Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարի մոտ երեկվանից պարեկա-պահակային ծառայություն է իրականացվում, այս մասին Tert.am-ին ասաց ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան՝ Ծոմակը, ինչը հաստատեցին նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր կային, որ մայիսի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, մի խումբ մարդիկ կոտրել են ակումբի դուռը, ներխուժել ներս, կոտրել այնտեղ եղած սեղանները, աթոռները, ջուր լցրել ակումբում:
Ծոմակը, ով այդ ժամանակ ակումբում չի եղել, ասել է, որ այս անգամ նրանց մեջ ավելի շատ տարիքով մարդիկ են եղել, քան երիտասարդներ:
Tert.am-ի հետ զրույցում Ծոմակն ասաց, թե երեկվա հարձակումը պայմանավորված է նրանով, որ ակումբի մի քանի հաճախորդներ մասնակցել են երեկ տեղի ունեցած «Բազմազանության երթին», որը հասարակական ընկալումներում ասոցացվեց «գեյ շքերթի» հետ:
«Այսինքն՝ բոլորս տարբեր ենք, բայց հավասար ենք՝ էդ գաղափարով: Բայց սա ոչ իրանք մտածում են, որ դա «գեյ» պարադ է, բայց ոչ մի «գեյ» պարադ էլ չի, դուք շատ լավ գիտեք՝ բազմազանությունը ինչ ա»,- ասաց Ծոմակը:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ եթե երեկ չլիներ ոստիկանությունը, «Բազմազանության շքերթի» մասնակիցներին զանգվածաբար ծեծելու էին: Ծոմակը այս սցենարը ձևակերպեց՝ «միանշանակ պատերազմ էր սկսվելու և ահագին մարդկանց ծեծելու էին»:
Երեկվանից Ծոմակը հասցրել է կարդալ «Բազմազանության երթի» մասնակիցների հարցազրույցները, որոնցում, իբր, ասվում է, որ «մենք պատրաստ ենք վառենք ու ոչնչացնենք»:
Վերլուծելով վերջին օրերի իրադարձությունները, Ծոմակը եկել է այն եզրակացության, թե այս երիտասարդները ֆինանսավորվում են ինչ-որ ուղղորդող ուժի կողմից: