Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունին սիրելի է բոլորի համար

Մայիս 20,2012 16:44

Թանգարանների եվրոպական գիշերվա պատկերը

 Երեկ` 2012թ. մայիսի 19-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ժամը 18:00-ից իր դռները բացեց մեր հասարակության առջեւ` հաստատելով իր պատկանելությունը թանգարանների եվրոպական ընտանիքին: Գիշերվա մեկնարկի առաջին իսկ պահից այցելուների չդադարող հոսքը շարունակվեց մինչեւ ուշ կեսգիշեր` լույսով ու կենդանի շնչով լցնելով ոչ միայն թանգարանը, այլ նաեւ Էրեբունի ամրոցի միջնաբերդը` բոլոր երեւանցիների հպարտությունը:

Գիշերվա մեկնարկից դեռ ժամեր առաջ թանգարանի առջեւ բացվող հարթակի շուրջ հարմար դիրքավորված հարյուրավոր այցելուներ դարձան պարուսույցներ Ռուդոլֆ Խառատյանի եւ Անի Գալստյանի սաների բալետային ներկայացման հանդիսատեսը: Նրանցից շատերը թանգարանում մնացին ողջ երեկո` չկամենալով բաց թողնել իրար հաջորդող երաժշտական կատարումներից եւ ոչ մեկը:  Չդադարող ծափողջույններով ընդունված «Մազուրկա» եւ «Հարաբերություններ» բեմադրություններից հետո հանդես գալով  համառոտ խոսքով` Ռ. Խառատյանը նշեց, որ «սա բալետի պարողների 1-ին թանգարանային գիշերն է եւ  այս մասնակցությամբ պրոֆեսիոնալ բալետը հասարակությանը ճանաչելի դարձնելու նոր  ձեռնարկի մեկնարկն է տրվում»:

Այցելուներից շատերին, հատկապես դպրոցահասակներին, առանձնակի աշխուժություն պարգեւեց Թաեքվոնդոյի Հայաստանի ֆեդերացիայի «Սատորի» ակումբի սաների ցուցադրական դասը` ներկայացնելով խիզախության օրինակներ ձեռքի եւ սրունքների ուժի գործադրմամբ:

Էրեբունի ամրոցի միջնաբերդին ծանոթանալուց հետո Թանգարանների գիշերվա մասնակիցներին իր համերգային  ողջույնը հղեց «Փարոս» կամերային երգչախումբը` խմբավար Րաֆֆի Մելիքյանի ղեկավարությամբ:  Երեկոն, որն «Էրեբունի» թանգարանում բացառապես երաժշտական էր, ավարտվեց դաշնակահար Միքայել Գաբրիելյանի եւ «Շելլ» դաշնամուրային տրիոյի անմոռանալի կատարումներով:

Ընդամենը 6 ժամ տեւողությամբ համաեվրոպական նախաձեռնությունը` Թանգարանների եվրոպական գիշերը,  մայիսի 19-ին Էրեբունի» արգելոց-թանգարան է բերել 1465 այցելուների, որոնցից շատերը թանգարանից բացի բարձրացել են նաեւ ամրոցի միջնաբերդ եւ ծանոթացել հնավայրին: Տարիքային եւ հետաքրքրությունների առումով այցելուների ամենատարբեր խմբեր  եւ անհատներ խոստովանել են, որ Էրեբունի ամրոց են այցելել 20-30 տարի առաջ` իրենց ծնողների կամ ուսուցիչների ուղեկցությամբ:

Թանգարանային գիշերվա հատուկ հյուրերն էին նաեւ «Մարտիրոս Սարյան» գեղարվեստի դպրոցի սաները` ովքեր հնավայրում իրականացրեցին ճեպանկարի ժամ: Արգելոց-թանգարանի հետ այս համագործակցությունը կշարունակվի նաեւ տարվա ընթացքում եւ կամփոփվի ցուցահանդեսով:

Թանգարանների գիշերվա «Էրեբունի» արգելոց-թանգարանի այցելուների թվում են եղել   նաեւ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներ: Լիլիթ Պիպոյանը նշել է, որ «ինքն Էրեբունի է եկել Զվարթնոցից եւ վերստին հարստացած ու խաղաղված է մեր մշակութային գանձերի հետ հողորդակցությունից»:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031