Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում լայն թափով շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Արդեն ասֆալտապատվել է շուրջ 700000 քմ տարածք:
Այս և համաքաղաքային ընթացիկ ծրագրերին առչնվող հարցեր են քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Երևանի քաղաքապետի հանձնարարարությամբ կապալառուներն արդեն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2011թ-ին անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունները: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը և վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումը:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Արդեն շահագործման է հանձնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը Ավան վարչական շրջանին կապող Ծարավ Աղբյուր փողոցը:
Մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկնարկել են հիմնանորոգման` մասնավորապես տանիքների և սանհանգույցների վերանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաև գրադարանների և առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման ծրագրերը:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի ծաղկապատման մասով զեկուցվել է, որ նախորդ տարվա համեմատ եռապատկվել է վարչական շրջաններին, հանրակրթական դպրոցներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին տրամադրվող ծաղիկների քանակը:
Ծրագրի համաձայն ծաղկապատվում և կանաչապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները:
Հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի չգործող շատրվանները և ներկայացնել դրանց վերականգնման ֆինանսական գնահատականն ու ներդրումային առաջարկ` վերագործարկման նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման, խնամքի ավելացման և բարեկարգման հետևողական պահանջ է դրել, ընդգծելով հատկապես տնտեսվարողների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:
Հանձնարարվել է պայմանագրային պարտավորությունները չկատարող տնտեսվարողների հետ խզել վարձակալական պայմանագրերը:
Մշակույթի և տուրիզմի վարչությանը հանձնարարվել է մայրաքաղաքի այգիներում և պուրակներում հանգստայն օրերին մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպման մասով ներկայացնել առաջարկություններ:
Պատասխանատու բոլոր կառույցներին մեկ անգամ ևս հանձնարարվել է մայիսի 25-ին կազմակերպվող վերջին զանգի միջոցառումների հետ կապված սահմանված կարգով ապահովել շրջանավարտների անվտանգությունը:
Մայրաքաղաքում դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելելու մասով զեկուցվել է, որ համապատասխան գույքագրում է կատարվել և մինչ համապատասխան կանոնակարգի ընդունումը, վաճառակետերում արգելվում է դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքը: Խախտումների դեպքում կազմվում են համապատասխան արձանագրություններ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Կենդանաբանական այգում և Հաղթանակ զբոսայգում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Միջոցառումներ կլինեն նաև բոլոր վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն