Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական «անտուռաժ»

Մայիս 22,2012 13:14

Ինչպես կոալիցիա կազմել-չկազմելու, այնպես էլ ՀԱԿ-ից կուսակցությունների դուրս գալու-չգալու խնդրին մեր քաղաքականացված շրջանակները եւ, համապատասխանաբար, ԶԼՄ-ները չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում: Այս՝ վերջին գործընթացում լուրջ խնդիրը միայն «Հանրապետության» դուրս գալն էր. ազնիվ, ոչ նոմենկլատուրային երկրապահները, ազատամարտիկները մեր հասարակության մեջ որոշակի հեղինակություն են վայելում, իսկ այդ կուսակցությունն, այսպես թե այնպես, կապված է հենց այդ շրջանակների հետ: Ընդ որում, չնայած այդ «ֆիդայական» ծագումնաբանությանը, «Հանրապետության» անդամներն ավելի լայնախոհ եւ պակաս պարանոյիկ են, քան ՀԱԿ-ի որոշ անդամներ: «Հանրապետությունն» ունի նաեւ որոշակի «կազմակերպչական» ռեսուրս՝ այնքանով, որքանով «կռված տղաները» երբեմն կարող են դիմադրել ընտրակեղծարարներին:

Մնացած կուսակցությունները՝ ԼԴԿ-ն, Պահպանողականը, «Ժողովրդավարական հայրենիքը», «Հայրենիք եւ պատիվը» դուրս գան Կոնգրեսից, թե կմնան այնտեղ՝ որեւէ նշանակություն չունի: Այդ կառույցների ղեկավարներն, անշուշտ, հարգարժան մարդիկ են, բայց խնդիրն այն է, որ կառույցները, որպես այդպիսիք, այնտեղ գոյություն չունեն՝ կան համախոհների խմբեր, որոնք քաղաքական դաշտի վրա որեւէ ազդեցություն չունեն: Դրանով ես չեմ ուզում ասել, որ, ասենք, Հանրապետականի ազդեցությունը պայմանավորված է քաղաքական գործոններով. եթե Սերժ Սարգսյանը նախագահ չլինի, եւ հաջորդ նախագահը չորոշի, որ հենց ՀՀԿ-ից պետք է քաղաքական հենարան սարքել, այդ «հզոր» եւ «ազդեցիկ» կուսակցությունից գրեթե ոչինչ չի մնա՝ մեծ մասը կփախչի ճիշտ նույն արագությամբ, ինչպես 97-ին փախել է ՀՀՇ-ից եւ «Հանրապետություն» բլոկից: Եթե որոշվի, որ, օրինակ, «Միավորված հայերն» է լինելու իշխանության հենարանը, ապա ա՛յդ կուսակցությունն է դառնալու «գերհզոր», եւ ամբողջ նոմենկլատուրան կդառնա Պլուտոնի երկրպագու: Խնդիրը հենց այն է, որ «քաղաքական ուժեր», «կուսակցություններ» եւ նույնիսկ «իշխանություն», «ընդդիմություն» եզրերը Հայաստանում պետք է կիրառել խիստ վերապահությամբ:

Իմաստային, բովանդակային առումով «18 կուսակցություն» իրար գլխի հավաքելը նույնն է, ինչ որ «իշխանական կոալիցիա» ստեղծելը: Վերջինիս կազմավորման նպատակը մեկն է՝ սատարել գործող նախագահին առաջիկա նախագահական ընտրություններում: Իհարկե, մոտ օրերս ստորագրվելիք կոալիցիոն հուշագրում բազմաթիվ «քաղցր կենացներ» կգրվեն: Դրանից իմաստը չի փոխվի:

Նույնը ՀԱԿ-ը. կա Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը, եւ կա նրա «մենեջմենթը», որը կոչվում է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակ: Մնացածը «անտուռաժ» է, քաղաքական թատերաբեմի ռեկվիզիտ: Որեւէ մեկը կասկածո՞մ է, թե ինչպես են ՀԱԿ-ում որոշումներ ընդունվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031