Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԺԿ նախագահը ՀԱԿ-ում տեղի ունեցողի մասին. «Որեւէ տրագիկ բան չի եղել»

Մայիս 21,2012 11:45

PanArmenian Photo

«Շատ օբյեկտիվ քաղաքական գործընթաց է, քաղաքագիտական առումով ոչ մի նոր բան չի կատարվում»,- Aravot.am-ի հարցին՝ այս տարիների ընթացքում հետեւելով ՀԱԿ-ի գործունեությանը, 2006-2008 թվականներին նաեւ ակտիվ գործունեություն ծավալելով ՀԱԿ անդամ որոշ կուսակցությունների եւ անհատ գործիչների հետ, ինչպե՞ս եք գնահատում այսօր ՀԱԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Արամ Կարապետյանը բնական է համարում, որ այնպիսի ոչ գաղափարական դաշինքները, ինչպիսին էր նաեւ ՀԱԿ-ը, ի վերջո կամ դառնում են ավելի փոքր գաղափարական, կամ փլուզվում են:

«Ինքը` դաշինքը` ՀԱԿ-ը, հավաքված էր կոնկրետ նպատակի շուրջ, նույնիսկ ոչ թե մարդու` Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ նպատակի: Նպատակը չիրագրործվեց, նպատակը փոխվեց, մյուս նպատակն էլ` մեծ քանակությամբ ԱԺ մտնել եւ այդպիսով իմպիչմենտի հասնել՝ չիրագործվեց, ու սկսվեց այս գործընթացը: Ե՞րբ են կուսակցությունները մնում դաշինքներում, համապարփակ, երբ գաղափարական հիմք ունեն: Մինչդեռ ՀԱԿ-ի 18 կուսակցությունները գաղափարախոսական, գաղափարական, աշխարհաքաղաքական շատ տարբերություններ ունեն: Լավ է` այսքան էլ մնացին»,- ասում է Արամ Կարապետյանը:

Նա վերհիշում է, որ երբ ՆԺԿ-ին առաջարկվել էր մտվել ՀԱԿ, իրենք հենց այն պատճառով չմտան, որ հռչակված նպատակներին հասնելու համար անպայման չէր ՀԱԿ-ում պայքարել. «Այդ նպատակներին հասնելու համար, իմ կարծիքով, այդպիսի կազմակերպական կառույցի կարիք անգամ չկար էլ: Պայքարը ՀԱԿ-ից առաջ էլ կար, հետո էլ շարունակվելու է: Այնպես, որ եթե չկա գաղափարական միասնություն, ապա լինում է այն, ինչ որ հիմա է լինում: Որեւէ տրագիկ բան չի եղել, որեւէ երեւելի բան այդ ամենում չկա: Նույն կերպ ստեղծվեց եւ փլուզվեց «Արդարություն» դաշինքը»:

Aravot.am-ի դիտարկմանը` 2013-ի նախագահական ընտրություններից առաջ, երբ ՀԱԿ-ն այս իրավիճակում է, խիստ կասկածելի է, որ առաջին նախագահը կառաջադրի իր թեկնածությունը, հետեւաբար, մի տեսակ միասեռ քաղաքական դաշտ է ստեղծվում, որը շատ բարենպաստ է գործող նախագահի վերընտրության համար՝ մեր զրույցակիցը չհամաձայնեց. «Հակառակը, միասեռ ստեղծվում էր այն ժամանակ, երբ երկխոսությունների փուլ էր` կոալիցիայի, ապա այլ կուսակցությունների հետ: Կար փոխհամաձայնեցումների մեխանիզմ: Դաշտը ծրագրավորվում էր եւ ստեղծված կառույցներն իրար փոխարինելով առաջ էին գնում` Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իր մոտ աշխատում էին, հետո` երկուսով դուրս մղեցին Տեր-Պետրոսյանին, բայց մնաց ստեղծված սիստեմը: Ամեն ինչ ֆորմալիզացված էր երեք նախագահների շուրջ եւ նրանցով շրջանը փակվում էր: Ձեզ հետ համաձայն եմ` ժամանակը քիչ է, որ ամեն ինչ նոր թափ հավաքի, բայց գործընթացներն էլ արագ են զարգանում: Իրավիճակն էլ այնպիսին է, որ նորմալ կոալիցիա ստեղծելու եզրերը մինչեւ վերջ չեն երեւում: Հետեւաբար, կարծում եմ, որ նոր ուժերին կհերիքի ժամանակը` 10 ամիսների ընթացքում պատրաստվել եւ խաթարել միասեռությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031