Այսօր բազմազանության միջազգային օրվա առիթով մի խումբ հասարակական կազմակերպություններ բազմազանության շքերթ էին կազմակերպել, որը սկսվեց ու ավարտվեց բախումներով: Մի խումբ երիտասարդներ՝ «Սրանք գոմիկներ են» պաստառներով ու «Գոմիկներին՝ Բաքու» արտահայտություններով դիմադրում էին շքերթի կազմակերպիչներին:
Վեջիններս շքերթի ընթացքում քարոզում էին՝ «ոչ խտրականությանը, այո՝ բազմակարծությանը»՝ երիտասարդներին համարելով ֆաշիստական կազմակերպության անդամներ: «Այս երիտասարդները շատ պահպանողական են, ազգայնամոլ եւ ֆաշիստական սկզբունքներ ունեն: Չեն թելադրում հանդուրժողությունը հասարակության մեջ, իրենց ձեւով են ուզում ընկալել, ես դեմ չեմ, նրանք ազատ են, բայց պետք չէ բռնարար կերպով, հաստատությունների վրա ռումբ գցելով, մարդկանց վրա հարձակվելով, ինչպես արեցին, ոստիկանները մեզ հազիվ փրկեցին»,- իր կարծիքը հայտնեց ակցիայի մասնակից, «Թուֆենկյան հիմնադրամի» ներկայացուցիչ Մարո Մաթոսյանը՝ նշելով, որ ակցիայի միջոցով փորձում են պաշտպանել նաեւ Հայաստանում սեռական փոքրամասնությունների շահերը:
Ակցիային միացած երիտասարդները, որոնք շատ անգամ նաեւ խուսափում էին նշել իրենց անունները, քննադատում էին շքերթի կազմակերպիչներին, նրանց հայհոյում ու ժամանակ առ ժամանակ հարձակվում կազմակերպիչների վրա: Ծեծկռտուքն ավարտվում էր ոստիկանների միջամտությունից հետո:
Երթը, որը սկսվել էր Կասկադին հարող տարածքից, ավարտվեց Նկարիչների միության շենքի մոտ: Այստեղ երկու թեւի բաժանված մասնակիցները կրկին հարձակվեցին միմյանց վրա, հայհոյանքներով ու գոռոցներով: Ոստիկանները կրկին միջամտեցին՝ նրանց միջեւ կանգնելով: Նկարիչների միությունում շքերթի կազմակերպիչները նաեւ ցուցահանդես էին նախատեսել: Նրանք շենքից հեռացան հետնամուտքով: «Գոմիկների դեմ» պայքարող երիտասարդների հետ էր նաեւ բլոգեր Տիգրան Քոչարյանը.«Մենք արդեն գնում ենք տուն, որովհետեւ մեր բողոքն արտահայտեցինք ու վերջ: Մեր բողոքը ոչ թե մշակութային բազմազանության, այլ այն գաղափարների դեմ է, որ ազգի վզին փաթաթում են»:
Կարդացեք նաև
Նրանք հեռացան «հաղթեցինք» բացականչություններով: Ակցիայի վերջում ոստիկանությունը բերման ենթարկեց նաեւ ակտիվիստներից մեկին, ով, ըստ լրագրողներից մեկի ահազանգի, իրեն հայհոյել է: Ակտիվիստները, սակայն, վստահեցրին, որ լրագրողը «պրովոկացիա» է անում, որովհետեւ նրա կողքին կանգնած են եղել ու նման բան չի եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ