Քիչ առաջ ավարտվել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության կուսակտիվի նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել դեռեւս մնալ Հայ ազգային կոնգրեսում: Այս մասին Hayeli.am-ին հայտնել է կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ ՀԱԿ մաս կազմող «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը եւս առաջիկա օրերին կհամալրի ՀԱԿ-ը լքողների շարքը: Կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանն ինքը նախօրեին հայտնել էր, որ կուսակտիվի նիստին վերջնական որոշում կկայացվի հետագա անելիքների վերաբերյալ:
«Ես արդեն զանգել ՀԱԿ-ում տեղյակ եմ պահել, որ հաջորդ շաբաթ քաղխորհուրդ հրավիրեն, որտեղ կներկայացնենք մեր ասելիքը կոնկրետ գործողությունների վերաբերյալ»,- նշել է Գառնիկ Մարգարյանը՝ չմանրամասնելով իրենց առաջարկների բովանդակությունը:
Հարցին, թե այս օրերին ի՞նչը ստիպեց մտափոխվել կուսակցության ղեկավարին եւ շարունակել մնալ Կոնգրեսի կազմում, Մարգարյանը նկատեց, որ լրատվամիջոցները ճիշտ չեն ներկայացրել, թե ինքը պատրաստվում է լքել ՀԱԿ-ը: «Ինձ հարց են տվելՙ դո՞ւրս եք գալու, թե մնալու եք, ես պատասխանել եմ, որ դա կուսակցության բարձրագույն մարմնի իրավունքն է, դա իմ կամ որեւէ մեկի իրավունքը չէ, մինչդեռ լրատվամիջոցները գրլ են, որ այդպիսի միտում կա», պարզաբանել է Մարգարյանը՝ ընդգծելով, որ հաջորդ շաբաթ ՀԱԿ-ում տեղի ունենալիք քաղխորհրդի նիստում իրենք կներկայացնեն իրենց առաջարկները: «Մենք այնտեղ կասենք, որ չպետք է նույն սխալները թույլ տալ եւ այլն, եւ այլ, երբ կկայանա այն ժամանակ կմանրամասնեմ»,- ասել է ՀԱԿ անդամը՝ հիշեցնելով, որ ինքը դեմ է եղել մանդատները վերցնելուն:
Կարդացեք նաև
Ասել է նաեւ, որ կուսակցության առաջարկը ՀԱԿ-ին այնուամենայնիվ ժողովրդական պայքարի ճանապարհը բռնելն է լինելու: «Կընդունե՞ն դա, կլսե՞ն մեզ, կգնա՞ն մեր մատնանշած ճանապարհով, շատ բարի, չէ, մենք մենակ կանենք»,-ասել է Գառնիկ Մարգարյանը: