Aravot.am-ը ռեժիսոր Արմեն Մազմանյանից փորձեց կարծիք հարցնել երգչուհի Նունե Եսայանի՝ Ստամբուլում կայացած համերգի վերաբերյալ, ինչի ընթացքում երգչուհին նաեւ հարցազրույց էր տվել թուրքական Hurriyet daily-ին: Նունե Եսայանն ասել էր. «Չնայած սահմանները փակ են, բայց մեր սրտերը բաց են, որովհետեւ արվեստը սահմաններ չի ճանաչում»: Երգչուհու այս հայտարարությունը հայկական մամուլում շահարկումների առիթ դարձավ:
Հարցրինք՝ ի՞նչ կարծիքի է Արմեն Մազմանյանն այս մասին, եւ ըստ իրեն՝ ճի՞շտ էր երգչուհու՝ Ստամբուլում համերգ տալը հիմա, հատկապես այն դեպքում, երբ բոյկոտել ենք Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթը: «Ես նյութին չեմ տիրապետում: Չգիտեմ՝ Նունեն ուր է գնացել, երբ է գնացել, եւ ինչ է ասել: Կարծիք հայտնել չեմ կարող: Ես ժամանակ չունեմ, աշխատանքով եմ զբաղված ու օբյեկտիվ չեմ լինի, եթե որեւէ բան ասեմ այդ մասին: Ես չեմ էլ իմացել, որ գնացել համերգ է տվել, իսկ հետո էլ ժամանակ չեմ ունենա, որ դրանով հետաքրքրվեմ, դա իմ հետաքրքրություններից դուրս է: Ես ավելի կարեւոր գործեր ունեմ, քան Նունե Եսայանի՝ Թուրքիայում համերգը կամ չհամերգը: Ավելի գլոբալ եւ ֆունդամենտալ խնդիրներ ունի ազգը»,-պատասխանեց Մազմանյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ