Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան. «ԱԶԴԱԿ»-ի բացառիկ համարները հայագիտական լուրջ հատորներ են (Տեսանյութ)

Մայիս 21,2012 15:15

Այս տարի լրանում է «ԱԶԴԱԿ» թերթի 85-ամյակը, ինչի առիթով «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին՝ ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, «ԱԶԴԱԿ»-ի երևանյան թղթակից Թաթուլ Հակոբյանը եւ թերթի մշակութային բաժնի պատասխանատու Մովսես Հերկելյանը: Ինչպես տեղեկացրեց Կ. Մանոյանը, «ԱԶԴԱԿ»-ը լույս է տեսել 1927թ-ից՝ Հայկ Պապյանի գլխավորությամբ, իսկ 1965-ից՝ տպագրվել որպես Դաշնակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ: 1970-ականներին, երբ Լիբանանում ընթանում էին քաղաքական կռիվներ, «ԱԶԴԱԿ»-ը լույս էր տեսնում Բեյրութի արեւմուտքում: 1994թ-ից թերթի տպարանը ձեռք է բերում նոր սարքավորումներ, իսկ 2002թ-ից սկսում է գործել «ԱԶԴԱԿ»-ի կայք-էջը:

«Թերթը կարեւոր է հատկապեա այն առումով, որ ունի մանկական հավելված եւ արաբերեն տարբերակ՝ ուղղված նաեւ արաբ ընթերցողներին: Բացի այդ, նախորդ տարվա դեկտեմբերին բարերար Սամվելյանի կողմից հիմնվել է գունավոր տպարան, ինչի շնորհիվ թերթի կազմը գունավոր է»,-նշեց Կ. Մանոյանը եւ հավելեց, որ «ԱԶԴԱԿ»-ը ներկայացնում է ոչ միայն լիբանանահայության, այլեւ տեղի կյանքի անցուդարձը:

Մ. Հերկելյանը նշեց, որ մշակութային բաժին «ԱԶԴԱԿ»-ն ունեցել է ի սկզբանե՝ ներկայացնելով մշակութային դեմքերի գործունեությունը, կիրառական արվեստը եւ դրա խնդիրները, ինչպես նաեւ՝ հայրենի կերպարվեստի ներկայացուցիչների գործունեությունը. «Բացի այդ, վերջին տասը տարում գործում է «ԱԶԴԱԿ»-ի «Փյունիկ» սրահը՝ ստեղծված «Փյունիկ» հիմնադրամի ջանքերով: Այդտեղ ընթերցվում են զեկույցներ՝ մշակութային, քաղաքական եւ պատմական թեմաներով, կազմակերպվում են ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, Հայաստանից հրավիրվում են վերլուծաբաններ»,-ասաց Հերկելյանը: Նա հավելեց, որ «Փյունիկ»-ի շնորհիվ սերտացել է կապը Լիբանանի եւ Հայաստանի մտավորականների միջեւ:

Թաթուլ Հակոբյանը նկատեց, որ 3000 օրինակ տպաքանակը փաստում է այն մասին, որ «ԱԶԴԱԿ»-ը սիրված է լիբանանահայերի շրջանում: Տարին երկու անգամ լույս է տեսնում թերթի երկու բացառիկ համար՝ գլխավորապես նվիրված Նոր Տարվան եւ Ցեղասպանությանը. «Դրանք համարվում են լուրջ հայագիտական հատորներ, որտեղ նյութեր են տպագրում ոչ միայն Լիբանանի, այլեւ՝ Հայաստանի եւ ԼՂՀ-ի հեղինակները: «ԱԶԴԱԿ»-ը կուսակցական է, սակայն միաժամանակ կարեւոր տեղ է հատկացնում նաեւ մյուս քաղաքական ուժերին եւ եկեղեցուն»: Հակոբյանը նաեւ նշեց, որ այս տարի լրանում է Բոսթոնում լույս տեսնող «The Armenian Mirror-Spectator» թերթի 80-ամյակը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031