Տասնհինգ տարի առաջ` 1997թ. մայիսի 20-ին, Հայաստանի մի խումբ առաջատար գործող լրագրողներով հիմեցինք Մամուլի ազգային ակումբը, որի հիմնադիր ժողովի ընդունած հայտարարությունը ընդգծում էր. «Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի երրորդ Հանրապետության առջև կանգնած է արժեքային նոր համակարգի կայացման խնդիրը, որն անքակտելի է չորրորդ իշխանության նոր սերնդի կայացումից: Այդ առաջնային նպատակի իրագործման համար անհրաժեշտ է Հայաստանի գործող լրագրողների համախմբումը ազգային, ժողովրդավարական, մասնագիտական արժեքների շուրջ: Ըստ այդմ մենք հիմնում ենք Մամուլի ազգային ակումբը, որի հիմնարար խնդիրներն են՝ 1.ազգային, ժողովրդավարական արժեքների ամրակայումը, 2.մասնագիտական շահերի պաշտպանությունը, 3.ազատ խոսքի և մամուլի կայացման աջակցումը, 4.լրագրողական նոր սերնդի ձևավորման սատարումը, 5.լրագրողական մասնագիտացման խորացումը տարբեր ուղղություններով, 6.Սփյուռքի և արտերկրի լրագրողների հետ գործուն կապերի հաստատումը»:
Ձևավորվելով և գործելով հարափոփոխ և տենդագին ժամանակներում՝ Մամուլի ազգային ակումբը ստիպված էր վերապրել ժամանակների հևքը` մերթընդմերթ հայտնվելով իրադարձությունների կիզակետում: Հյուրընկալելով և ամբիոն տրամադրելով տարաբնույթ հասարակական-քաղաքական ուժերի՝ Մամուլի ազգային ակումբը երբևէ չի եղել և չի լինի որևէ քաղաքական հոսանքի, ուժի, իշխանության ազդեցության ներքո: Անկախությունը, ազատությունը, հրապարակայնությունը, բազմակարծությունը կազմակերպության գործունեության հիմարար սկզբունքներն են:
Ժողովրդավարական և ազգային արժեքները Հայաստանում հաճախ են տարաբնույթ վերաձևումների ենթարկվել, սակայն Մամուլի ազգային ակումբը, վստահ լինելով այդ արժեքների կենսունակությանը, փորձել է այդ վստահութունը փոխանցել հասարակական հարաբերությունների ոլորտ: Մենք մեր ընտրությունը կատարել ենք հօգուտ ազատ, անկախ մամուլի, որի կայացման հանդեպ այսօր էլ մեր պահանջն ու հավատն անսասան է մնացել:
Ետխորհրդային լրագրություն ոտք դրած լրագրողների մեր սերունդը դարձավ ճանապարհ բացող, իսկ ճանապարհ բացողների գործը միշտ էլ դժվար է լինում: Այդ սերնդի ներկայացուցիչներն են նաև ՄԱԱ անդամները, որոնք իրենց անառարկելի ներդրում ունեն Հայաստանում ազատ խոսքի և մամուլի, տեղակատվական դաշտի ձևավորման, մասնագիտական արժեքների պաշտպանության մեջ:
Կարդացեք նաև
Այս 15 տարիների ընթացքում Մամուլի ազգային ակումբը կազմակերպել է ավելի քան 1200 հանդիպումներ հասարակական, քաղաքական, պետական, տնտեսական, քաղաքական, մշակութային գործիչների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա պետությունների դեսպանների հետ, քննարկումներ հասարակական, քաղաքական, տնտեսական թեժ թեմաների շուրջ, լրագրողական այցեր Լեռնային Ղարաբաղ և Ջավախք, մասնագիտական բողոքի և անհամաձայնության ակցիաներ, հանդես եկել բազմաթիվ հայտարարություններով` ի պաշտպանություն գործընկերների, մասնագիտական ազատությունների և ընդդեմ գրաքննության փորձերի: «Հրատապ թեմա», «Աշխարհը և մենք», «ԶԼՄ-ները և ժողովրդավարությունը», «Սփյուռք», «Տնտեսական ուղեծիր», «Հայաստանը և ընտրույթյունները», «Հոգևոր Հայաստան»` այս ծրագրերի շրջանակներում են կազմակերպվել ՄԱԱ հանդիպումները` բացառապես կազմակերպության նախաձեռնությամբ, ուժերով և միջոցներով:
Մամուլի ազգային ակումբը ստեղծվեց որպես անկախ կազմակերպություն, և այդպիսին է այն այսօր: Մենք գիտակցում էինք, որ մեր կազմակերպության անկախությունը պահպանելու համար պիտի վճարեինք մեր ինքնանվիրումով, մեր ջանքերը, ժամանակն ու երիտասարդությունը ներդնելով կազմակերպության կայացման մեջ:
Հիմնադրման 15-ամյակի առթիվ շնորհավորելով ՄԱԱ անդամներին` մասնագիտական արժեքների պահպանման և դրանց կենսունակության հանդեպ հավատի մաղթանքներն եմ փոխանցում մեր բոլոր գործընկերներին` Հայաստանում և Սփյուռքում:
Մենք համոզված ենք, որ մեր երկրի ապագան ազատ, անկախ մամուլն է, տեղեկատվության ազատությունը, բազմակարծությունը, սեփական տեսակետն արտահայտելու և այն պնդելու մասնագիտական և քաղաքացիական իրավունքը:
Նարինե Մկրտչյան
ՄԱԱ նախագահ