Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթության վարչության պետ. ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի որդու դիպլոմը «սարքովի» չէ

Մայիս 21,2012 14:55

Մայիսի  25-ին շուրջ 400000 աշակերտ կավարտի դպրոցը, որից 40000-ը 12-րդ դասարանցի է: Ընդ որում՝ Երեւանը կունենա 10000 շրջանավարտ: Վերջին զանգը կհնչի 1400 պետական եւ 50 մասնավոր դպրոցներում:

ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր  «Հայելի» ակումբում, ի թիվս այլ հարցերի, խոսեց «վերջին զանգից», դպրոցներում այդ առիթով սկսված դրամահավաքից ու ԿԳՆ «թեժ գծին» ստացված ահազանգերից: Նրա ասելով, « թեժ գիծը» նախորդ տարիների պես էլ չի «պայթում». ստացված ահազանգերը 3-4-ն են ու հիմնականում վերաբերում են ավարտական խնջույքների համար հավաքվող գումարներին:

Տիկին Հովհաննիսյանն անդրադարձավ շաբաթ օրն ամփոփված դպրոցական առարկայական օլիմպիադաներին:

Aravot.am-ը դժգոհություններ էր ստացել օլիմպիադաների մասնակից երեխաների ծնողներից, թե ԿԳ նախարարույթան աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի որդու հաղթանակը սարքովի է: Այս «մասով» տիկին Հովհաննիսյանը Aravot.am-ին պարզաբանեց, որ ԿԳՆ աշխատակից հոր գործոնը երեխայի հաջողության մեջ դեր չի ունեցել եւ Դավիթ Ղազարյանը ոչ միայն այս տարի է քիմիայից եւ կենսաբանությունից առաջին կարգի դիպլոմներ ստացել, այլեւ անցյալ տարի հրաշալի արդյունքներ ցուցաբերել:

Անդրադարձ եղավ նաեւ Youtube-ում օրերս հայտնված այն աղմկահարույց տեսագրությանը, որտեղ բարձրդասարանցի աղջիկները տղամարդու նման հայհոյում են միմյանց ու ծեծում:

Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ, բարեբախտաբար, դա բացառիկ երեւույթ է, աշխատանքներ են տարվում  այդ դպրոցը հայտնաբերելու ուղղությամբ: «Սրա համար միայն դպրոցի տնօրինությանը, դասղեկին կամ ԿԳ նախարարությանը մեղադրել չարժի, բոլորս ենք պատասխանատու, նաեւ ծնողներն ու այն երեխաները, որոնք ծեծկռտուքի ժամանակ իրենց դասընկերների կողքին էին ու նկարում էին, այս ուղղությամբ մեծ անելիքներ կան»,-ասաց նա:

Հանրակրթության վարչության պետը հավելեց, որ ավագ դպրոցներում ԿԳ նախարարությունը իրականացնում է «Տեսուչը՝ դպրոցում» ծրագիրը: Մեր դիտարկմանը՝ մի՞թե արժի ոստիկան մտցնել դպրոց, որտեղ անչափահաս երեխաներ են սովորում  ու թերեւս մանկավարժները անելիք ունեն ագրեսիայի դրսեւորումները դպրոցում կանխելու համար, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց, թե 11 դպրոցում են եղել, եւ երեխաները այդ ամենին կարծես վատ չեն նայել. «Լավ է, երբ երեխաները ոստիկանին ճանաչում են  որպես հոգեբան, մասնագետ եւ ընկեր»: Նրա ասելով, դպրոցականները նույնիսկ «Ոստիկանը՝ դպրոցում» թեմայով հուզիչ շարադրություններ են գրել  ու հայտնել իրենց դրական տպավորությունները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031