Մայիսի 19-ին Կապանի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառման նվիրված ցուցադրություն էր կազմակերպել թանգարանի առաջին եւ երկրորդ հարկերի ցուցասրահներում: Առաջին հարկում թանգարանի աշխատակիցները կապանցի այցելուներին էին մատուցել Հին ու Նոր Կապանը` հին եւ նոր Կապանը պատկերող լուսանկարների, ինչպես նաեւ հին ու նոր մամուլից օրինակների եւ այլ ցուցանմուշների տեսքով: Նույն հարկում «Գիրք-500» խորագիրը բաժնում ցուցադրության էր դրվել խիստ արժեքավոր, տպագիր Հայկազյան բառարանը: «Հիշողություն» խորագիրը կրող ցուցադրության երկրորդ հարկում 20-րդ դարասկզբի Կապանն էր, անվանի բարերարների, նշանավոր կապանցի գերդաստաններին պատկանող իրեր, փաստաթղթեր, լուսանկարներ եւ այլն: Ցուցադրություն էր կազմակերպվել թանգարանի բակում: Կապանի երկրագիտական թանգարանը հիմնանորգվել է պետբյուջեի միջոցներով: Ըստ թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի` անցած տարի իրականացվող շինարարության պատճառով «Թանգարանային գիշեր» միջոցառումն անցկացվեց Կապանի Դավիթ Բեկ գյուղում: Ներկա դրությամբ թանգարանը ժամանակակից ցուցափեղկերի խնդիր ունի: «Ժամանակակից ցուցափեղկերի բացակայության պատճառով թանգարանի հիմնական արժեքավոր նյութերն այսօր կոնսերվացված են»,- նշել է պարոն Սմբատյանը: Թանգարանի դռները բաց էին մինչեւ ուշ գիշեր: «Թանգարանային գիշեր» միջոցաման ժամանակ ցուցադրվեց «Վահանավանք»-ի մասին նկարահանվող, կոմպոզիտոր Տիգրան Աթայանի. ռեժիսոր Քրիստինե Աթայանի եւ օպերատոր Ալեքսան Գրիգորյանի կողմից պատրաստված ֆիլմի մասին պատմող տեսահոլովակը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ