Հատվածներ ՀՀԿ համամասնական ցուցակի 110 համարը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հարցազրույցից:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցին, որ ՀՀԿ իրական անդամներից շատերը համամասնական ցուցակում անցողիկ տեղերում չեն, բայց օրինակ կուսակցապետներ Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Խոսրով Հարությունյանը, ովքեր մշտապես վիրավորում եւ մեղադրանքներ էին հնչեցնում ՀՀԿ–ի հասցեին, ՀՀԿ քվոտայով մանդատներ կստանան։
– Ես կուսակցական մարդ եմ եւ Հանրապետական կուսակցությանը անդամակցել եմ դեռեւս 2000 թվականից։ Ինձ համար Հանրապետական կուսակցությունը ոչ թե ընդամենը քաղաքական մի միավոր է, որտեղ պետք է ընդամենը իմ գաղափարները իրագործեմ եւ գործունեության ծավալեմ, այլ սկզբունք, ապրելակերպ եւ ինչու ոչ՝ նաեւ տեսակի խնդիր։ Եթե կուսակցության ղեկավարությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի որոշել է, որ կուսակցության համամասնական ցուցակը պետք է ունենա այն տեսքը, ինչ որ այսօր կա, անկախ նրանից, թե որ հորիզոնականում եմ, կամ կլինեմ պառլամենտում, թե չեմ լինի, ես որպես կուսակցական, պատրաստ եմ իմ գործունեությունր շարունակել նաեւ ոչ որպես պատգամավոր։ Պետք է ասեմ, որ դեռեւս ամեն ինչ վերջնական չէ, սա ընդամենը ամիսների կամ մեկ կամ երկու ամսվա խնդիր է։
Կարդացեք նաև
– Պարոն Սահակյան, այդուհանդերձ Դուք չպատասխանեցիք իմ նախորդ հարցին, որը վերաբերում էր ՀՀԿ քվոտայով մանդատ ստացած կուսակցապետների՝ նախկինում ՀՀԿ–ի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։
– Ես այդ հարցին վերաբերվում եմ որպես քաղաքական գործընթացների։ Խոսքը միայն կուսակցապետների մասին չէ։ Եթե ընդհանուր քաղաքական դաշտը վերլուծենք, ապա նաեւ այլ քաղաքական միավորումների մեջ կտեսնենք այնպիսի մարդիկ, կտեսնենք այնպիսի շրջադարձային իրավիճակ, երբ որ ֆունդամենտալ առումով քննադատում էին քաղաքական կուրսը, հետո էլ կոչ էին անում ձայնր տալ այս կամ այն քաղաքական ուժին։ Քաղաքականության մեջ պարզ է, որ տեսակետներ կարող են փոխվել, իրավիճակ կարող է փոխվել, բայց եթե վիրավորանքները չեն հասել անձնական բնույթի, ապա ամեն ինչ էլ հնարավոր է։
– Եթե մոռացեւ եք, հիշեցնեմ, որ բոլոր երեքն էլ քննադատել են ՀՀԿ–ին, իսկ Արտաշես Գեղամյանը անցել էր անձնական վիրավորանքի բոլոր սահմանները, ինչի համար Սերժ Սարգսյանի կողմից արժանացել էր «դատարկ դհոլ» որակավորմանը։
– Դե ուրեմն դա էլ Սերժ Սարզսյանի մեծահոգությունն է, որ նույնիսկ այդ պարագայում կարող է այդպիսի քաղաքական գործիչների ընդգրկել ցուցակում, որոնք անկախ ամեն ինչից ունեն որոշակի ավանդ, որպեսզի կարողանան իրենց նորից դրսեւորել քաղաքական կյանքում։
– Կարելի՞ է ենթադրել, որ նժդեհյան գաղափարախոսությանը այդ մարդիկ ավելի շատ են հավատում, քան ՀՀԿ–ի իրական անդամները։
– Չեմ կարծում, որ նժդեհյան գաղափարախոսությունը մեջբերելը հիմա տեղին է, քանի որ ՀՀԿ-ի համար քաղաքականությունը միայն նժդեհյան
գաղափարախոսությունը չէ։
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»