Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում ոչինչ հեղափոխական ճանապարհով տեղի չի ունենում

Մայիս 22,2012 11:47

Ընտրություններով իշխող ուժ փոխելուն հավատացողների համար շեշտենք, որ ընտրությունները սովորաբար հասարակության մեջ առկա վիճակի դե ֆակտո արձանագրումն են` անկախ նրանիցՙ ո՞վ է հավատում կամ չի հավատում դրանց իրական կամ կեղծված լինելուն: Այսինքն` եթե հասարակությունը, անկախ սոցիալական ծանր վիճակից, դեռեւս չի գիտակցում փոփոխությունների հրամայականը, ընտրությունները չեն կարող հրաշք գործել: Իսկ փոփոխությունների հրամայականը ոչ այնքան աղքատությունն է կամ անգամ ծայրահեղ աղքատությունը, որքանով հասարակության լայն շերտերի գիտակցական մակարդակի ընդլայնումը: Ահա թե ինչու է յուրաքանչյուր իշխանություն վախենում մտածող շերտերի համար հարմարավետ միջավայրի ստեղծումից, քանի որ գիտակցությունն ու ինտելեկտը վարակիչ են, ինչպես, ի դեպ, նաեւ ցածր կրքերն ու ագրեսիան:

Սակայն մխիթարականն այն է, որ մեր իշխանությունն ու նրա մեջ եղած մարդկանց մեծ մասը արդեն վաղուց իշխանության մեջ են, եւ ոչինչ հավերժական չէ. առկա փողոցային ընդդիմության փոշիացումը հող է նախապատրաստելու նոր մարդկանց եւ նոր ուժերի առաջանալուն, այնպես, ինչպես իշխանության մեջ եղողների մեծ մասը բնականոն ճանապարհով արդեն անցնելու են պատմության գիրկը: Այսինքն կարելի է արձանագրել, որ Հայաստանում ոչինչ հեղափոխական ճանապարհով տեղի չի ունենում, այլ դանդաղ, էվոլյուցիոն, փուլ առ փուլ ճանապարհով: Եթե ավարտվեց մեկ համակարգի ընդդիմությունը, կամաց-կամաց տեղ բացելով նորերի համար, դա դեռ կարող է չգիտակցվել, ապա իշխանությունը եւս, թեկուզ ավագ տարիքի պաշտոնյաների տեղն աստիճանաբար երիտասարդներին զիջելու ճանապարհով նորանալու է, մի քանի տարի հետո առհասարակ գալու են նոր մարդիկ ու քաղաքական ուժեր, որոնց 2012-ի մտածողությունը խորթ ու անհասկանալի է թվալու: Այն, ինչ անլուծելի էր այսօր, մի չորս-հինգ տարի հետո հեշտությամբ եւ առանց պրոբլեմների է լուծվելու, քանի որ մտածողությունն է այլ լինելու, երեսուն-երեսունհինգ տարեկանների բավական կրթված եւ չբարդույթավորված մի շերտ կա, որն, ուզենք թե չուզենք, շուտով թելադրող է դառնալու եւ ձեռնարկելու այսօրվա թնջուկները քանդել: Իսկ այսօր դեռ գուցե արհեստականորեն փորձելու ենք լուծել մի քանի հարց, ու դրանց թվում այն, թե ո՞վ է վերցնելու ընդդիմադիր զանգվածի հարցերին լուծում տալու դրոշը, եւ արդյո՞ք իշխանության ներսում է առաջանալու զանգվածային ընդդիմադիր ուժ:

Հիմա այս ընտրություններում տեղի ունեցավ երկու բան` գնացքը հասավ վերջին կայարան, բայց կիսատ գցված ռելսերով շարժվում է դեպի անհայտություն: Ռելսերը պիտի շարունակենք:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031