Այսօր առավոտյան անասելի, ուժեղ կարկուտ է տեղացել Կապանի տարածաշրջանում: Մոտ 30 րոպե շարունակվող կարկուտի ժամանակ նույնիսկ աշխատանքի շտապող բնակիչներին չէր հաջողվում տնից դուրս գալ, վարորդները փորձում էին մեքենաներն անվտանգ տեղ կանգնեցնել, փողոցներով հոսող ջրերը գետերի էին նմանվել:
Պատկերը սարսափելի էր Կապանի տարածաշրջանի գյուղերում, որտեղ ամեն ինչ հողին է հավասարեցվել: Կարկուտը ամենամեծ հարվածը հասցրել է Նորաշենիկ եւ այդ ենթաշրջանի մնացած գյուղերին:
Նորաշենիկ գյուղի ղեկավար Ռոմիկ Ավանեսյանը «Առավոտին» փոխանցեց, որ գյուղում տեղացած կարկուտի հետեւանքով գետնին է հավասարվել դաշտերի խոտը, գյուղացիների տնկած բանջարաբոստանային կուլտուրաների սածիլները, կարտոֆիլի, լոբիի ցանքսերը ամբողջովին շարքից դուրս են եկել: «99 տոկոսանոց մասսայական վնասներ են հասցվել էպիկենտրոն հանդիսացող Նորաշենիկի եւ ենթաշրջանի Օխտար, Ձորաստան, Շրվենենաց, Առաջաձոր, Ներքին Խոտանան, Դովրուս գյուղերին: Գյուղ մտնելիս հնարավոր չէր լինում կարկուտի միջով անցնել, իսկ ճանապարհների աջ եւ ձախ հատվածներում էլ կարկուտի հաստ շերտեր էին նստել` ձյան նման: Գորիս էինք գնում գյուղապետերով, ահազանգից ետ վերադարձանք ու նման պատկերի ականատես եղանք: Ցանքսերի մոտ այժմ կանգած եմ, կարկուտը քշել տարել է, ոչ մի բան չի մնացել, չի էլ ջոկվում, որ դա ցանքս է: Մեծ սպասելիքներ ունեինք խնձորի, սալորի, բալի բերք ստանալու: Նույնիսկ ծիրանենիները, որ 20 տարի է բերք չէին ստանում՝ այս տարի վերցրել էր, առատ բերք կար պտղատու ծառերի վրա, բայց մնացինք առանց բերքի: Ընկուզենիների վրայի բերքն էլ թափված գետնին, շատ չնչին է մնացել ծառերին, բայց դե դրանք դժվար էլ բերք տան, կարկուտը լավ վնասել է», – տեղեկացրեց Նորաշենիկի գյուղապետը:
Կարկուտից տուժած գյուղերը ահազանգել են Սյունիքի մարզպետարանի գյուղվարչություն, Սյունիքի մարզային փրկարար ծառայություն, որտեղ դեռ շարունակվում են ահազանհեր ստանալ: Ընկույզի չափերի հասնող կարկուտից տուժած գյուղերի բնակիչները տհաճ անակնկալից իրենց տեղը չեն գտնում, զրկվել են սպասվելիք բերքից ու ամբողջ չարչարանքը կարկուտի բաժին դարձրել:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ