Երևանում երեկ պետք է տեղի ունենար «Բազմազանության երթը», որը նվիրված էր Բազմամշակութայնության օրվան: Նախ` այդ միջոցառումը սահուն կերպով անվանարկվեց և նույնականացվեց «գեյ պառադի» հետ, ինչը, իհարկե, բացարձակապես այդպես չէր, ու հավանաբար չէր էլ ընկալվի երբեք այդպես, եթե այս ամենը տեղի չունենար վերջին օրերին երևանյան ակումբներից մեկի շուրջ տեղի ունեցող հայտնի զարգացումների ֆոնին, և հետո այդ միջոցառումը՝ բազմազանության երթը, արգելակվեց, այսպես կոչված, ազգային երիտասարդների հակընդդեմ երթով և բողոքի ակցիայով, որի ընթացքում նույնիսկ եղան ֆիզիկական բախումներ: Մեկ բառով ասած՝ այն, ինչ տեղի ունեցավ երեկ Երևանում, պարզապես խայտառակություն էր:
Ազգայնականության անվան տակ Հայաստանում երեկ մարտնչեց վայրենությունն ու տգիտությունը, որովհետև տեղի ունեցածը դժվար է այլ կերպ գնահատել: Խնդիրը այստեղ ամենևին այլ մշակույթի, այլ կողմնորոշման հանդեպ հանդուրժողական կամ անհանդուրժող վերաբերմունքը չէ: Որևէ մեկը չի կարող մյուսին պարտադրել հանդուրժել այս կամ այն բանը, երևույթը, անձին կամ խմբին, կամ չհանդուրժել: Բայց կան ձևեր, կա չափ, և ամեն ինչ գեղեցիկ է իր ձևի և չափի մեջ, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես ցանկացած այլ նորմալ պետության պարագայում: Եվ փաստորեն Հայաստանի, այսպես ասած, ազգայնականներից մեկը, ազգային արժեքների համար, այսպես ասած, պայքարող մեկը կարող է հայտարարել՝ «ես թքած ունեմ Սահմանադրության վրա», և դա կարող է ցուցադրվել հեռուստաընկերություններով, ցուցադրվել բոլորին: Ու այդ մարդը կարող է չենթարկվել պատասխանատվության, այլ համարվել, այսպես ասած, ազգային արժեքների, ազգային դիմագծի համար պայքարող, բարոյական, հայրենասեր անձնավորություն:
Մինչդեռ, մարդը, որ կարող է հայտարարել «ես թքած ունեմ Սահմանադրության վրա» պետք է անմիջապես հայտնվի օրենքի առջև, դատարանի առջև, որովհետև այդ Սահմանադրությունն է մեր ազգայինը, այդ Սահմանադրությունն է քաղաքակիրթ աշխարհի մեր դեմքը, մեր պետության հիմքերից մեկը, խորհրդանիշներից մեկը: Եվ ահա թե ինչու երեկ տեղի ունեցածը պարզապես խայտառակություն էր, ու մի կողմ ենք դնում նույնասեռականություն, բազմազանություն, ազգայնականություն և այլն. երեկ Երևանում փողոցում մոլեգնում էին մարդիկ, որոնք թքած ունեն Սահմանադրության, վրա, և նրանց լռելյայն հետևում էին ոստիկաններ, որոնք պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու, նրա պատվի ու արժանապատվության պաշտպանը: Իսկ Հայաստանի քաղաքացին, նրա պատիվն ու արժանապատվությունը, անկախ նրա սեռից, գույնից, սեռական, կրոնական, ազգային և այլ որևէ պատկանելությունից, հանդիսանում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ու դրանով է քաղաքացին պատվելի և պաշտպանված, դրանով են պետությունն ու ազգը մրցունակ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի
Կարդացեք նաև
«Ժամանակ»