդդիմադիր հռետորաբանության շնորհիվ՝ քննադատության ենթարկելով վերջին 5 տարիներին վարվող քաղաքականությունն ու կառավարության գործունեությունը: Եվ հիմա, ունենալով այդ ընդդիմադիր հռետորաբանությունը, իրենք խնդիր ունեն ցանկացած քայլ կատարելիս հաշվի առնել իրենց ընտրողների շահերը: Եվ այս իրավիճակում մտնել մի այնպիսի կոալիցիայի մեջ, որում եղել են 2007թ.-ին, ըստ էության լուրջ հարված կհասցնի ԲՀԿ ընտրազանգվածին, որովհետեւ դրա մի զգալի մասը հավատացել է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է ՀՀԿ-ին: Եվ հիմա խնդիր կա, որ եթե անգամ մտնելու են կոալիցիա, իսկ ես դրանում չեմ կասկածում, ապա դա լինի այնպիսի մի բան՝ թե նախարարական պորտֆելների ավելի լինելու, թե ձեւակերպումների առումով, որը թույլ կտա «Բարգավաճ Հայաստանին» պահպանել իր դեմքը: Սրան գումարած՝ նաեւ այն, որ 2011թ. փետրվարի 17-ից հետո ԲՀԿ-ն խուսափում էր հայտարարել, որ 2013թ. նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Իսկ այս պահին ՀՀԿ-ի կողմից առաջադրվող պայմաններից մեկը, վստահ եմ, դա է:

«Առավոտ»- Պարոն Ուրիխանյան, համաձա՞յն եք այն տեսակետին, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու դեպքում դուք կսասանեք ձեզ ընտրողների հավատը:

Տիգրան Ուրիխանյան- Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԲՀԿ-ն չի կաշկանդվելու որեւէ այլ ուժի սահմանափակումներով եւ պահանջներով, այդ թվում եւ՝ մեծամասնություն կազմած քաղաքական ուժի: Կոալիցիա մտնել-չմտնել բառակապակցությունն ինձ համար այդքան էլ ընդունելի չէ, խոսքը համատեղ կառավարման մասին է: Եթե որեւէ քաղաքական ուժ, այդ թվում եւ՝ մեծամասնություն ձեռք բերած, ունի մեր կարիքը երկիրը զարգացման, առաջընթացի եւ բարգավաճման հուն հանելու համար, ուրեմն այն չպետք է որեւէ նախապայման առաջադրի: Խոսք չի գնում ոչ մեկին միանալու, խոսք չի գնում ոչ մեկի հետ ոչ մի համատեղ պլաններ, ծրագրեր իրականացնելու մասին: Խոսքը գնում է մեր մասով մեզ վստահված չափաբաժնին համապատասխան՝ իրականացնել այն ամենը, ինչ մեզանից ակնկալում են:

Ս. Սաֆարյան- 2000-ականներից սկսած՝ ես այդ կոալիցիա կոչվածը համարել եմ ուղղակի փախուստ պատասխանատվությունից: Հիշենք բոլոր կոալիցիաները, որոնց մեջ եղել է Դաշնակցությունը, հետո դուրս եկել, հետո եղել է ՕԵԿ-ը, էլի դուրս եկել, հետո նորից մտել, այսինքն՝ այն տպավորությունն է, որ դա եղել է ռուսերեն ասած՝ «տՐՏւՏՊվՏռ ՊՉՏՐ»՝ կարելի է հա դուրս գալ-մտնել, դուրս գալ-մտնել՝ առանց հիմնավորելու, թե ինչու են մտել եւ ինչու են դուրս գալիս: Հիմա շատ հարգելով ԲՀԿ մեր բազմաթիվ գործընկերներին, ում հետ աշխատել եմ, ես չեմ կարող հասկանալ. գնահատական է տրվում, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում հասարակության ներսում առկա պատկերը: Սա գրեթե ուղղակի մեղադրանք է ՀՀԿ-ին՝ ընտրությունները կեղծելու, ասել է թե՝ իշխանությունը յուրացնելու մեջ: Եվ դրանից հետո կազմել կոալիցիա, կամ ինչպես Տիգրան Ուրիխանյանը ձեւակերպեց՝ համատեղ կառավարել, ես դա չեմ հասկանում:

Տ. Ուրիխանյան- Ոչ, ոչ, ես ասացի, որ մենք ոչ մի բան չենք համատեղելու, եթե մենք չկարողանանք իրականացնել մեր սեփական, մեր առանձին քաղաքական կուրսը՝ գնալով այն լուծումներին, որոնք որ մեր առջեւ դրել են մեր ընտրողները:

«Առավոտ»- Ներկայացրեք, խնդրեմ, թե ինչպես եք դուք դա քաղաքագիտորեն պատկերացնում՝ ի՞նչ մեխանիզմով, ինչպե՞ս եք դա անելու:

Տ. Ուրիխանյան- Ի տարբերություն մյուս բոլոր կուսակցությունների, որոնք հետապնդում են սեփական քաղաքական շահը տակտիկայի մեջ, ինչը շատ ողջունելի է…

Ս. Սաֆարյան- Բոլոր քաղաքական ուժերն են իրենց քաղաքական շահը հետապնդում:

Տ. Ուրիխանյան- Մենք առաջնայնորեն հետապնդում ենք մեր ընտրողների շահերը:-

Ս. Սաֆարյան- Ձեր ընտրողներին ասել եք, որ դուք ընդդիմություն եք Հանրապետականին:

Տ. Ուրիխանյան- Մենք ցենտրիստական կուսակցություն ենք, մենք երբեւէ ընդդիմադիր եզրը մեզ թույլ չենք տվել շահարկել: Եվ ես կրկնում եմ ու անընդհատ եմ կրկնելու, որ ինչքան էլ ուրիշները փորձեն մարդկանց գիտակցության մեջ մտցնել կոալիցիա, համատեղ, միանալ արտահայտությունները, ես դրան հակառակ հնչեցնելու եմ առանձին, սեփական քաղաքական կուրս: Իսկ թե դա ինչպիսի փաստաթղթային ձեւակերպում կստանա, իմ համոզմամբ, երկրորդական է:

Ս. Սաֆարյան- Այնուամենայնիվ, ինչպիսի թղթով էլ լինի, եթե երկու քաղաքական ուժ գտնվում են նույն կառավարության կազմում, դա կոչվում է կոալիցիա, հիմա դրա անունն ինչ էլ դնենք՝ այնուամենայնիվ, դա կոչվում է կոալիցիոն դաշնային կառավարում, որտեղ կա կոլեկտիվ պատասխանատվության խնդիրը:

Տ. Ուրիխանյան- ԲՀԿ-ն ասում է, որ մյուս քաղաքական ուժերը պետք է պատասխանատվություն կրեն հավասարապես այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել (ընտրություններում Ա. Ս.), եւ ինչո՞ւ նրանք այդ պատասխանատվությունը չեն կրում:

Ս. Սաֆարյան- Բայց դուք իշխանության մեջ եք հենց այս պահին:

Տ. Ուրիխանյան- Մենք իշխանության մեջ չենք: Մենք իշխանության մեջ երբեւէ չենք եղել, մենք ցուցաբերել ենք աջակցություն որոշակի համատեղ կառավարման ծրագրերում:

Ս. Սաֆարյան- Բայց ձեր նախարարները հրաժարական չեն տվել դեռեւս, պարոն Ուրիխանյան:

Տ. Ուրիխանյան- Հիմա կա՞ կոալիցիոն կառավարում: Կա դե ֆակտո իրավիճակ՝ շատ ժամանակ դե յուրե իրավիճակին գերակայող:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Քաղաքական գործիչների «Դեմ առ դեմ» առցանց բանավեճն ամբողջությամբ`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031