Երեւանի կենտրոնում` Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարն այսօր` մայիսի 21-ին, հերթական անգամ հարձակման է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ակումբի սեփականատեր Արմինե Օգանեզովան (Ծոմակ):
Նա նշեց, որ ժամը 21.00-ի սահմաններում մի խումբ մարդիկ կոտրել են ակումբի դուռը, ներխուժել ներս, ջարդել այնտեղ եղած սեղանները, աթոռները, ջուր լցրել ակումբում: Ծոմակը նշեց, որ այս անգամ նրանց մեջ ավելի շատ տարիքով մարդիկ են, քան երիտասարդներ: Նրանք ակումբում մեծ պաստառ էին թողել` «Լույս Լուսավորչի հավատին, մահ` ուրացողին» գրությամբ, ինչպես նաեւ բազմաթիվ սպառնալիքներ` «Ծոմակի ստեղծողի եսիմ ինչը, Ծոմակ, չենք թողնելու շնչես, մենք դեռ գալու ենք քո հետեւից» բովանդակությամբ:
Ծոմակն այդ պահին ակումբում չի եղել, քանի որ այդտեղի ամբողջ գույքը ջարդված է եւ իրենք չեն կարող աշխատել: Ակումբի վերանորոգման համար նրանք ներկեր էին գրել, որոնք ակումբի վրա հարձակվողները թափել են գետնին:
«Խմբեր են, որ մի հոգի է ղեկավարում, դրանք միանում են իրար եւ դառնում 200-300 հոգի»,- ասաց Ծոմակը: Դեպքի մասին նրանք հայտնել են ոստիկանությանը, սակայն երբ նրանք ժամանեցին, հարձակման ենթարկողները արդեն փախել էին:
Կարդացեք նաև
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ի ուշ երեկոյան DIY բարը կրկին հարձակման է ենթարկվել. այս անգամ մոտ 7-8 երիտասարդներ ժամը 18.00-ի սահմաններում ժամանել են ակումբի մոտ, թքել են, այրել են դրված «Ոչ ֆաշիզմին» պաստառը, սվաստիկաներ են նկարել եւ այլն: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել էր ակումբի սեփականատեր Ծոմակը: Նրա խոսքով` եղել են մոտ 10 երիտասարդներ եւ այս անգամ ակումբի հանդեպ ոտնձգություն անողները ուրիշ մարդիկ են:
Մինչ այդ հաղորդել էինք, որ մայիսի 15-ի կեսօրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ծոմակը հայտարարել էր, որ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Ծոմակը հայտարարել է, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:
Դրանից հետո Արծվիկ Մինասյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ ինքն է վճարել ակումբը պայթեցնողներին ազատ արձակելու գրավը: Նա իր խոսքում, ասել էր հետեւյալը. «Ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության եւ ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձեւով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի»:
Ի դեպ, այսօր Երեւանում կայացած բազմազանության շքերթի հանդեպ իրենց բողոքի ձայնը բարձրացնող երիտասարդները հայտարարել էին, որ ժամը 21.00-ին հավաքվելու են DIY ակումբի մոտ: Նրանք չէին ցանկացել հայտնել հավաքի նպատակը, սակայն խոստացել էին, ակումբը չեն պայթեցնի: