ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդհանուր օգտագործման զուգարանում դրված է մի քվեատուփ, որը օգտագործվում է որպես լաթեր պահելու համար նախատեսված տարա:
ԿԸՀ զուգարանում «հայտնվածը» ընտրական տեղամասերում տեղադրվող քվեատուփերից տարբերվում է միայն մեկ հատկանիշով. նրա վրայից բացակայում է ՀՀ զինանշանը:
Նշենք, որ այս տեսակի քվեատուփերը սկսեցին օգտագործվել 2002 թ տեղի ունեցած՝ ՀՀ նախագահական ընտրություններին. այն ժամանակ Հայաստան էր ներկրվել 2,000 քվեատուփ: 2003 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի համար Հայաստան ներկրվեց ևս 3,401 քվեատուփ: Նշենք, որ քվեատուփերի արտադրությունը և առաքումն իրականացվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Մեծ Բրիտանիայի ու Նիդեռլանդների կառավարությունների ֆինանսական օժանդակության շնորհիվ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պարզաբանելով զուգարանում հայտնված քվեատուփի փաստը, Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ դա պլաստմասե տարա է, որը մի դեպքում օգտագործվում է որպես քվեատուփ, մյուս դեպքում կարող է օգտագործվել որպես կենցաղային օգտագործման տարա։