Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի լիբերալ կուսակցությունն էլ դուրս եկավ ՀԱԿ-ից

Մայիս 18,2012 19:38

Հայաստանի լիբերալ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.

Հայաստանի լիբերալ կուսակցությունը, կարևորելով իր մասնակցությունը Հայ ազգային կոնգրեսին, գտնում է, որ 2008թ. սկսած ՀԱԿ-ը լուրջ դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական-հասարակական կյանքում, քաղաքական օրակարգի ձևավորման հարցերում, քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներում, երկրում վախի մթնոլորտի հաղթահարմանն ուղղված գործողություններում: Նշված բոլոր ուղղություններով հատկապես զգալի էր ՀԱԿ-ի հաջողությունները 2008-2009թթ.-ին: Սակայն, ցավոք, հետագայում ՀԱԿ-ի գործողությունները դարձան պասիվ, երբեմն անհասկանալի, ընդ որում` բոլորի համար: 2012թ. ԱԺ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի համար կրելով սեփական պատասխանատվության մասը` այնուամենայնիվ գտնում ենք, որ այսօր թերացումների և սխալների մասին խոսելն այլևս ժամանակավրեպ է: Թող յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ գործիչ ինքը մտորի այդ ամենի մասին, եզրահանգումներ անի:

2012թ. ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում և դրանից հետո կուսակցության քաղաքական ակտիվի և բազմաթիվ անդամների հետ քննարկումներից, զրույցներից ելնելով` ՀԼԿ քաղաքական խորհուրդը որոշեց (թիվ3 որոշում, 17.05.2012թ.), որ Հայաստանի լիբերալ կուսակցությունը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսի կազմից` այլևս աննպտակահարմար համարելով կաշկանդված մնալ ՀԱԿ որոշումների և գործողությունների շրջանակներում:

Միևնույն ժամանակ կուսակցության այն անդամները, ովքեր կցանկանան շարունակել իրենց քաղաքական գործունեությունը ՀԱԿ շրջանակներում և դուրս գալ ՀԼԿ-ից, ապա նրանք ազատ են իրենց որոշումների մեջ: Կուսակցության հետագա ծրագրերի և անելիքների մասին որոշումները կընդունվեն 2012թ. աշնանը հրավիրվելիք համագումարում` բազմակողմանի վերլուծությունների և քննարկումների արդյունքում:

Կուսակցության նման որոշման համար հիմնական պատճառ է հանդիսանում ՀԱԿ-ի կողմից ԱԺ յոթ մանդատների ընդունումը: Կուսակցությունը գտնում է, որ պետք է վայր դնել այդ մանդատները և չմտնել խորհրդարան: 2008թ.-ից սկսած համաժողովրդական շարժման համար յոթ մանդատը համարժեք չէ դրված նպատակներին, շարժում, որը մարտի 1-ին տվել է տասը զոհ, ունեցել է ավելի քան 100 քաղբանտարկյալներ, հազարավոր մարդիկ դարձել են հալածյալներ:

Հայաստանի լիբերալ կուսակցությունը այսուհետ ևս շարունակելու է կուսակցության ծրագրային դրույթների իրականացմանն ուղղված ջանքերի գործադրմանը` այդ ճանապարհին համագործակցելով բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակը կլինի երկրում ժողովրդավարական բարեփոխումների և համակարգային փոփոխությունների իրականացմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի բարձրացմանը, արժեհամակարգի ձևավորմանը, ՀՀ անկախության ամրապնդմանը, իրավական, ժողովրդավարական, սոցիալական, տնտեսապես հզոր, անվտանգ ինքնիշխան պետության կառուցմանը նպաստ բերելը:

Հայաստանի լիբերալ կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր գործընկերներին այս տարիների համատեղ աշխատանքի ու միասին անցկացրած օրերի համար` մաղթելով նրանց հաջողություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031