Տիգրան Արզումանյանի՝ «Դվին» հյուրանոցի բակում գտնվող «Լեռնային պար» կամ «Լեռնապար» խմբաքանդակը վտանգված է: Քանդակագործը արդեն քանի տարի SOS է հնչեցնում. բոլոր քաղաքապետերը խոստացել են օգնել, բայց առայժմ «սայլը տեղից չի շարժվում»: Դեռեւս 2006-ին «Առավոտն» էլ է անդրադարձել խնդրին, որը գնալով ավելի է բարդանում:
Այսօր «Հայելի» ակումբում Երեւան քաղաքի ավագանու անդամ Լեւոն Իգիրթյանը հայտարարեց. «Ոչ միայն կոմպոզիցիան փրկելու հարցն է ծառացել, այլեւ միջավայրի գեղագիտական մակարդակը մի փոքր դեպի ճիշտը վերադարձնելու անհրաժեշտությունը»: Նա ասում է, որ մի սերունդ կա, որը ոչ միայն այս քանդակը, այլեւ մյուսները չի ճանաչում:
Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ «Լեռնապարի» հեղինակի հետ զրույցում խոստովանել է, թե չի հիշում այդ աշխատանքը:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանը Ճիշտ լուծում է համարում արդեն 20 տարի շինարարության հետեւանքով արգելափակված «Լեռնապարի» տեղափոխումը:
Կարդացեք նաև
Իր խոսքով՝ «Երեւանի ոչ բարով պատվավոր քաղաքացի» Ազատ Գասպարյանն էլ է նեղված, ու Լեւոն Իգիթյանին խնդրում է միջնորդել հարցը քաղաքապետարանում լսելի դարձնելու համար: Դերասանը հիշում է, որ 85 թվականին Հայաստան ժամանած սփյուռքահայ զբոսաշրջիկները ի՜նչ ոգեւորությամբ էին պար բռնել խմբաքանդակի շուրջը: Հեղինակն էլ փաստում է՝ Արցախամարտի մեկնող ջոկատները քանդակի մոտ էին երդվում:
«Դվին» հյուրանոցի սեփականատերերը Ռուսաստանից են, 84-ին կանգնեցված քանդակն էլ հյուրանոցինը չէ, քաղաքի՛նն է, ու քաղաքն է պատվիրել ու քաղաքն է որոշում կայացնողը»,-ասում է Տիգրան Արզումանյանը ու հիշեցնում, որ այն միակ ազատ արված կոմպոզիցիան է, որը «էն գլխից» լավ չի ընդունվել պետական իշխանությունների կողմից, որովհետեւ մի տեսակ դիսիդենտական քանդակ է ընկալվել:
Լեւոն Իգիթյանը հույս ունի, որ Արզումանյանի ու Երեւանի այցեքարտը հանդիսացող այս քանդակը դեռ կտեղափոխվի ավելի նպաստավոր վայր, դիցուք, մանկական երկաթուղու թունելների մոտ՝ «Մալիբու» սրճարանի հետնամաս:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ