Այսօրվա ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «պարտիզանություն» էր անում` իմանալով որոշ տեղեկություններ` չէր հայտնում դրանք: Մասնավորապես, ասաց, որ Հանրապետականում արդեն հստակ է, թե ով է լինելու վարչապետը.«ՀՀԿ-ի համար ամեն ինչ պարզ է, և Գալուստ Սահակյանն էլ շատ տեղյակ է, բայց քանի որ դեռևս քաղաքական դաշտն ուրիշ խնդիրներ ունի, ալեկոծումներ ունի, ես թույլ չեմ տա նախապես անուններ շեշտել»: Ինչ վերաբերում է նրան` վարչապետը կփոխվի՞, թե՞ չէ, պարոն Սահակյանն ասաց.«Դա չենք քննարկել, ես իմ կարծիքը կարող եմ ասել, ես կարծում եմ՝ այս պահին այդքան կտրուկ փոփոխություններ անհրաժեշտ չեն»: Լրագրողների դիտարկմանը, թե ներկա վարչապետն ու կառավարությունն են եղած սոցիալ-տնտեսական իրավիճակի մեղավորը, պարոն Սահակյանը պատասխանեց.«Ես գտնում եմ, որ ամբողջ տնտեսական վիճակի… Եթե բացասական ենք համարում կամ դրական ենք համարում, ես գտնում եմ՝ դրա ամբողջ պատասխանատուն ՀՀԿ-ն է, որքան էլ որ կոալիցիան ամբողջ նախընտրական քարոզչության ընթացքում խուսափում էր, բայց նաև կոալիցիայի մյուս երկու ուժերը շատ լավ ներկայացրեցին այն դրականը, որ կատարվել է պետության ներսում, և դրա գլխավոր դերակատարը հենց ՀՀԿ-ն է, ու նաև դա էր պատճառը, որ մենք ավելի շատ ձայներ ստանցանք»: