Հետընտրական մտորումներ
Նժդեհը չէր կարող երեւակայել, որ միջազգային հարաբերությունների առնչությամբ օգտագործված «ուժն է ծնում իրավունք» միտքը կարող էր դառնալ կարգախոս եւ վարքագիծ անկախ Հայաստանի ներքին հարաբերություններում: Այդ «իրավունք ծնող ուժը» 1996թ.-ին հաղթեց նախագահական ընտրություններում եւ տեւեց այնքան ժամանակ, քանի դեռ չէր ձեւավորվել մեկ այլ ուժ, որը հաղթելու էր 98թ.-ին: Սակայն 1998 թվականի բռնի իշխանափոխությունը կապված է ոչ միայն 1996թ.-ի նախագահական կամ 1995թ.-ի Ազգային ժողովի կեղծված ընտրությունների հետ, այլ շատ ավելի վաղ տեղի ունեցած ՀՀՇ առաջին հիմնադիր համագումարի հետ, երբ շարժման ղեկավարներն իրենց մեջքին զգալով համազգային շարժման ուժը, պնդում էին, որ նոր հիմնադրվող կուսակցությունը պետք է կոչվի «Հայոց համազգային շարժում»: Խնդիրը միայն անվան մեջ չէր, այլ այն իրողության, որ մեր աչքի առաջ, փաստացիորեն, դրվում էին միակուսակցական համակարգի հիմքերը եւ ընդդիմությունը՝ որպես քաղաքական գործոն, մղվում էր լուսանցք: Այդ համագումարում բոլոր պնդումներն առ այն, որ շարժումը ճիշտ չէ տեղավորել մեկ կուսակցության սահմաններում, ի սկզբանե դատապարտված էին մերժման եւ քամահրանքի, քանի որ կողմերից մեկը խոսում էր արդեն ուժի դիրքերից:
Քսան եւ մի քիչ ավելի տարիներ անց, արդեն 2012 թվականի մայիսի վեցին, հերթական ընտրական միջոցառումներն ավարտվեցին նույն ոգով՝ առանց անակնկալների եւ «շեղումների»: Երբ բացակայում է գործողության հիմնական շարժառիթը, որը ընդդիմության միջոցով իշխանությունը փոխելու հնարավորությունն է, իսկ այն բացակայում է, որովհետեւ չկա ձեւավորված քաղաքական համակարգ, որի մի նժարին իշխանությունն է, մյուսին՝ ընդդիմությունը, ապա, բնականաբար, ընտրությունը կորցնում է իր նշանակությունը եւ վերածվում է անհեթեթ եւ ինքնանպատակ միջոցառման: Այդպիսի ներքաղաքական պաթոլոգիա հնարավոր է միայն ժողովրդավարական քաղաքական համակարգի բացակայության դեպքում, երբ հասարակությունն ամբողջովին կախման մեջ է իշխանությունից՝ փոխարենը հակառակը լինելու: Ընտրակաշառքը, որի մասին ամենից շատ է խոսվում, ածանցյալ է հենց այդ հիմնական խնդրին, որն է՝ քաղաքական դաշտում փոփոխություն իրականացնող այլընտրանքային ուժի բացակայությունը: Ակնհայտ է, որ մենք հայտնվել ենք փակ շրջապտույտի մեջ: Բոլորս գիտենք, որ Հայաստանում իշխանական թեւը միշտ ունեցել է բուն ընտրությունների ընթացքի վրա ազդելու վարչական լծակներ, եւ գիտենք նաեւ, որ դա այնպիսի մեծ գայթակղություն է, որից մինչ այժմ ոչ մի գործող իշխանություն չի հրաժարվել։ Սակայն այս անգամվա ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ ի սկզբանե, ընդհանրապես իշխանափոխության հույս չկար: Ազատ ընտրություններ անցկացնելու կա երկու հայտնի պայման. ժողովրդավարական գործուն համակարգ եւ հասարակության կրթվածության բարձր մակարդակ: Ինձ, իհարկե, կարելի է հակադարձել, ասելով, որ, եթե լինեն ազատ ընտրություններ, կունենանք եւ ժողովրդավարություն, եւ կիրթ հասարակություն: Սակայն բանն այն է, որ ազատ ընտրությունները տեղի կունենան միայն այն պարագային, երբ հստակ ամրագրված կլինեն խաղի կանոնները, որոնցից գլխավորը, որպեսզի մրցապայքարի դուրս եկած երկու կողմերը, որոնցից մեկը պահում է իշխանությունը, իսկ մյուսը փոխում է իշխանությունը՝ քաշային նույն կատեգորիայի մրցակիցներ լինեն: Հիշենք, թե ընդամենը քանի տոկոսի տարբերությամբ պարտվեց Սարկոզին:
Առաջին քայլը, որը պետք է արվի՝ Ազգային ժողովում ծանրակշիռ ընդդիմություն ունենալն է, քաղաքական հավասարակշիռ համակարգ ձեւավորելը, երբ իշխանությունը ամեն ինչ չէ եւ ընդդիմությունը ոչինչ, երբ իշխանությունից դուրս գտնվողները անզոր քաղաքական կազմակերպություններ չեն, այլ քաղաքական գործընթացներին մասնակցելու վերահսկողական լիազորությամբ օժտված կուսակցություններ են եւ ունեն ինչպես պարտականություններ, նույնպես եւ իրավունքներ: Այդ ժամանակ նաեւ ընտրություններում հաղթելը կդադարի կենաց-մահու կռիվ լինելուց:
Կարդացեք նաև
Ծանրակշիռ ընդդիմության առկայությունը Ազգային ժողովին կընձեռի համակարգը բարելավելու եւ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու հնարավորություն. սկսած ընդդիմության դերի կարեւորումից, դատական անկախ համակարգ ունենալուց եւ վերջացրած ԶԼՄ- ների դերի մեծացմամբ: Եվ նաեւ՝ ընդդիմությունը պետք է ամբողջովին ֆինանսավորվի պետական բյուջեից: Պատահական չէ, որ անգլիական պառլամենտում ընդդիմադիր կուսակցության ղեկավարի աշխատավարձը հավասար է վարչապետի աշխատավարձին: Դա նշանակում է, որ ընդդիմությունը դրված է այն նժարին, որը պահում է երկրում քաղաքական հավասարակշռությունը:
Մեկ դիտարկում՝ արդեն նախագահական ընտրությունների կապակցությամբ: Լավագույն նախագահը, իմ կարծիքով, կլինի նա, ով մեկ շրջան երկիրը ղեկավարելուց հետո չի վերընտրվի։ Քանի որ, եթե հասարակությունը առողջ է, նախագահի նոր թեկնածուն միշտ ավելի շատ ձայն կհավաքի, քան գործող նախագահը՝ ընդամենը բնության՝ փոփոխության օրենքի համաձայն: Չվերընտրվելը նախագահի աշխատանքի լավագույն ցուցանիշը կլինի եւ կնշանակի, որ այդ հինգ տարիների ընթացքում նա նպաստել է երկրում քաղաքական դաշտի ձեւավորմանը: Լավ իշխանությանը ընտրություններում միշտ կհաղթի ավելի լավը լինելու հավակնությամբ ընդդիմությունը՝ դարձյալ մարդուն բնորոշ միշտ լավից լավին ձգտելու տրամաբանությամբ:
Ի դեպ, շատ խոսուն եւ տխուր փաստ է այն, որ Ազգային ժողովի այս ընտրություններին իշխանությունը յուրացրել էր անգամ ավանդաբար ընդդիմությանը պատկանող կարգախոսը: Հայտնի է, որ փոփոխության մասին խոսելը ընդդիմության եւ ոչ թե իշխանության իրավասությունն է: Իշխանությունն առաջին հերթին հաշվետվություն է տալիս եւ հետո խոսում է քաղաքական գիծը շարունակելու մասին, իսկ եթե պետք է փոխել՝ արդեն գալիս է ընդդիմությունը:
Ազգային ժողովի այս ընտրություններից հետո անմիջապես պետք է արվեր առաջին քայլը՝ պետք է բացառվեր այդ ահավոր երեւույթը, որը կոչվում է «հայկական կոալիցիա», եւ որը արդեն քանի տարի Հայաստանը ոլորտ առ ոլորտ բաժան-բաժան է արել եւ տվել է կոալիցիոն կուսակցություններին որպես եկամտի աղբյուր եւ կեղեքման բնագավառ: Քաղաքագիտությանն անծանոթ այդ «հայկական կոալիցիա» կոչվող երեւույթը, որպես քաղաքական համակարգի խեղման օրինակ, կարծում եմ, դեռ ուսումնասիրության կարիք ունի, սակայն մի բան պարզ է, որ, եթե այսօր իշխանությունը հրաժարվեր ուժի դիրքերից խոսելու արդեն քսանամյա ավանդույթից, որի դրսեւորումներից մեկը հենց ընդդիմության հաշվին կոալիցիոն կառավարության ստեղծումն է, կարվեր պետականաշինության առաջին քայլը: Դա չարվեց քսան տարի առաջ, դա չի արվում նաեւ քսան տարի հետո: Մնում է եզրակացնել, որ պետական մտածողությամբ մարդիկ Հայաստանում օտարված են եւ շարունակում են դուրս մղվել քաղաքականությունից: Քաղաքական դաշտը զավթված է հակապետական մտածողությամբ մարդկանցով, որոնց համար Հայաստանը իր ընդերքով, բնությամբ եւ մարդկանցով ընդամենը շահագործման տարածք է իրենց բանկային հաշիվները մեծացնելու համար: Ինձ բոլորովին չի ուրախացնում այն փաստը, որ այդ հաշիվներն ապագա չունեն, քանի որ նպատակ չունեն, ինձ տխրեցնում է այն, որ այդ աննպատակ բանկային հաշիվների հետ համընթաց քայքայվում է երկիրը:
Եվ մեկ լրացում ասվածին՝ Հայաստանում մի քանի քաղաքագետներ քաղաքական ցինիզմի քարոզիչներ են դարձել եւ սուտինյորի նման այս կամ այն կուսակցությանը փորձում են ավելի թանկ ծախել: Մեկ շաբաթ է՝ խոսվում է կոալիցիա կազմել- չկազմելու մասին եւ այն մասին, թե ինչն է ձեռնտու ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին եւ այլեւս չի դիտարկվում այդ հարցը Հայաստանի շահի տեսանկյունից: Ոչ ոք չի հարցնում՝ իսկ Հայաստա՞նը:
ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ