Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասի նախկին խոհարարին մեղադրում են

Մայիս 19,2012 13:19

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում 24-ամյա Մարիամ Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը:

Մայիսի 30-ին նշանակվել է այս գործով դատական նիստ:

Մարիամ Պողոսյանը մեղադրվում է սուտ մատնության համար:

Երեկ մենք հանդիպեցինք Մ. Պողոսյանի հետ: Նա տեղեկացրեց, որ 2010թ. դեկտեմբերի 17-ից սկսել է աշխատել պաշտպանության նախարարության թիվ 68617 զորամասում, որպես պայմանագրային խոհարար: Նա գոհ է եղել իր աշխատանքից, ստացել է ամսական 90 000 դրամ աշխատավարձ: Չնայած Երգի պետական թատրոնում էր սովորել, բայց հիվանդ հորն ու մորը պահելու, Երեւանում վարձակալած բնակարանի կարիքները հոգալու համար ստիպված է եղել աշխատել:

Մ. Պողոսյանի աշխատանքից գոհ են եղել զորամասում, անգամ նա պատվոգիր է ստացել: Սակայն Մարիամն ասում է, որ աշխատանքային գործունեությունից 4 ամիս հետո նկատում է, որ բրնձի փոխարեն ցորեն է բերվում, դիմում է պարենային ծառայության պետին, ճաշարանի պետին, թիկունքի պետին: Լարվածություն է սկսվում նրա եւ զորամասի անձնակազմի միջեւ, խորհուրդ են տալիս «Իրենց գլխից վերեւ չթռչել»:

Այս ամենն ավարտվում է նրանով, որ Մարիամին ասում են՝ դիմում գրի աշխատանքից ազատվելու համար: Բնականաբար, չի գրում, ավելին՝ մի օր էլ աշխատանքային խալաթով դուրս է գալիս զորամասից, հասնում եկեղեցու տարածք, կտրում է աջ նախաբազկի երակները: Մինչ այդ հասցրել էր երկտող թողնել ծնողներին՝ գրելով պատճառը: Այսինքն՝ ինքնասպանության փորձ է կատարում:

Ինչպես Մարիամն է պատմում, քննության ընթացքում վիրակապը թեւին, գտնվելով հոգեկան խռովքի մեջ, նրան ստիպում են՝ այլ պատճառ է նշում, հաջորդ օրը նորից պնդելով երկտողում գրածը: Դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ նա արտասվել էր, երբ հարցը վերաբերել էր ինքնասպանության փորձին, նա տվել էր իրեն նվաստացնողի անունը: Քրեական գործը կարճվում է, իսկ Մարիամին ազատում են զորամասից: Դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ 3 մասնագետներ (Ա. Գեւոգյան, Ա. Հակոբյան, Վ. Ֆրանգուլյան) ստորագրությամբ հանգել են հետեւյալին. «Դրսեւորում է հանգիստ, կոռեկտ վարք, հարցերին տալիս է ճիշտ, ըստ էության մակերսային պատասխաններ: Դիմախաղը ադեկվատ է: Գիտակցությունը պարզ է: Ցնորքներ, զառանցական մտքեր, աֆեկտիվ ոլորտի կոպիտ խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշողության խանգարումներ չկան»:

Հոգեբույժ-փորձագետները արձանագրել են, որ նա հոգեկան հիվանդությամբ չի տառապել, իսկ ինքնավնասումը «իրավիճակով պայմանավորված ռեակցիա էր»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031