Գործարար Բորիս Պետրոսյանը փորձում է Հայաստանի «բրենդը» գիտությունը դարձնել
Գործարար Բորիս Պետրոսյանը ջանք չի խնայում, որպեսզի միջազգային գրականության մեջ, մասնավորապես՝ հանրագիտարաններում, հայ ժողովրդի՝ «ոչխար պահող» «բրենդը» փոխվի մտածող ու գիտական մեծ ներուժ ունեցող ազգային կերպարի: «Առավոտի» հետ զրույցում գործարարը նշեց, որ, ցավոք, այսօր միջազգային հանրությունը մեր ազգն ընկալում է որպես սարերում անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող մի ազգի, քանի որ. «Շատ եվրոպական երկրների հանրագիտարաններում Հայաստան բաժնում պատկերված է Մասիս սարը, 1-2 հատ ծառ եւ ոչխարներ արածեցնող չոբան: Ու շատերը հենց այդպես էլ մեզ պատկերացնում են, բայց իրականում մենք ունենք գիտատեխնիկական մեծ պոտենցիալ, ուղղակի կառավարությունը չի աջակցում, որ այդ ճյուղը զարգանա»: Լինելով գիտնական եւ երկար տարիներ զբաղվելով գիտատեխնիկական արտադրությամբ՝ պարոն Պետրոսյանը սեփական դառը փորձի հիման վրա է նման եզրակացության հանգել: Գործարարը տարիներ առաջ ձեռք բերելով Նոր Հաճընի «Սապֆիր» գործարանը՝ փորձել է այն «վերակենդանացնել», սակայն պարբերաբար բանկերն ու հարկայինը արհեստական խոչընդոտներ են առաջացնում:
Բորիս Պետրոսյանի խոսքերով՝ «Հայաստանում ընդունված, մասնավորապես, տնտեսությանը վերաբերող օրենքներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դրանք գրված են թուրքական մեջլիսում: Այդ օրենքների առաջին գործոնը պետք է լինի տնտեսությունը խթանելը, հատկապես արտահանումը, բայց սխալ, շարիկ խաղացող ու անգրագետ մարդկանց հովանավորության տակ ստեղծված օրենքները միայն բանկային համակարգը ուժեղացրին: Երկիրը կարող է վերելք ապրել, եթե դրա ղեկավարները ստեղծագործող անձինք են: Այսօր բանկերը, որոնք պետք է սպասարկեն ստեղծագործող ուժին, դարձել են երկրի տերերը»:
Պարոն Պետրոսյանի խոսքերով՝ այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես հայտարարում է, որ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում զարգանա գիտատեխնիկական արտադրությունը, ամեն ինչ անում են, որպեսզի այդ ոլորտում ներդրողներ ներգրավեն, դրանք ընդամենը խոսքեր են, քանի որ երբ գալիս է կոնկրետ գործի անցնելու պահը, կառավարությունը «ձեռքերը լվանում»՝ մի կողմ է քաշվում: Գործարարի պատմելով՝ «2 տարի առաջ, երբ վարչապետը Մոսկվայում կրկին խոսեց գիտատեխնիկական ոլորտի մասին, ես նրան առաջարկեցի որպես պետություն՝ իմ «մեջքին» կանգնել, որ Մոսկվայի իմ բիզնեսը ինչ-որ անձինք անօրինական ճանապարհով ձեռքիցս չխլեն, ինչի արդյունքում ես պատրաստ եմ տարեկան 10-15 միլիոն դոլար ներդնել Հայաստանի գիտատեխնիկական ոլորտում: Իսկ վարչապետն ինձ պատասխանեց՝ դուք ուզում եք, որ մենք լինենք ձեր «կռիշա՞ն»: Ի՞նչ կռիշայի մասին է խոսքը, ես միջպետական հարաբերությունների ու աջակցման մասին էի խոսում: Դրանից 2 տարի հետո նույն վարչապետը մեկ այլ քաղաքում հայտարարեց, որ Հայաստանում այդ ճյուղը չի զարգանում: Դե, եկեք հասկանանք՝ ինչո՞ւ չի զարգանում եւ ո՞ւմ թեթեւ ձեռքով»:
Գործարարի ներկայացմամբ՝ թեեւ ինքը, այնուամենայնիվ, ռիսկի է գնացել եւ այդ ոլորտում ներդրում է կատարել, սակայն, իր խոսքերով, բանկային քմահաճույքների պատճառով միլիոնավոր դոլարների պայմանագրեր է կորցրել, ինչի արդյունքում նաեւ Հայաստանի բյուջե գումար չի մտել: Մինչդեռ եթե կառավարությունը աջակցություն ցուցաբերի, ապա «Սապֆիր» գործարանը, պարոն Պետրոսյանի խոսքերով, իր ստեղծած տեխնոլոգիայի շնորհիվ պետական բյուջե հսկայական վճարներ կկատարի. «Իսկ հիմա բանկային տոկոսների պատճառով միտումնավոր ինձ հասցրել են անդունդի եզրին»:
Մեզ հետ զրույցում գիտնական-գործարարը, որը մի շարք միջազգային մրցանակներ է շահել, ներկայացրեց իր նախագծերը, որոնք միմիայն պետական աջակցության դեպքում կիրականանան, ինչը օգուտ կբերի թե պետությանը, թե շարքային մարդկանց եւ թե գործարարին: Բորիս Պետրոսյանի խոսքերով՝ «Այսօր ես պապ ֆիլտրներ եմ արտադրում, որոնք ամենաուժեղն են աշխարհում. ԼԹՍ տեխնոլոգիայով բազմաշերտ կերամիկական պլատաներ են, դրանք ուղղակի միանում են համակարգչին, ու ամբողջ ինֆորմացիան երեւում է էկրանին: «Մշակ» ընկերությամբ ներկայացրել եմ կառավարությանը, խնդրել «տեր կանգնել», բայց կառավարությունը «ջրեց՝ քցեց»: Ես էլ վաճառեցի Ամերիկային»: Պարոն Պետրոսյանը վստահեցրեց, որ Սեւանից էներգիա ստանալու նախագիծ է մշակել, ստեղծել է ջերմոցի տեսակ, որը հնարավոր է կառուցել 1 օրում 1000 քմ տարածքով. «Բավականին քիչ էներգիա կծախսի ու ավելի արդյունավետ կլինի: Նախագիծ ունեմ, ըստ որի՝ 1 հեկտարից կարող եմ ստանալ 384 տոննա հացահատիկ՝ այն դեպքում, երբ աշխարհում լավագույն ցուցանիշը 1 հեկտարից 5 տոննան է: Ուղղակի 5 միլիոն դոլար կապիտալով վենչուրային հիմնադրամ է պետք: Իմ մյուս նախագծով այսօր Հայաստանում կարող եմ այնպես անել, որ ծառերը չցրտահարվեն ու կարկուտից չվնասվեն: Իմ ստեղծած տեխնոլոգիայով կարող եմ իմ գործարանում աշխարհի ամենամեծ սապֆիրն աճեցնել: Ես ֆանտազիոր չեմ, կարող եմ ապացուցել, թող մասնագետներ բերեն, ու ամեն ինչ ապացուցեմ: Ուղղակի ես ազգային մտածելակերպի գործարար եմ, նույնիսկ պատրաստ եմ իմ «Սապֆիր» գործարանի 90%-ը տալ պետությանը, միայն թե թողնեն աշխատեմ ու ժողովրդին օգուտ տամ»: Գիտնականը համոզված է, որ ներկայումս աշխարհը մտնում է սապֆիրի դարաշրջան, այսինքն՝ շուտով բազմաթիվ սպառողական ապրանքներ կարող են ստեղծվել սապֆիրի հումքով: Պարոն Պետրոսյանը մեզ ցույց տվեց իր ստեղծած սափրիչը, որի «գլխիկը» սապֆիրից է պատրաստված. «Այս սափրիչի նման նաեւ Գերմանիան է արտադրել, բայց քիչ քանակությամբ ու ոչ նույն որակի, ընդ որում՝ բավականին թանկ են վաճառում, իսկ ես կարող եմ միլիոններով արտադրել ու մատչելի գներով իրացնել, նույնիսկ կարելի է արտահանել, որը կարող է դառնալ հայկական բրենդ: Պարզապես Հայաստան պետությունը գիտնականներին չի օգնում, ու դրա համար էլ մենք աշխարհում մնում ենք «չոբանի» կարգավիճակում: Գիտեք, վարչապետն ու մյուսները մեղք չունեն, որ Հայաստանի տնտեսությունն այսքան հետ է: Նրանք ընդամենը թվեր գրողներ են, ու ամեն մեկն իր տեղում չէ: Եթե վարչապետը իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ինչպե՞ս կարող է ստեղծագործող մարդկանց ղեկավարել: Նա կարող է միայն բանկիրներին ղեկավարել, իսկ նրանց տրամաբանությունը՝ սրա գրպանից վերցնել, նրան տալ, մեջը տոկոս աշխատել ու վերջ»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. Իսկ թե ինչպես են հարկայինն ու բանկերը տապալում Բորիս Պետրոսյանի բիզնես-ծրագրերը՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
«Առավոտ» օրաթերթ
Ես Անձանբ Ճանաչում եմ Գիտնական Բորիս Պետրոսըանին,
Ցավում եմ, որ նա գտնվում է անազատւթյան մեջ 205 հոդվածի հատկանիշներով…..
Կոչ եմ անում բոլոր Գիտնականներին, Քաղաքական գործիչներին, հանդիպել, լսել Բորիս Պետրոսյանին, Տալ նրան հնարավորություն, մեր Հայ ազգի համար գիտական ոլորտում մեծ հաջողություններ, շատ մեծ գործեր կատարելու համար,
Ես գտնում եմ որ նման գյուտարար մարդուն հարկ չմուծելու համար չի կարելի ձերբակալել…..
Խորը վշտով հայտնում եմ ձեզ,մեր սիրելի գիտնականը այլևս մեզ հետ չի,ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻՏ ԼՈՒՍԱՎՈՐԻ,ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ.