Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայերը ճարպակալում են. զգուշացնում են մասնագետները

Մայիս 21,2012 15:07

Գիրություն, անորեքսիա, ճարպակալում. այս խնդիրների բժշկական եւ հոգեֆիզիոլոգիական վերլուծությունը փորձեցին տալ էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանն ու «Բորմենտալ» կենտրոնի հոգեբան Արմինե Փաշայանը:

Բաղրամյանի ձեւակերպմամբ՝ գիրությունը չի հանդիսանում հետեւանք հորմոնալ խախտման. «Մարդկանց ընդամենը 1-5 տոկոսի դեպքում է լինում, երբ ճարպակալման հիմքում ընկած է լինում հորմոնալ տեղաշարժ, մնացած 95 տոկոսի պարագայում ճարպակալումը կրում է սննդային ալիմենտար բնույթ: Դա առաջանում է սխալ սննդային ռեժիմից, սխալ մթերքներ ընդունելուց, քիչ շարժվելուց: Բայց դա չի նշանակում, որ հետագայում անձը չի ունենա հորմոնալ խնդիր, որովհետեւ բավականին երկար ժամանակ հավելյալ քաշ ունեցող անձի մոտ վաղ թե ուշ ի հայտ են գալիս հորմոնալ տեղաշարժեր»:

Փաշայանն էլ նշեց, որ ավելորդ քաշը բացասաբար է անդրադառնում թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության վրա: «Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ճարպակալումը պաշտոնապես համարվել է հոգեսոմատիկ հիվանդություն, ինչը նշանակում է, որ այստեղ մեծ է հոգեբանական գործոնը: Ավելորդ քաշը չի կարող ունենալ հիմնովին բուժում, առանց հոգեթերապեւտի մասնակցության»,-հավելեց հոգեբանը:

Ճարպակալումից, ավելորդ քաշից խուսափելու համար մասնագետները զգուշացնում են, որ պետք է սնվել նորմալ, յուրաքանչյուր 4,5 ժամը մեկ անգամ: Չպետք է քաղցը հագեցնել սուրճով, կոնֆետներով: Ամեն 4,5 ժամը մեկ մարդը գտնվում է քաղցած վիճակում, հետեւաբար՝ պետք է ուտել այնքան, որ հագենալ:

Հայաստանում տարածված է ճարպակալման խնդիրը, ու միտում է զգացվում դրա ավելացման, բայց կան նաեւ անորեքսիայով տառապողներ:

Մասնագետները զգուշացնում են՝ մարդու համար իդեալական համարվում է այն քաշը, որով վերջինն իրեն հարմարավետ է զգում:

Պարզվում է՝ ճարպակալման, ավելորդ քաշի խնդիր ունեցողների մեծամասնությունը երեւանցիներն են, քանի որ ճարպակալումը համարվում է ցիվիլիզացիայի արդյունք. հավաստիացնում են մասնագետները՝ բացատրելով, որ ամեն օր ավելանում է սննդատեսակների տեսականին, պակասում ֆիզիկական ակտիվությունը, ի հաշիվ տրանսպորտից օգտվելու, տնային տնտեսության մեջ գործածվող սարքերի, որոնք հեշտացնում են առօրյա գործերը մեր առողջության հաշվին:

Ճարպակալման հետեւանքով առաջանում են սրտանոթային համակարգի խանգարումներ, ինչը վտանգավոր է եւ մահացու, ինչպես նաեւ՝ հենաշարժական ապարատի, ոտքի, ողնաշարի հիվանդություններ եւ այլն:

Ճարպակալումն անդրադառնում է նաեւ հոգեկան առողջության վրա, առաջացնում է տագնապ, չհասկացվածություն, միջանձնային շփման մեջ խնդիրենր, այս երեւույթը վատ է անդրադառնում սեռական կյանքի վրա, մեկ բառով ասած՝ իջեցնում է կյանքի որակը, թույլ չտալով մարդուն ապրել լիարժեք:

Չկա ճարպակալման գեն, պարզապես սերնդեսերունդ փոխանցվում են սննդային սովորությունները. նշում են մասնագետները, հավելելով՝ ինչը գալիս է ընտանիքից:

Ինչ վերաբերում է անորեքսիա կոչվածին, ապա, ըստ մասնագետների՝ դա լուրջ հիվանդություն է, որը մարդը ձեռք է բերում սեփական ձեռքերով: Այն 100 տոկոսով հոգեբանական խնդիր է, բնորոշ՝ հատկապես հասունության տարիքում գտնվող աղջիկներին, որոնք հնարավոր է՝ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ էլ չունենան, բայց սկսում են նվազեցնել իրենց քաշը, ինչ-որ խոսակցությունների հետեւանքով, թե այսինչ հագուստն իրենց վրա լավ չի նստում եւ այլն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031