Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ՝ Համահայկական բանկից

Մայիս 21,2012 18:11

 «Համահայկական բանկ. Գաղափարից դեպի իրականություն»

 Մայիսի 18, 2012թ.

Համահայկական բանկի գաղափարի շուրջ տարիների ընթացքում արտահայտված մտքերն ու մեկնաբանություններն առաջացրել են բազմազան ակնկալիքներ, որոնք, հատկապես նախընտրական շրջանում, կրկին դարձան մեկնաբանությունների առարկա, ինչն էլ առիթ հանդիսացավ գրելու այս բաց նամակը, որի միջոցով պարզաբանվում են Համահայկական բանկի ստեղծման պատմությունը, էությունը և գործունեության սկզբունքները:

Համահայկական ֆինանսական նոր ինստիտուտի ստեղծման մասին սկսել են խոսել դեռևս 90-ական թվականներից: Այս գաղափարի շուրջ կարծիքներ են հայտնել նաև որոշ պետական պաշտոնյաներ, որոնց պատկերացումներն ի սկզբանե տարբերվել են մեկը մյուսից: Ոմանք այն  պատկերացրել են որպես «ներդրումային հայկական բանկ» կամ «գլոբալ մանրածախ բանկ», մյուսները` որպես «Սփյուռքից Հայաստան ուղարկվող դրամական միջոցները կապիտալի վերածելու փորձ» և նույնիսկ՝ «Սփյուռքում գործող ձեռնարկություններին վարկավորող կառույց» կամ «պետական ֆինանսավորման պատվերներ իրականացնող բանկ» և այլն:

Արտահայտված կարծիքներն ու մեկնաբանությունները, որքան էլ որ տարբեր, ունեին մի կարևոր ընդհանրություն՝ դրանց ուղղությամբ չէր կատարվել փորձագիտական որևէ ուսումնասիրություն՝ հատկապես միջազգային հաջողված փորձերի շուրջ, ինչը թույլ կտար հաշվի առնել հաջողության հասնելու հիմքերն ու սկզբունքները:

Համահայկական բանկի ստեղծման թեման նոր ուժ ստացավ` սկսած 2008 թվականից, ինչը պայմանավորված էր մի կարևոր հանգամանքով, որն առավել սրվեց ճգնաժամի  պայմաններում: Հայաստանի մասնավոր ձեռնարկությունների երկարատև ներդրումները ֆինանսավորվում էին կարճաժամկետ վարկերով և ապա՝ վերաֆինասավորվում նույն տեսակի կարճաժամկետ միջոցներով: Դա բերեց մի շարք ձեռնարկությունների կործանմանը, քանի որ կարճ միջոցներով վարկերի վերաֆինանսավորման հնարավորությունները ճգնաժամային պայմաններում կտրուկ նվազեցին: Ընդհանրապես, կարճատև ռեսուրսներով երկարատև ներդրումների ֆինանսավորումը կենսունակ չէ նույնիսկ ոչ ճգնաժամային պայմաններում:

Տեղական մասնավոր ձեռնարկություններում երկարաժամկետ վարկերով կապիտալ ներդրումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված զարգացման բանկի ստեղծման գաղափարն անցավ բազմածավալ քննարկումների տևական շրջան: Այն ուսումնասիրվեց ու քննարկվեց տարբեր ատյաններում՝ ՀՀ կառավարությունում, ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ Կենտրոնական բանկում, Ազգային մրցունակության և Գործարարության աջակցման խորհուրդներում, ինչպես նաև օտարերկրյա գործարարների շրջանում:

Հայաստանում առևտրային բանկերի գործունեության փորձն այդ ժամանակ արդեն առկա էր, մինչդեռ զարգացման բանկերի ուղղությամբ՝ բացակայում էր: Ուստի, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2009թ. հրավիրվեցին միջազգային փորձառու ու ճանաչված խորհրդատուներ, որոնց օգնությամբ ձևավորվեց Համահայկական բանկի նախնական հայեցակարգը: Միջազգային փորձի տեղայնացմամբ մշակվեց հայեցակարգի վերջնական տարբերակը, որի արդյունքում առաջացավ 2008թ. դեկտեմբերին ընդունված` «Համահայկական բանկի մասին» օրենքի վերանայման անհրաժեշտություն: Օրենքն իր վերջնական տեսքով ընդունվեց 2011թ. հունիսի 23-ին, որով հստակեցվեց Համահայկական բանկի գործունեության մանդատը, երաշխավորվեց Համահայկական բանկի անկախությունը պետությունից, ինչպես նաև ապահովվեց Համահայկական բանկի ինքնուրույնությունը՝ լոկ շուկայական կանոններով մասնավոր ձեռնարկություններին ֆինանսավորելու հարցում:

Ինչպես վկայում է միջազգային փորձը, զարգացման բանկերի գործունեության հաջողությունն ապահովելու, կառուցակարգային և վարկային ռիսկերը հնարավորինս նվազեցնելու և արտաքին միջոցներ ներգրավելու արժանահավատություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է պահպանել մի շարք հույժ կարևոր սկզբունքներ: Նախևառաջ, ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորումը պետք է լինի անկախ և ֆինանսավորման որոշումները կայացվեն ինքնուրույն՝ Բանկի քաղաքականությանն ու սկզբունքներին համապատասխան: Բացի այդ, զարգացման ֆինանսավորումը պետք է առաջնորդվի զուտ շուկայական կանոններով, ձեռնարկությունների ընտրությունն իրականացվի խոր վերլուծությունների հիման վրա և ուղղված լինի  մասնավոր ոլորտի զարգացմանը: Այս սկզբունքների կենսունակության մասին են վկայում, մասնավորապես՝ Սինգապուրի, Հնդկաստանի, Կորեայի և Իսրայելի հաջողված փորձերը:

Կարևոր է նաև, որ զարգացման բանկը չվերածվի պետական պատվերներ իրականացնող կառույցի և չֆինանսավորի պետական պաշտոնյաների հետ որևէ առնչություն ունեցող ձեռնարկությունների: Հակառակ դեպքում տեղի կունենան շուկայական կանոնների կոպիտ խախտումներ՝ հիմք ստեղծելով ինչպես կոռուպցիայի, այնպեսև ռեսուրսներ փոշիացնող քաղաքական շահարկումների համար, ինչպես դա եղավ, օրինակ՝ Ֆիլիպիններում, Թունիսում և Լատինամերիկյան երկրներում:

Համահայկական բանկն այսօր արդեն իրողութուն է՝ իր հստակ առաքելությամբ և նպատակներով: Որպես ձեռնարկությունների զարգացման ֆինանսական կառույց, այն առաջնորդվում է, նախևառաջ, ձեռնարկությունների զարգացմանն ուղղված մատչելի ֆինանսավորմամբ, այլ ոչ թե առավելագույն շահույթ ստանալու սկզբունքով՝ միաժամանակ հավասարակշռելով զարգացման իր դերը Բանկի կենսունակության ապահովման հետ:

Համահայկական բանկի գործունեությունն ուղղված է՝ նպաստելու մասնավոր ոլորտում գործող արտադրող և արտահանող միջին ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանն ու արդիականացմանը՝ խրախուսելով նրանց անցումը առավել արդյունավետ կառավարման մշակույթի: Միջին ձեռնարկությունների վրա կենտրոնացումն ունի առանձնակի նշանակություն Հայաստանի պայմաններում, քանի որ մեր երկրում գործող միջին բիզնեսի համար երկարատև ռեսուրսները գրեթե հասանելի չեն: Ինչ վերաբերում է փոքր ձեռնարկություններին, ապա դրանց ֆինանսավորումն արդեն իսկ հաջողությամբ իրականացվում է ներմուծված ֆրանսիական և գերմանական մեխանիզմների տեղայնացման միջոցով:

Այսպիսով, Համահայկական բանկի հաճախորդներ կարող են լինել ՀՀ-ում գրանցված և գործող մասնավոր այն միջին ձեռնարկությունները, որոնք ունեն մրցունակ լինելու միտում ունեցող արտադրանք կամ ծառայություն, ֆինանսական և վարկային դրական պատմություն, ինչպես նաև պատշաճ մշակված՝ տեխնիկապես, տնտեսապես և ֆինանսապես կենսունակ գործարար ծրագիր, հմուտ կառավարման անձնակազմ: Համահայկական բանկի չափանիշներին դեռևս լիովին չբավարարող ձեռնարկությունները նույնպես կարող են դառնալ հաճախորդ, եթե դրսևորեն անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հստակ պատրաստակամություն:

Համահայկական բանկի գործունեության առաջին տարին՝ 2011 թվականը, նվիրվեց հիմնադրման բազմաթիվ և տարաբնույթ աշխատանքներին, այդ թվում՝ աշխատանքային տարածքի ապահովման, վերանորոգման, տեխնիկական հագեցվածության, կադրերի հավաքագրման և վերապատրաստման, քաղաքականությունների ու կանոնակարգերի մշակման, ինչպես նաև իրավական դաշտի ապահովմանն ուղղված գործողություններին: Կատարվեցին մի շարք ձեռնարկությունների ճանաչողական ուսումնասիրություններ, վարկավորման համար հնարավոր ծրագրերի վերլուծություններ՝ վարկավորման գործընթացին նախապատրաստվելու համար:

Համահայկական բանկի գործունեության առաջիկա տարիներն ուղղված են լինելու բարձրորակ և կենսունակ վարկային պորտֆելի ձևավորմանը, որի համար հիմնականում օգտագործվելու է Բանկի նախնական «սերմացու» կապիտալը: Որակյալ վարկային պորտֆելի ձևավորմամբ կհաջողվի ապահովել վստահության և վարկարժանության բարձր մակարդակ, ինչն այնուհետև թույլ կտա ներգրավել նոր ֆինանսական միջոցներ՝ նախևառաջ միջազգային ֆինանսական կազմակերպություններից, սկզբում վարկի, ապա՝ կապիտալի համալրման միջոցով: Իսկ հետագայում, Բանկի բարձր վարկանիշը հաստատելուց հետո, արժեթղթերի թողարկման միջոցով հնարավոր կլինի գործող ֆինանսական շուկաներում հաջողությամբ իրականացնել լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների հավաքագրում: Արժեթղթերի տեղաբաշխումը թույլ կտա անհատներին, ովքեր չեն կարող Հայաստանում ուղղակիորեն ներդրումներ կատարել, օրինակ՝ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, այս կերպ մասնակցել երկրի տնտեսության զարգացմանը:

Արդեն մեկնարկել է բուն վարկավորման գործընթացը, որն ընթանում է՝ ըստ Համահայկական բանկում կիրառվող չափանիշների, ընթացակարգերի և բարոյական սկզբունքների: Նախ, Համահայկական բանկի մոտեցումներից է՝ խրախուսել ձեռնարկություններին անցում կատարելու կորպորատիվ կառավարման մշակույթի՝ ձեռնարկությունների հետ համատեղ մշակելով անցումային գործընթացի համաձայնեցված մեխանիզմ և ժամանակացույց: Բացի այդ, Համահայկական բանկը չի ֆինանսավորում այն ձեռնարկություններին, որոնք պատկանում են Համահայկական բանկի հետ կապված և փոխկապակցված անձանց, ինչպես նաև՝ այն ձեռնարկություններին, որոնք պատկանում են պետական պաշտոնյաներին և նրանց հետ փոխկապակցված անձանց, կամ որտեղ նրանք տնօրինում և (կամ) հանդիսանում են վերահսկող կողմ:

Պարզ է, որ նշված չափանիշներով վարկավորման գործընթացները ոչ միայն չափազանց աշխատատար ու ժամանակատար են, այլ նաև սահմանափակում են Բանկի չափանիշները բավարարող վարկառուների շրջանակը: Այս ամենը կարող է դժգոհությունների, անհիմն մեկնաբանությունների և շահարկումների առիթ հանդիսանալ հատկապես այն ձեռնարկությունների համար, ովքեր լիովին չեն բավարարել Բանկի չափանիշներին:

Այնուամենայնիվ, Համահայկական բանկն, այսօր արդեն լինելով համալրված փորձառու և հմուտ մասնագետներով, վստահ կատարում է իր առաջին քայլերը: Մենք ձգտում ենք ստեղծել ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ֆինանսական գործունեության պատշաճ որակ և գերազանցության օրինակ հանդիսացող կոմպետենտ, արդար ու ազնիվ ֆինանսավորման նոր մշակույթ՝ միջազգային հաջողված փորձերի օրինակներով: Այս ամենն իրականացվում է Բանկի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ, ով, լինելով միջազգային մակարդակի հմուտ ֆինանսիստ, ունի հարուստ փորձ՝ աշխարհի տարբեր երկրների ֆինանսական նմանատիպ կառույցների զարգացման գործում՝ իր ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձով Նյու Յորքի Չեյզ Մանհաթան Բանկում և Համաշխարհային Բանկում:

Հուսով ենք, որ սույն նամակի միջոցով կարողացանք հաղորդել բավարար տեղեկատվություն՝ Համահայական բանկի էության և հայեցակարգային մոտեցումների մասին: Մենք պատրաստ ենք տրամադրել Համահայկական բանկի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն՝ ճշգրիտ լուսաբանում ապահովելու համար, ինչը թույլ կտա կանխարգելել անիրատեսական ակնկալիքներով, իրազեկման ցածր մակարդակով, ինչպես նաև քաղաքական շահարկումներով պայմանավորված մեկնաբանությունները: Սակայն, չարամիտ պատվերներով հրապարակումներին Համահայկական բանկը չի արձագանքի՝ գերադասելով ջանքերն ուղղել Բանկի նպատակների իրագործմանը:

Համահայկական բանկի գործունեության պայմանների և ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ www.panarmenianbank.am կայքի միջոցով: Իսկ Բանկի գործունեությամբ հետաքրքրվող այն անձանց համար, ովքեր կցանկանան ստանալ հավելյալ պարզաբանումներ՝ դրանք մեծ սիրով ու պատրաստակամությամբ կտրամադրեն Համահայկական բանկի մասնագետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031