Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ի ղեկավարությունը պետք է շնորհակալ լինի Արամ Սարգսյանից»

Մայիս 19,2012 12:55

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամը «Հանրապետության»՝ ՀԱԿ-ից դուրս գալու որոշումը համարում է «Արամ Սարգսյանի եւ նրա թիմի քաղաքական եւ քաղաքացիական խիզախության դրսեւորում»:

«Վաղ թե ուշ՝ այդ որոշումը պիտի կայացվեր: Այդ որոշումը Արամ Սարգսյանի եւ նրա թիմի քաղաքական եւ քաղաքացիական խիզախության դրսեւորում է: Ավելին ասեմ, ՀԱԿ-ի ղեկավարությունը պետք է շնորհակալ լինի Արամ Սարգսյանից, որ ունենալով արդեն իսկ խորքային տարաձայնություններ՝ այդ որոշումը չկայացվեց մինչեւ խորհրդարանական ընտրությունները, որովհետեւ ակնհայտ էր, որ եթե «Հանրապետություն» կուսակցությունը մինչեւ ընտրությունները լքեր ՀԱԿ-ի շարքերը, ՀԱԿ-ը խորհրդարանում խմբակցություն ունենալու հեռանկար գրեթե չէր ունենա՝ հաշվի առնելով նրա ստացած քվեները»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության՝ Հայ ազգային կոնգրեսը լքելու մասին երեկ կայացրած որոշմանը՝ ասաց «Հանրապետության» քաղխորհրդի նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Մեր զրուցակիցը «շատ դրական» է վերաբերվում «Հանրապետություն» կուսակցության այդ քայլին:

Ներհայաստանյան հետագա քաղաքական զարգացումներում մեր զրուցակիցն անակնկալներ չի տեսնում: «Առավոտի» հարցին՝ հայաստանյան քաղաքական դաշտի առանցքը հիմա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, եւ կախված ԲՀԿ-ի քայլերից՝ կուրվագծվեն հետագա ներքաղաքական զարգացումները. ներկայիս իրադրության վերլուծությունները ի՞նչ են փաստում՝ ԲՀԿ-ն կմտնի՞ կոալիցիա, Սուրենյանցն ասաց. «Այո, ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա: Այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական եւ քաղաքագիտական լրջագույն սխալ արեց՝ ամբողջ ընտրարշավի ընթացքում շեշտը դնելով ներիշխանական հակասությունների վրա: Ամբողջ ընտրարշավում ՀԱԿ-ն անուղղակիորեն աջակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ այդպիսով, չգիտես ինչու, ավելացնելով վերջինիս ընտրազանգվածը: ՀԱԿ-ում, ամենայն հավանականությամբ, սխալ էին հաշվարկել կամ գերագնահատել էին ներիշխանական հակասությունների գործոնը: ՀԱԿ-ի ձախողման գլխավոր պատճառներից մեկը հենց դա էր»: Սուրենյանցը վստահ է, որ անպայմանորեն կձեւավորվի նոր կոալիցիա, ԲՀԿ-ն կլինի այդ կոալիցիայում, եւ, ըստ նրա, կանխատեսելի է, որ 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում այդ կոալիցիան կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Մեր հարցին՝ Հայ ազգային կոնգրես դաշինքը կշարունակի՞ գոյատեւել որպես այդպիսին, թե՞ կլուծարվի, քանի որ այլ կուսակցություններ էլ են պատրաստվում լքել այն, Սուրենյանցը ասաց. «ՀԱԿ-ն արդեն իսկ նախկին տեսքով գոյություն չունի: Եթե առանցքային կուսակցություններից մեկը՝ «Հանրապետությունը», լքում է այդ դաշինքը, արդեն իսկ կոնֆիգուրացիա է փոխվում: Դուք ավելացրիք, որ մի շարք այլ քաղաքական սուբյեկտներ պատրաստվում են լքել դաշինքը, ավելին, մարզային պատասխանատուներից մեկը՝ Աշոտ Զաքարյանը, ով առանցքային դերակատարություն ուներ ՀԱԿ-ում, նույնպես հեռացավ: Այսինքն՝ ՀԱԿ-ը կանգնած է լուրջ, ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ, եւ արդեն իսկ մենք գործ ունենք մի ՀԱԿ-ի հետ, որը որեւէ առնչություն չունի այն ՀԱԿ-ի հետ, որը ձեւավորվել էր 2008-ի օգոստոսի 1-ին: Հիմա ՀԱԿ-ի ղեկավարության խնդիրն է հետեւություններ անել, փորձել գոնե ՀԱԿ-ը պահպանելու նպատակով ինստիտուցիոնալ փոփոխությունների գնալ»: Կանի՞ ՀԱԿ ղեկավարությունը հետեւություններ, թե՞ ոչ՝ մեր զրուցակիցը վստահաբար կանխատեսել չի կարող, քանի որ Երեւանի քաղաքապետի ավագանու ընտրություններից հետո ինքը համոզվել է, որ ՀԱԿ-ի ղեկավարությունն առանձնապես չի սիրում հետեւություններ անել:

Վերջին շրջանում բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին ՀԱԿ-ի ղեկավարության հասցեին՝ որ իշխանությունների հետ գործարքի մեջ են: Սուրենյանցից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ դա հավանակա՞ն տարբերակ է: Վերջինս այսպես պատասխանեց. «ՀԱԿ-ի համակիրները ինձ մեղադրում էին Սամվել Ալեքսանյանին պաշտպանելու համար, բայց իմ այդ որոշման հիմքում քաղաքական գործոն չկար, ավելի շատ Ալեքսանյանի հետ մտերիմ հարաբերություններն էին: Բայց իրենք, իրենց համակիրները շարունակ ինձ մեղադրում էին: Հիմա, եթե իրենց տրամաբանությամբ շարժվենք, ես ընդամենն առանց մեղադրանքի փաստում եմ, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում Լեւոն տեր-Պետրոսյանի թիմը սպասարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերը: Հետեւությունները թողնում եմ ընթերցողին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031