Այսօր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը պատրաստվում է գրավոր դիմել Կոնգրեսին եւ մանդատների վերաբերյալ առաջարկությամբ հանդես գալ: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մակեյանը բացատրեց, որ դա դեռ «մասնակի էպիզոդ» է. «Մենք մեծ հաշվով հարցերը բարձրացրել ենք` հետագա անելիքների, գործընթացների պրոցեսը հասկանալու, թե ինչ հանգրվան մենք կհասնենք: Դա ընդհանուր կոմպլեքս հարցեր են, եւ մի էպիզոդ էլ մանդատների հարցն է, որ նշված հարցը Կոնգրեսում չի քննարկվել, եւ որոշում չի ընդունվել»:
Մենք պարոն Մակեյանից մեկնաբանություն խնդրեցինք, թե ինչպե՞ս էր, որ 2007-ին «Իմպիչմենթ» դաշինքը, որի կազմում էր նաեւ իր կուսակցությունը՝ Պահպանողական կուսակցության հետ «Ժառանգությանը» քննադատում էր մանդատները վերցնելու մեջ, իսկ հիմա ՀԱԿ-ը, որի կազմում են Պահպանողական և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները՝ վերցնում է մանդատները: Պարոն Մակեյանն ասաց, որ ՀԱԿ-ը դեռ չի քննարկել ու որոշում չի կայացրել` մանդատները վերցնելու: Մենք ճշտեցինք` այսինքն կարծում եք, որ հնարավոր է՝ դեռ մանդատները վա՞յր դնեն` պարոն Մակեյանն ասաց, որ կվերցնեն, բայց պիտի հստակեցնեն, թե դրանից հետո ինչ քայլեր են անելու: Ինչ վերաբերում է ժամանակին «Ժառանգությանն» ուղղված քննադատությանը` պարոն Մակեյանը հայտնեց իր անձնական կարծիքը` որ մանդատները վերցնելը ճիշտ է, բայց` որ ակտիվ պայքար լինի փողոցում, անընդհատ հանրահավաքներ լինեն եւ օգտագործվի նաեւ Ազգային ժողովի ամբիոնը:
Մեր հարցին` եթե ՀԱԿ-ը մերժի Ձեր առաջարկը` քննարկելու մանդատները վերցնելու կամ վայր դնելու հարցը` դա Ձեր հետագա անելիքների վրա ինչպե՞ս կանդրադառնա` պարոն Մակեյանը պատասխանեց. «Մենք հարցադրումը դրել ենք, որ ընդհանրապես մանդատ վերցնել-չվերցնելու հարցը Կոնգրեսում չի քննարկվել, որոշում չի ընդունվել, այսինքն` այդ հարցին պետք է անդրադառնանք»: Ճի՞շտ ենք հասկանում, որ հետեւաբար Ձեզ համար ընդունելի չէ առանձին մարդկանց` մանդատները վերցնելու ինքնակամ որոշումը` պարոն Մակեյանը պատասխանեց. «Մեզ համար ընդունելի չէ այն գործընթացի հեռանկարը, որ, ասենք, փողոցային հրապարակային պայքարը տեղափոխում է միայն Ազգային ժողովի ամբիոն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև