ԲՀԿ համամասնական ցուցակում հանգրվանած Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը շաբաթ օրը «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել էր, որ ԲՀԿ կազմով ապագա կոալիցիայում հարցը գործնականում կանխորոշված է, և այս պահին խոսքը մի քանի ավել նախարարական պորտֆելների մասին է: Հմայակ Հովհաննիսյանը ասել էր նաեւ, որ այս պարագայում իր ինքնաբացարկի դիմումը հնարավոր է՝ ներկայացնի մինչև մայիսի 24 -ը:
Վերջին շրջանում անընդհատ խոսվում էր, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա կազմելու պարագայում, հավանական է, որ ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Հովհաննիսյանը, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք վերջինիս ռեֆերենտն էր:
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին որեւէ բան դեռ պարզ չէ: Որեւէ որոշում դեռ չունեմ: Մի քանի օրերի ընթացքում ամեն ինչ կհստակեցվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ