Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Աշոտ Աղաբաբյանը ՀԱԿ-ից լիներ, Ռուբեն Հայրապետյանը նրան չէ՞ր մեղադրի (Տեսանյութ)

Մայիս 21,2012 20:21

Ինչպես տեղեկացրել ենք` Այսօր Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման  հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության,  պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նիստում քննարկվում էր մարզադաշտի անբաժանելի մաս հանդիսացող հարակից  տարածքում առեւտրի կենտրոնի կառուցման եւ մարզադաշտը «ՀՀ պատմության եւ  մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում վերականգնելու» հարցը: Նիստի ժամանակ որոշվեց առաջարկել կառավարությանը` չեղյալ հայտարարել Աթենքի փողոցում` «Հրազդան» մարզադաշտի մոտ առեւտրի կենտրոն կառուցելու խնդրի մասին որոշումը: Միաձայն որոշվեց առաջարկել նաեւ մարզադաշտին կից ամբողջ տարածքը հայտարարել հանգստի գոտի եւ այն դարձնել զբոսայգի:

Քննարկումից հետո լրագրողները ՀՖՖ նախագահ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին խնդրեցին գնահատել ԱԺ ընտրությունների արդյունքները: Ի պատասխան` պարոն Հայրապետյանը հորդորեց թեմայից հարցեր տալ: Քննարկման ընթացքում պարոն Հայրապետյանը պաշտպանեց մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին` նշելով, որ նա լուրջ ներդրումներ է կատարել ու չի կարելի նրան մեղադրել: Ուստի Aravot.am-ի հարցին` Դուք որպես գործընկե՞ր եք պաշտպանում, թե՞ զուտ որպես սեփականատեր մտնում եք նրա դրության մեջ, պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Աշոտ Աղաբաբյանն իմ կուսակցական ընկերն է, նույն կուսակցության անդամներ ենք: Երբ որ ես «Հրազդան» մարզադաշտի պահպանության մասին բարձրաձայնել եմ, աղմուկ եմ բարձրացրել, առաջինը ես եմ եղել, որ արել եմ: Նորից Աշոտ Աղաբաբյանը իմ… այստեղ որեւէ հարաբերություն չկա: Ուղղակի խոսակցություն գնաց նրա մասին, որ պիտի նրան պատժեն, պիտի հետ վերցնեն, թե ինչի են տվել: Մենք չպիտի մոռանանք, որ Աշոտ Աղաբաբյանը 10 տարի, այո, բիզնես է արել, բայց նաեւ պահպանել է մարզադաշտը: Ճիշտ է, ժամանակակից նորմերին չի համապատասխանում, կա այդտեղ պրոբլեմ, բայց այդ մարդն աշխատանք է տարել, եւ պահպանել է տարիներ շարունակ: Ի՞նչ է նշանակում հետ վերցնել: Ճանաչում ենք մշակութային արժեք` ճանաչենք, ում սեփականությունը կլինի` թող լինի, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում»: Մեր հարցին` եթե սեփականատերը ՀԱԿ-ից լիներ` Դուք նորից նույն դիրքորոշումը կունենայի՞ք, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում… ախր ձեր լույսով գնացած ճանապարհը ես մթով եմ անցել: Լսեք, ի՞նչ կապ ունի, Աշոտ Աղաբաբյանը իմ կուսակցական գործընկերն է, բայց ես եմ չէ՞ վեր կացել, առաջինը դրա դեմ պայքարել»:

Լրագրողների դիտարկմանը, որ հանդիպել եք Աշոտ Աղաբաբյանի հետ եւ խնդրի շուրջ զրուցել եք, ինչո՞ւ նա չի համաձայնվում` պարոն Հայրապետյանը վստահեցրեց, որ նա համաձայնվել է, հակառակ դեպքում ինքը միլիոններ չէր ծախսի. «Կառույցը որտեղ ուզում է` թող կառուցեն, ուզում են` Նորագավիթի այգիներում կառուցեն, պետք է չխանգարեն մարդկանց անվտանգությանը: Ես էլ եմ շատ բան ուզում, ուզում եմ Հայաստանի հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն, հո իմ ուզելով չի՞: Կարող է Աշոտ Աղաբաբյանը վաճառում է դա, մի ուրիշ սեփականատեր գալիս  ու ուզում է ավելի վատ բան անի, հիմա պետք է մտնի այն մշակութային արժեքների մեջ, եւ այդ թեման ընդհանրապես փակվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031