Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրն նախագահ, կարողացաք քաղաքական դաշտը համարյա մաքրել աղբից»

Մայիս 21,2012 11:59

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 Մեծարգո նախագահ, ես ՀՀ սովորական քաղաքացի եմ, սիրում եմ իմ հայրենիքը, նույնիսկ` պաշտում: Ոչ Դուք, ոչ ես, ոչ էլ որևէ մեկը դիմումով չի դարձել Հանրապետության քաղաքացի, այդ իրավունքներն ու պարտականությունները մենք ստանում ենք մեր ծնունդը արձանագրելու պահից ի վեր:

Եվ, իբրև իմ երկրի քաղաքացի, շփվում եմ մեր հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ, նրանք ակադեմիկոսներ են, մանկավարժներ, ճարտարագետներ, դատավորներ, դատախազներ, բանվորներ, հողագործներ, պետական պաշտոնյաներ և այլն, ովքեր ինձ ճանաչում և գնահատում են որպես ազնիվ և պարկեշտ մարդու:

Կարծում եմ, նման կարծիքի եք նաև Դուք` մեկանգամյա, բայց արժանահիշատակ հանդիպումից հետո: Ահա այդպիսի վերաբերմունքի և վստահության պատճառով է, որ ես ցանկացած խնդրի վերաբերյալ անկեղծ ու անկաշկանդ զրույցներ եմ ունեցել և ունենում ամենատարբեր հարցերի շուրջ, և հստակ կարծիք եմ կազմել մեր երկրի լավ կամ վատ, ցավոտ կամ ուրախալի, ուժեղ կամ թույլ կողմերի մասին:

Պարոն Նախագահ, ուզում եմ նաև իմ խորհին շնորհակալությունը հայտնել Ձեզ, Ձեր նախաձեռնած այն բացառիկ ծառայության համար, որ կարողացաք մատուցել մեր հայրենիքին. պատմության համար այսքան կարճ մի ժամանակահատվածում դուք, հմուտ դիվանագիտությամբ, կարողացաք առանց արյունահեղության և քաղաքակիրթ ձևով քաղաքական դաշտը համարյա մաքրել աղբից: Դա այն աղբն էր, որ այսքան երկար ժամանակ փոշու թանձր մառախուղով ամեն ինչ անտեսանելի էր դարձրել և կուրացրել մեր ժողովրդին:

Դա էր պատճառը, որ ժողովուրդը ինչ ճանապարհ էլ ընտրեր և ում հետևից էլ գնար, միևնույն է` կհայտնվեր անդունդի եզրին:

Այսօր Դուք այդ աղբը մաքրում եք այնքան վարպետորեն և նրբանկատ, որ ուղղակի անկարելի է չնկատել և երախտապարտ չլինել Ձեզ` Ձեր կատարած տիտանական աշխատանքի համար:

Եթե նույն հմտությամբ աղբից մաքրեք նաև Ձեր հենարանը և հենարան դարձնեք այս աստվածային հողի և ջրի համար քրտինք թափող և բարիք ստեղծող հայ աշխատավորին՝ մենք կունենաք բոլորովին այլ հայրենիք:

Պարոն Նախագահ, աղբը հավաքելուց հետո պետք է կատարվի աղբահանություն, որը Ձեզնից ավելի շատ ջանքեր, եռանդ և հմտություն կպահանջի: Եթե չկատարեք աղբահանության գործը, քամին այն նորից կցրի ամբողջ երկրով մեկ և Ձեր կատարած այդ հսկայական աշխատանքը ջուրը կլցվի:

Մեծարգո նախագահ, այսօր քաղաքական դաշտում Դուք անհասանելի եք Ձեր բոլոր մրցակիցների նկատմամբ, Դուք եք դրոշակակիրը և հաղթանակը կշնորհվի միանշանակ Ձեզ:

Ձեզանից հետո մենք խնդիրներ կունենանք Ձեզ փոխարինողի հարցում, քանզի քաղաքական դաշտը ի զորու չի լինի այդքան կարճ ժամանակահատվածում այնպիսի հասուն պտուղ տալ, որը կփոխարինի Ձեզ:

Կարծում եմ, մենք ստիպված կլինենք հետ շրջվել և հայացք ուղղել դեպի ոչ վաղ անցյալ, չնայած, ըստ իս` դա կլինի լավագույն տարբերակը:

Բոլորովին վերջերս մենք տոնում էինք ՀՀ անկախության 20-ամյակը:

Եթե, ըստ բժշկական տերմինաբանության` ծնունդը համարենք կայացած և ուսումնասիրենք ծնվածի առողջական վիճակը, կհամոզվենք, որ այն` որպես օրգանիզմ, աննորմալ է (ուռոդ) և չի ենթարկվում ոչ մի տրամաբանության ու վերլուծության:

Այդ ծնունդն աննորմալ է իր կառուցվածքով և չափերով. այն բաղկացած է միայն գլխից, որի մեջ բացակայում է ուղեղ կոչվածը, և նիհար, նվազ ոտքերից: Այս օրգանիզմում բացակայում են սիրտը, թոքերը, աղիները և այն ամենը, որոնք ապահովում են նորմալ աճ ու կենսագործունեություն: Դրա փոխարեն գլուխը և ոտքերն աճում են հակադարձ համեմատական կարգով. գլխի չափերը շատ արագ մեծանում են, իսկ ոտքերը արագ նիհարում: Արդյունքում` շատ կարճ ժամանակ հետո այդ նիհար ոտքերն այլևս չեն կարող դիմակայել աննորմալ գլխի ծանրությանը և, ուզենք թե չուզենք, այդ գլուխը կհայտնվի գետնին` ցեխերի մեջ:

«Ծնունդ» ասելով` նկատի ունեմ մեր հանրապետության տնտեսությունը, որը, չունենալով փոքր ու միջին բիզնես, հասարակությունը զրկում է միջին խավից, այնպես, ինչպես այդ ծնունդը` ներքին օրգաններից: Եվ ահա ունենք գլուխ, որն այդ մի քանի օլիգարխներն են, և ոտքեր` արտագաղթի ճանապարհը բռնած և օր-օրի աղքատության շեմին հայտնվող ժողովուրդը: Կարծում եմ` մեկնաբանության կարիք չկա:

Մի փոքրիկ անդրադարձ արդեն ավարտված և պատմութան գիրկն անցած ընտրությունների մասին, որ ոչ ավելի, ոչ պակաս` կարելի է համարել խեղկատակություն:

Կուսակցությունների, անհատների ճառերին, ծրագրերին, խոստումներին հետևողը մի պահ մտածում է, որ նրանցից ոչ մեկն այս երկրի, պետության կառավարման, տնտեսության օրենքների հետ ոչ մի կապ չունի: Նրանք բոլորը ժամանել են այլ մոլորակներից, այլ քաղաքակրթություններից` մարդասիրական և բարեգործական առաքելություններով: Եկել են կործանումից, ոչնչացումից փրկելու քաղաքակրթություն և հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի:

Ահա սրանից հետո է, որ չգիտես ծիծաղե՞ս, լա՞ց լինես, թե՞ խղճահարություն ապրես: Նրանք բոլորը միասին չէին հասկանում մի պարզ ճշմարտություն, որ ժողովուրդը բոլորովին չի վստահում ոչ մեկին, մարդիկ հույս չեն կապում ոչ մեկի հետ և օր-օրի մարում է այդ չեղած հույսը:

Ահա այստեղ է, որ ակամա ուզում եմ մեջ բերել հետևյալ փիլիսոփայական միտքը. «Եթե վստահում են` հարցն է ավելորդ, եթե կասկածում են` խոսելն է ավելորդ»: Այնպես որ, այդ ծրագրերը, սրտաճմլիկ ելույթները, խոստումները դառնում են անիմաստ, այսինքն` մարդիկ ուղղակի չեն վստահում ոչ մեկին: Մարդիկ ասելով` ես նկատի չունեմ նրանց, ովքեր նման են լարախաղացի ներկայացման ժամանակ, դես ու դեն վազող սրան-նրան գովաբանող ու փառաբանող ծաղրածուի (յալանչիի), որն այդ անում է մի նպատակով. մտնել սրա կամ նրա գրպանը և կորզել հնարավորինս շատ գումար:

Եթե կաոավարության գործունեությունը սկսվի և շարունակվի ընտրութունների սցենարով, ապա ժողովուրդը կկորցնի վերջին հույսը, և մենք ստիպված կլինենք ըստ Դանթեի` «Թողեք ամեն հույս, դուք, որ մտնում եք այստեղ» դժոխքի դարպասներին փակցված մակագրությունը տեղափոխել և փակցնել ՀՀ մուտքի դարպասներին:

Չնայած կարող եմ ասել, որ այսօր վաղվա օրվա նկատմամբ հույս, հավատ և վստահություն չունեն հանրապետության նույնիսկ ամենաները: Եվ դա ապացուցելու համար ինձանից մեծ ջանք ու եռանդ չի պահանջվում:

Երբ ուշի ուշով ուսումնասիրում ես թե մեծամասնական, թե համամասնական ցուցակներով առաջադրված թեկնածուներին, ակամա հարց ես տալիս ինքդ քեզ. ախր նրանց մեծամասնությունը նույնիսկ տարրական պատկերացում չունի այն աշխատանքային գործունեության մասին, որն ընտրվելու դեպքում սպասվում է իրեն, ավելին` նույնիսկ սիրողական մակարդակի մոտեցում չունի այդ աշխատանքի նկատմամբ: Այդ դեպքում. հանուն ինչո՞ւ են քամուն տրվում միլիոնները` ընդամենը այդ մանդատը ձեռք բերելու համար: Պատասխանը միակն է, նրանցից ոչ մեկը հույս չունի, թե առանց այդ պաշտպանիչ «վահանի» կարող է թեկուզ կարճ ժամանակ գոյատևել:

Ես ընդամենը կարող եմ ցավակցել նման անելանելի վիճակի մեջ հայտնվածներին, որովհետև նրանք ևս մեր հայրենակիցներն են:

Վստահ եմ. եթե մեկ-երկու ընտրություններ անցնեն առանց որակական և օրինական փոփոխությունների, մենք կունենանք մի ոլորտ, որտեղ մարդիկ իրենց արժանապատվությունից ցածր կհամարեն գտնվելը: Հասկանալի պատճառներով, չեմ ուզում այն նմանեցնել մեկ այլ հաստատության: Մի նուրբ համեմատություն. 60-ական թվականներին մարդիկ արժանապատվությունից ցածր էին համարում Սովետական միլիցիայում աշխատելը:

Եկեք վերջ դնենք անհատապաշտությանը և նրանց չանվանենք կուսակցություններ, կամ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվածներ:

Հայաստանում ընդամենը մեկ քաղաքական ուժ կարող է իրեն կուսակցություն համարել, բայց որը, չգիտես ինչու, չի կարողանում ժողովրդի մեծ զանգվածի հավատն ու վստահությունը շահել, մնացածները մարդկանց խմբեր են, որոնք տվյալ պահին ընդամենը մեկ բանի մասին են մտածում` անձնականի: Չկան ընդհանուրի, պետության, ազգի մասին մտածողներ, ապացույցն այսօրվա վիճակն է:

Պարոն Նախագահ, այսօր կույրն անգամ կտեսներ, որ անդունդ է առաջացել իշխանությունների և հասարակ ժողովրդի միջև, որը գնալով խորանում է: Մի թույլ տվեք, որ այն ավելի խորանա և ունենա անցանկալի հետևանքներ: Կառուցենք կամուրջը իշխանությունների և ժողովրդի միջև և առաջինը Դուք անցեք այդ կամրջի վրայով և դեմքով շրջվեք դեպի ժողովուրդը: Նա այսօր դրա կարիքը շատ է զգում:

Դարձեք նրա ազնիվ ու հպարտ զավակը: Այդ դեպքում ժողովուրդը կգնահատի Ձեզ այնպես, ինչպես մայրը` իր սիրեցյալ ու մինուճար որդուն:

Եթե կարողանաք վերջնական ավարտի հասցնել Ձեր նախաձեռնած ծանր աշխատանքը (աղբահանությունը) և վերականգնեք մարդկանց կորցրած հավատն ու վստահությունը, համոզված եմ` Ձեր անունը ոսկե տառերով կգրվի Հայոց պատմության էջերում:

Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում թվացել է, որ ես վիրավորել եմ իր արժանապատվությունը, և բոլոր նրանցից, ովքեր ինձ չեն հասկանա:

 

Վալերիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031