Այսօր «Նոյյան տապան» ակումբում լրագրողները Բրյուսովի ռեկտորի պաշտոնից հեռացված Սուրեն Զոլյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ԿԳ նախարար Արմեն Աշոտանը Ձեր դեմ դուրս եկավ՝ նա պատասխանեց. «Անձնական որեւէ թշնամանք Աշոտյանի դեմ չունեմ: Սա տեսակների եւ սկզբունքների խնդիրն է: Մենք ունենք տարբեր պատկերացումներ՝ բարձրագույն կրթության զարգացման մասին: Ես ընդունում եմ պրոֆեսիոնալիզմ եւ մտածելու ազատություն: Աշոտյանը գտնում է, որ ռեկտորն իր համար պահակ է»:
Զոլյանը տեղեկացրեց, որ վերջապես Կենտրոն համայնքի ընդհանուր իրավասության դատարանն իր հայցն ընդունել է, այնպես որ Աշոտյանն ու Զոլյանը կհանդիպեն դատարանում:
Արմեն Աշոտյանը բացատրել էր, որ Զոլյանը ժամանակին դիմել է անձամբ իրեն, որ համալսարանի հումանիտար ուղղությունն ընդլայնվի եւ կարգավիճակը փոխվի: Քանի որ նրան պատասխանել են, որ դա նպատակահարմար չէ, դրանից էլ սկսվել է իրենց խնդիրը: Զոլյանը չհերքեց, որ այդ հարցով դիմել է, բայց չհաստատեց, որ դա է իրենց խնդիրը: Ավելին՝ նա վստահեցրեց, որ պաշտոնի կռիվ չի անում ու չի վերադառնա ռեկտորի աթոռին:
Հարցին՝ ի՞նչ է կատարվում համալսարանում՝ Զոլյանը պատասխանեց, որ չկա համալսարան՝ որպես ինքնուրույն օղակ, որովհետեւ ղեկավարվում է նախարարի կողմից:
Կարդացեք նաև
Ներկայիս ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանն ուսանողներին արգելում է դասերից հետո մնալ համալսրանում, Զոլյանը Աստված է կանչում, որ այդ հրամաններն անգլերեն չթարգմանվեն ուրիշները չիմանան, ամոթ է:
Զոլյանը երկար ժամանակ չի զիջել իր առանձնասենյակը եւ Գայանե Գասպարյանը ամբիոնում է ստիպված նստել: Այս առնչությամբ Զոլյանը բացատրեց. «ՊՈԱԿ-ների մասին օրենքում մի կետ կա, որ ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտավոր է չկատարել անօրինական հրամանները: Ես գտել եմ, որ սա այդ դեպքն է: Ես չէի ենթարկվում, բայց չէի էլ դիմադրում, հանրապետությունից բացակայում էի՝ թող մտնեին: Նախարարի հրամանն այսօր համարում եմ անօրինական, համալսարանում ոստիկանական ռեժիմ է: Մաուգլի կինոն նայե՞լ եք, տեսե՞լ եք էն շակալներին, ինչպես մաուգլիում էին շակալներն ասում, կինոն կնայեք նույն իրավիճակն է այստեղ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ