Նոր Նորք վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Մելիք Գասպարյանը հրաժարական է տվել, ինչպես ինքն այսօր ասաց Aravot.am-ի հետ զրույցում` պատճառն անձնական գործերն էին: Թե ի՞նչ անձնական խնդիրներ են, որոնք դրդել են պարոն Գասպարյանին հրաժարվել պաշտոնից հարցին, նա չմանրամասնեց. «Իմ անձնական գործերի հետ է կապված, ես խնդրել եմ քաղաքապետին, ու դիմում եմ գրել, որ աշխատանքից ազատեն»:
Նրա փոխարեն նշանակվել է Արմեն Ուլիխանյանը, որը Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության նախկին պետն էր:
Եթե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի եւ նոր ղեկավարի ընդունման հարցը մեկ օրում լուծվեց, ապա Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքների ղեկավարների առումով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի կողմնորոշվել, թե ում նշանակի:
Նշենք, որ Դավիթաշենի ղեկավարն էր Արթուր Գեւորգյանը, որը ԱԺ ընտրություններում մեծամասնականով անցավ խորհրդարան: Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Արթուր Գեւորգյանի նախկին պարտականությունները, ներկայումս ժամանակավոր կատարում է նրա տեղակալ Արմեն Խաչատրյանը: Իսկ Աջափնյակի նախկին ղեկավարի` Ռուբեն Հովսեփյանի լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է նրա տեղակալ Արմեն Բաղդասարյանը: Ռուբեն Հովսեփյանն էլ է մեծամասնական ընտրակարգով ընտրվել ԱԺ պատգամավոր:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ