Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դինո գոլդը» ստորգետնյա հանքի հետախուզման ծրագիրը կշարունակի մոտ 3 տարի

Մայիս 21,2012 17:22

Իլյա Գարկով

Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը դեռեւս անցած տարվա սեպտեմբեր ամսից է սկսել ստորգետնյա հանքի հետախուզությունը ,որտեղ ընդգրկվել են նոր աշխատողներ: Հետախուզական աշխատանքների համար օգտագործվող մեկ հորատման սարքին այս տարվա փետրվարին ավելացվեց եւս 1-ը: Ընկերությունը նախատեսում է հունիս ամսին նաեւ երրորդ հորատման սարքավորումը տեղադրել:

Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Իլյա Գարկովի` ստորգետնյա հանքի հետախուզման ծրագիրը կշարունակվի մոտ 3 տարի: «Հետախուզական աշխատանքները կիրականացվեն 140 կմ տարածքում: Մեր ծրագրերից մեկն է՝ մակերեսային հետախուզության ծրագիրը ավարտին հասցնել: Մենք երկարացրեցինք ժամկետը մակերեսային հետախուզության իրականացման հետ կապված` տարվա առաջին եռամսյակի փոխարեն երկարացվեց մինչեւ տարվա վերջ: Ունենք հետախուզության լիցենզիոն պայմանագիր, որը երկարացվել է 3 տարով, սա ոչ թե բաց հանքի հետախուզական աշխատանքներին է վերաբերում, այլ` ընդհանուր հետախուզական աշխատանքներին: Շահումյանի բաց հանքի հետախուզական աշխատանքները դեռ կատարվում են եւ դրանք կշարունակվեն մինչեւ տարվա վերջ, եթե մենք ավելի պաշարներ չհայտնաբերենք, կշարունակենք այդ ծրագիրը», – նշում է պարոն Գարկովը:

Ընկերության ղեկավարը հավաստիացրեց, որ բաց հանքի հնարավոր շահագործման հարցում միանշանակ հաշվի կառնվի համայնքի բնակչության կարծիքը՝ հավելելով, որ այդ հարցում բազմիցս են տարբեր շահարկումներ եղել, բայց ընկերությունը չի անի այնպիսի մի բան, ինչը վտանգի տակ կդնի տարածաշրջանի ժողովրդի կյանքը եւ առողջությունը:

Ըստ զրուցակցիս` մարդկանց անվստահությունը, հավատը ընկերության հանդեպ գալիս է դեռեւս տարիներ ի վեր եկած հաղորդակցության բացակայությունից: Ընկերությունը մտադիր է Կապանում բացել ինֆորմացիոն կենտրոն, որի դռները բաց կլինեն քաղաքացիների համար, կլինեն նաեւ բաց դռների օր եւ կոմբինատի բաժինների ղեկավարները հերթով զբաղեցնելով այդ պաշտոնը, կտան հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պարզաբանումները:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն այս տարի նախատեսել է արդյունահանվող հանքաքարի ծավալները հասցնել մինչեւ 600 հազար տոննայի` նախորդ տարվա 525 հազար տոննայի փոխարեն: Ներկայումս արդյունահանվող պղնձի հանքաքարում առկա կապարը, տեղադրված նոր սարքավորման միջոցով, կկորզվի եւ այն եւս կարտահանվի:

Անցած տարվա համեմատ կոմբինատում 137-ով ավելացել է աշխատողների թիվը: Եվս 18 մասնագետ-կադրերի պահանջ կա:

«Այս տարի ձեռնարկության ուշադրության կենտրոնում կլինեն 3 հիմնական ուղղություններ: Առաջինը մեր անվտանգությունն է` ձեռնարկության ողջ տարածքում: Այս պահին էլ ընթացքի մեջ են անվտանգության համար կազմակերպվող դասընթացները, որոնք պարտադիր են բոլոր աշխատողների համար: Մեր հիմնական խնդիրներից է տարեվերջին լինել հանրապետության ամենաանվտանգ աշխատող ընկերություններից մեկը: Երկրորդ նպատակը` կապարի կորզման աշխատանքների կազմակերպումն է: Արդյունահանվող պղնձի հանքաքարում կապարի քանակությունը շատ բարձր է, տեղադրված նոր սարքավորման միջոցով կկորզվի կապարը , այն այստեղ չի պահեստավորվի եւ կվաճառվի, փաստորեն կտանք երկու արտադրանք: Իսկ երրորդը` մակերեսային հետախուզության ծրագիրն ավարտին հասցնելն է» – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իլյա Գարկովը:

Նախորդ տարվա համեմատ այս տարի կավելանան նաեւ բնապահպանական ծրագրերի համար նախատեսված գումարները: Այս տարի կշարունակվի Արծվանիկի պոչամբարի ռեկուլտիվացիան` կոնսերվացումը, որի աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ: Հիմնական ծավալով աշխատանքները սկսվել են անցած տարվա կեսերից, մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը նախատեսվում է ավարտին հասցնել տեխնիկական վերականգնման աշխատանքները: Արդեն իսկ ծածկվել է թափոնները, մյուս քայլը հողածածկույթով ծածկելն ու բուսականության աճեցումն է: Դրվելու են նաեւ հատուկ խողովակներ, որոնցով ջուրը կարտահոսի: Մյուս ծրագիրը, որ արդեն իրականացվում է, ջրվում է ձեռնարկության տարածքը` փոշին կանխելու համար: «Հին անվադողերի խնդիրն այդպես էլ չի լուծվում, որը պահեստավորում ենք մեր ձեռնարկության տարածքում: Մի քանի տարի հետո խնդիրն ավելի լուրջ բնույթ է կրելու», – հավելում է պարոն Գարկովը:

Իսկ լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերվում էին վերջերս Կապանի քաղաքապետարանում կայացած հասարակական լսումների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների կողմից բացասական դիրքորոշման արտահայտմանը, դրանք անօրինական համարելուն, աշխատողների դժգոհություններին, աշխատավարձերի ոչ բարձր լինելուն եւ վերջերս Կապանում այդքան մեծ քննարկման թեմա դարձած` «Դինո գոլդում» լուրջ խնդիրների առկայությանն ու ընկերության գործերի վատացմանը, ընկերության պատասխանատուն պատասխանել է, որ իրենք լսումներ անցկացրել են օրենքի շրջանակներում, իսկ կոմբինատում աշխատավարձերի վճարման պարգեւավճարների սկզբունքն է կիրառվում, որից կարող է օգտվել ցանկացած աշխատող: «Մենք որոշակի փոքր խնդիրներ ունենք, բայց դրանք մանր խնդիրներ են եւ դա չի նշանակում, որ վատ իրավիճակ է ընկերությունում, մենք չենք պակասեցնում աշխատողների քանակը: Հիմնական խնդիրը այն է, որ մենք մարդկանց չենք բացատրում ստեղծված իրավիճակը», -հավելել է Իլյա Գարկովը:

Մերի ՍՈՂՈՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031