Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Հարությունյանի հուշ-երեկոյին կհնչի սեփական «Ռեքվիեմը»

Մայիս 19,2012 13:29

Նարինե Հարությունյանը՝ Կարեն Դուրգարյանի (աջից) եւ Կարեն Սարգսյանի հետ:

Ազգային օպերային թատրոնում մայիսի 21-ին կայանալիք անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հուշ-երեկոյի ընթացքում, այլ ստեղծագործությունների թվում, նրա  «Ռեքվիեմը» կհնչի՝ երկրորդ անգամ: Համաշխարհային դասական երաժշտության պատմությունից հայտնի են մեծանուն կոմպոզիտորների անուններ, որոնց հայտնի ստեղծագործություններից շատերը նրանց մահից հետո են կատարվել միայն: Վստահորեն կարելի է ասել, որ հարությունյանական  «Ռեքվիեմի» կատարումը կարելի է համարել պրեմիերա, քանի որ  դրամատիկ թատրոններում ընդունված է առաջին 5 ներկայացումները, իսկ օպերայինում՝ 7-ը համարել պրեմիերա:

«Առավոտը» հանդիպեց անվանի կոմպոզիտորի դստեր՝ դաշնակահար Նարինե Հարությունյանի, օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի եւ գլխավոր խորմայստեր Կարեն Սարգսյանի  հետ: Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ տիկին Հարությունյանը նախ հայտնեց, որ «Ռեքվիեմը» գրվել է 1965թ.՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին կաթողիկոսի խնդրանքով, հետո էլ հավելեց. «Հայրս կոմունիստ էր, բայց հավատացյալ մարդ: 1972թ. երբ ես ու եղբայրս 12-13 տարեկան էինք, նա մեր կնունքը կազմակերպեց Մայր տաճարում: Առաջին հայացքից այստեղ արտառոց ոչինչ չկա, բայց խորհրդային տարիներին, հայտնի է, որ կոմունիստները պարզապես իրավունք չունեին եկեղեցի այցելել: Հորս հավատքը մեծ էր, նա պարզապես վախ չուներ: Հիշում եմ, որ ընտանիքով եկեղեցի էինք այցելում ոչ միայն Երեւանում, այլեւ արտերկրում գործող հայկական եկեղեցիներ:  Ավելին, դաշնամուրի համար գրված «Մեր հին երգերը» ռապսոդիայում օգտագործված է դաշնակցական-հայրենասիրական երգերից մեկ մեղեդի: Սա էլ այն տարիների համար («Ռապսոդիան» գրված է 1974թ.) խիզախ քայլ էր»:

Դաշնակահարուհին Հարությունյան ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին եւ մշակույթի նախարարությանը՝ երեկոն կազմակերպելու եւ աջակցելու համար, նշելով օպերային թատրոնի նվագախմբի, երգչախմբի արտիստների, մենակատարներ Նունե Բադալյանի (սոպրանո), Դավիթ Բաբայանցի (բարիտոն), շեփորահար Արմեն Մայիլյանի հարգանքը ոչ միայն կոմպոզիտորի, այլեւ նրանց ոգեւորությունը հարությունյանական երաժշտության հանդեպ:

Նա առանձնացրեց Կարեն Դուրգարյանին, նշելով, որ նա Իտալիայում կայացած պրոկոֆեւյան համերգաշարից եւ Ռուսաստանում՝ Կազանում Նուրիեւի անվան միջազգային փառատոնի բացման արարողությունից անմիջապես հետո (բացվել է Խաչատրյանի «Սպարտակ» բալետով) շտապել է Երեւան՝ փորձեր անցկացնելու նպատակով:

Կարեն Սարգսյանն էլ ասաց, որ «Ռեքվիեմը», ճիշտ է, երկրորդ անգամ է հնչում Երեւանում, սակայն 1993թ. Ավստրալիայում՝ Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի եւ տեղի հայկական երգչախմբի հետ հանդես է եկել, իր խոսքերով՝ հանրահայտ ռեքվիեմներին ոչնչով չզիջող  այս երկի կատարումով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031