Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. «Այլատյացության քաջալերումն ուղղակի հարված է երկրի անվտանգությանը»

Մայիս 21,2012 16:55

Վերջերս, DIY ակումբի հրկիզումից հետո, լայն քննարկում է ծավալվել մամուլով եւ հեռուստատեսությամբ, ընդ որում, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւս տվել են իրենց գնահատականները: Ինչպե՞ս կգնահատեիք տեղի ունեցած հրկիզումը եւ ընդդիմադիր ՀՅԴի ու իշխող ՀՀԿի մի շարք ներկայացուցիչների` դրան հետեւած քաջալերանքները`ուղղված այդ արարքը կատարած անձանց:

– DIY ակումբի հրդեհումը հակաօրինական արարք էր` ահաբեկչություն կամ խուլիգանություն (թող դատարանը դա որոշի) եւ պետք է պատժվի ՀՀ օրենքներին համապատասխան:

Ես չեմ անդրադառնա ՀՅԴ-ից եկած արձագանքներին, քանի որ դրանք հակասական են եւ իրարամերժ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա ինձ համար տարօրինակ չէ, որ այդ կուսակցությունում բավականին բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաներ բացահայտ կամ քողարկված քաջալերանք են արտահայտում այդ արարքն իրականացնողներին` համեմելով դա այլատյաց արտահայտություններով՝ ՀՀ քաղաքացիների մի հատվածի հանդեպ: Մի կողմից մեծ է ցանկությունը շեղել հասարակության ուշադրությունը խայտառակ ընտրություններից եւ բազմաթիվ այլ խնդիրներից, որի համար իշխող կոալիցիան ուղղակի պատասխանատվություն է կրում, մյուս կողմից էլ` ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ չի հարգում իր իսկ ընդունած օրենքները: Իրենց ասածներում նաեւ հակասություն կա 2008-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ներկայացված «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին ՄԱԿ-ի հռչակագրի» հետ, որի տակ ստորագրել է նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից նշանակված ներկայացուցիչը (այդ հռչակագրում ասվում է. «Մենք դատապարտում ենք մարդու իրավունքների ոտնահարումը՝ հիմնված սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության վրա, որտեղ էլ այն տեղի ունենաՄենք կոչ ենք անում պետություններին ապահովել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով կատարված մարդու իրավունքների ոտնահարումների հետաքննությունը, իսկ մեղավորներին՝ պատասխանատվության կանչել և հանձնել դատարանին», – «Առավոտ»):

Քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը արգելված է նաեւ ՀՀ օրենքներով եւ իրենց իսկ առաջարկած եւ այսօր գործող Սահմանադրությամբ: Մյուս կողմից, կարծում եմ, որ եթե իրենց նպատակը ոչ թե պոպուլիզմին տուրք տալը լիներ, այլ իրենք անկեղծորեն համարեին, որ այդ օրենքները «պղծում են հայերիս ազգային նկարագիրը», կամ «մեզանից քաղաքացիներ են խլում, հայ մարդուն են այլասերում», ապա կամ ժամանակին դեմ կլինեին նման օրենքների ընդունմանը, կամ էլ վաղուց համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով հանդես կգային իրենց դակիչը հանդիսացող Ազգային ժողովում: Ձեռքի հետ էլ համահունչ նախաձեռնություններով հանդես կգային ԵԺԿ-ի կանոնադրության մեջ եւ հիմնադիր այլ փաստաթղթերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որի դիտորդ անդամ դարձավ այս տարվա փետրվարին ՀՀԿ-ն:

Ձեր կարծիքով ինչի՞ կարող է բերել ծավալված քննարկումը:

Կարծում եմ իշխանությունները պետք է վերջ տան անառողջ հետաքրքրասիրությանը այլոց սեռական կյանքի կամ հավատքի հանդեպ եւ զբաղվեն իրենց ուղիղ պարտականություններով: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով հարգում է երկրի Սահմանադրությունը, կատարում է օրենքներով իր վրա դրված պարտականությունները, կարող է նաեւ լիարժեքորեն օգտվել նույն այդ օրենքներով իրեն տրված իրավունքներից, այդ թվում` անձնական կյանքի գաղտնիությունից եւ անձեռնմխելիությունից: Իսկ նրանք, ովքեր քաջալերում են հակաօրինական արարքները եւ ցանկացած տիպի այլատյացություն` ուղղակիորեն հարված են հասցնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական ազատություններին, քաղաքացիական համերաշխությանն ու ազգային միասնությանը, այլեւ՝ մեր երկրի միջազգային հեղինակությանն ու անվտանգությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031