«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել են, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու: Այս պահի դրությամբ տեղացի և շվեյցարացի մասնագետները ստուգում են կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը, իրականացնում են կարգաբերման աշխատանքներ:
«Ճոպանուղու շահագործման ընթացքում հնարավոր ռիսկերի բացառման համար որոշում ենք կայացրել վերստուգել բոլոր սարքերն ու համակարգերը` այցելուների անվտանգությունն առավելագույնս ապահովելու նպատակով»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:
Այս գարնանը Սյունիքի մարզում պարբերաբար գրանցվում է կայծակ և ամպրոպ, որոնք, անշուշտ, դրական կանդրադառնան գյուղատնտեսության վրա: Սակայն դրանց արդյունքում առաջացող հոսանքի տատանումները ճոպանուղու կառավարման համակարգերի աշխատանքի ժամանակավոր դադարների պատճառ են դառնում:
Մասնագետների կարծիքով էական խնդիրներ չեն հայտնաբերվել, և առկա թերությունները կլուծվեն կարճ ժամանակահատվածում: «ՏաԹևեր» ճոպանուղու վերագործարկման մասին հավելյալ կտեղեկացվի:
Հայցում ենք ձեր ներողամտությունը` պատճառած անհարմարությունների համար:
«ՏաԹևեր» ճոպանուղի