Հայաստանում գործող անձնագրերին զուգահեռ՝ հունիսի 1-ից կիրառության մեջ կմտնեն նոր անձնագրերը 2 փաստաթղթերի ձեւով՝ նույնականացման քարտեր (ID) ու բիոմետրիկ անձնագրեր: Այսօր «Հենարան» ակումբում Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ նոր անձնագրերը քաղաքացիները կարող են ձեռք բերել ըստ ցանկության: Բիոմետրիկ անձնագերը 25.000 դրամ, իսկ նույնականացման քարտերը 3000 դրամ արժեն: Չի փոխվել գործող անձնագրերի ձեռք բերման կամ փոխելու համար սահմանված պետական տուրքի չափը՝ 1000 դրամ:
Պարոն Քոչարյանը բացատրեց նույնականացման քարտի ու բիոմետրիկ եւ գործող անձնագրի տարբերությունները. Նրա խոսքերով, նոր անձնագրերը գործողից արտաքինով գրեթե չեն տարբերվում՝ միայն վերջին էջում ունեն էլեկտրոնային չիպ, որտեղ անհատի ողջ անձնական տվյալներն են: Բացի այդ՝ նոր անձնագրերում չեն լինի նաեւ օտարերկրյա վիզաների կնիքները. «Ի տարբերություն բիոմետրիկ անձնագրերի, նույնականացման քարտերում բացակայելու են աջ ու ձախ մատնահետքերը: Այնտեղ կլինի լուսանկար, անձնագրային տվյալներ ու ստորագրություն, դրանք կլինեն քարտի մակերեւույթին ու էլեկտրոնային կրիչում»:
Պարոն Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ նույնականացման քարտերը փոխարինելու են սոցիալական քարտերին, որոնք կիրառությունից դուրս են գալու:
Բիոմետրիկ անձնագրերը հասանելի կլինեն բոլոր տարիքի անձանց, իսկ պահանջվող մատնահետքերը կվերցվեն սկսած 6 տարեկանից:
Կարդացեք նաև
Պարոն Քոչարյանը վստահեցրեց, որ նոր անձնագրային համակարգը Հայաստանի քաղաքացիների համար կհեշտացնի ԵՄ մուտք գործելիս մուլտիվիզա ստանալու եւ այդ երկրներում ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, ինչպես նաեւ կկանխի անձը հաստատող փաստաթղթերի կեղծումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ