Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե ով, այլ՝ ինչպես

Մայիս 19,2012 12:41

Հայաստանում իսկապես ամեն ինչ անձնավորված է: Եթե նայես կայքերում մամուլի տեսությունը, ապա մեր հասարակությանն ամենահուզող հարցերն են՝ Հովիկ Աբրահամյա՞նն է վարչապետ լինելու, թե՞ Տիգրան Սարգսյանը: Կամ՝ մշակույթի նախարարը ՀՀԿ-ի՞ց է լինելու, ԲՀԿ-ի՞ց, թե՞ անկուսակցական: Իհարկե, հիշյալ երկու կուսակցությունների, հնարավոր նախարարի, նրա բարեկամների, ինչպես նաեւ՝ նախարարության աշխատակիցների համար դա շատ կարեւոր է. ում է նշանակելու, ում է հանելու, չափավոր է «ուտելու», թե գռփելու է՝ ինչ որ ձեռքի տակ ընկնի: Բայց  եթե այդ հարցին նայեք, ասենք, երաժշտական դպրոցի ջութակի դասատուի տեսանկյունից, ապա նախարարի անձը եւ նրա կուսակցական պատկանելությունը կորցնում են իրենց դարակազմիկ նշանակությունը,  ու շատ ավելի առաջնահերթ խնդիր է դառնում, թե որքան է այդ ուսուցչի աշխատավարձը եւ ինչու չէ՝ որքանով է պետությունը գոնե բարոյապես կարեւորում նրա աշխատանքը: Համարվում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչները կարեւոր պետական գործ են անում, եւ նրանք պետք է ստանան բժշկական ապահովագրական պետական փաթեթները, իսկ ահա երաժշտական դպրոցների աշխատակիցները պարզապես «ծառայություն են մատուցում»՝ վարսավիրների կամ մերսողների նման, եւ նրանց ոչ մի փաթեթ էլ չի հասնում:

Այս օրինակը ես բերեցի՝ պարզապես ցույց տալու համար, թե երբեմն որքան են այն խնդիրները, որոնք մենք բուռն քննարկում ենք՝ վկայակոչելով այս կամ այն «լավատեղյակ աղբյուրը», հեռու Հայաստանի շարքային քաղաքացուն իսկապես հուզող խնդիրներից: Մենք կարծես թե պատրանք ենք ստեղծում, որ ամբողջ ժողովրդի ցավն ու դարդն այն է, թե երբ է ձեւավորվելու իշխանական կոալիցիա եւ ով է դրա մեջ մտնելու: Բայց ոչ ոք այս երկու ամսվա ընթացքում չբացատրեց, թե ինչ արժեքային համակարգով է առաջնորդվելու իշխանության հասնելու դեպքում եւ ինչպես է պատրաստվում լուծել կոնկրետ խնդիրները: Թե չէ՝ բայաթիները արտագաղթի եւ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին բոլորի, այդ թվում՝ կոալիցիայի անդամ կուսակցությունների մոտ շատ լավ են ստացվում: Գուցե կուսակցականներին թվում էր, թե որքան բարձր ձայնով եւ ճոխ կլկլոցներով են երգվում այդ բայաթիները, այնքան ժողովուրդն ավելի շատ է համոզվում, որ հենց նրանք են  խնդիրները լուծողները: Այստեղից էլ ծնվում է այն պատրանքը, որ ահա այս անձը կամ կուսակցությունը այս պաշտոնում սարեր է շարժելու: Մենք էլ՝ լրագրողներս, զարգացնում եւ ճոխացնում ենք այդ խարդավանքները:

Հետաքրքիր է՝ այն, որ երեկ «ԱրմենՏելի» բջջային հեռախոսները գրեթե ամբողջ օրը լռում էին, պայմանավորվա՞ծ է որեւէ նախարարի կամ վարչապետի կուսակցական պատկանելությամբ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031