Քիչ առաջ ավարտվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը, որտեղ Վազգեն Սարգսյանի` «Մտածեք էս երկրի մասին» կարգախոսի ներքո որոշում կայացվեց ՀԱԿ-ից դուրս գալու մասին: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նախօրոք զգուշացրել էր, որ նիստից հետո որեւէ հարցազրույց կամ մեկնաբանություն ԶԼՄ-ներին չի տալու:
Նիստից հետո ինչպես նա, այնպես էլ Սուրեն Աբրահամյանը, Սմբատ Այվազյանն անմիջապես դուրս եկան ու մեծ արագությամբ նստեցին իրենց մեքենաները: Նիստի ընթացքում թույլ չէր տրվում լուսանկարել որեւէ բան, որոշ լրագրողների նույնիսկ շենք մտնել չթույլատրվեց:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը զրույցում տեղեկացրեց, որ նիստի ընթացքում տեսակետներ են հայտնել բոլոր ներկաները եւ նրանց կարծիքների միջեւ որեւէ հակասություն, որեւէ տարաձայնություն չի եղել. «Դրանք, ըստ էության, լրացնում էին մեկը մյուսին` այն հիմնավորումով, որ այս պահին հասունացել է եւ ճիշտ է Հայ ազգային կոնգրեսին անդամակցելը դադարեցնելը: Եվ որոշում կայացվեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը դադարեցնում է իր անդամակցումը ՀԱԿ-ին: Ընդունվել է միաձայն, տարբեր են փաստարկները»:
Հարցին` որո՞նք են փաստարկները, որոնց հիման վրա որոշում կայացվեց` պարոն Զեյնալյանը պատասխանեց, որ կարող են հրապարակել միայն այն փաստարկները, որոնք նշված են հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Հարցին` հնարավո՞ր է «Հանրապետություն» կուսակցությունն այսուհետ համագործակցի այլ ուժերի հետ` պարոն Զեյնալյանը պատասխանեց, որ համաձայն այն հռչակագրի, որը ստորագրված է, դաշինքի անդամ կուսակցությունները պահպանում են իրենց ինքնուրույնությունը` ընդհուպ հանրապետական ընտրություններում առանձին հանդես գալու. «Մենք, բնականաբար, չենք բացառում, որ շարունակելու ենք համագործակցությունը եւ համագործակցելու ենք բոլոր քաղաքական-հասարակական ուժերի հետ: Նրանց բոլորի հետ մենք այս վերջին տարիներին դժվարին ճանապարհ ենք անցել, նրանց հետ մեզ կապող շատ բան կա առանձին-առանձին վերցրած: Նաեւ կուսակցություններ կան, որոնց հետ մենք գտնվել ենք 2003-ին դաշինքային հարաբերությունների մեջ, ինչը պիտի պահպանվի եւ չի կարող չպահպանվել: Ցանկացած իրավիճակում մենք կարող ենք համագործակցության նոր ֆորմատներ ձեւավորել, եթե դրա անհրաժեշտությունը լինի, բայց այս պահին մենք միանձնյա, առանց համաձայնեցնելու որեւէ քաղաքական ուժի հետ, որոշում կայացրինք` դադարեցնել մեր անդամակցումը ՀԱԿ-ին»:
Մեր հարցին` նախագահական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության որոշման մասին` պարոն Զեյնալյանը պատասխանեց, որ Արամ Սարգսյանն արդեն ասել է, թե ինչ պայմաններում ինքը կառաջադրվի կամ չի առաջադրվի. «Այսօր նման հարց քաղխորհրդի նիստում չի քննարկվել»:
Կուսակցության քաղխորհրդի նիստի օրակարգում ընդամենը այդ 1 հարցն էր` ՀԱԿ-ից դուրս գալու: Թվում էր, թե ամեն ինչ որոշված է, նույնիսկ բոլորիս համար հայտարարության տեքստն ուրվագրված էր, այնուամենայնիվ, նիստի ընթացքում բուռն քննարկում էր գնում, այն տեւեց 3 ժամ: Ուստի մենք հետաքրքրվեցինք, թե խնդիրնե՞ր էին առաջանում` վերջնական հայտարարության հետ կապված: Պարոն Զեյնալյանը դա բացատրեց շատ տեսակետներ հայտնելով. «Հանրապետութուն» կուսակցության քաղխորհրդի նիստում տեսակետները ոչ միայն ցանկալի են, այլ նաեւ` պարտադիր: Մենք մեր որոշումը կայացնում ենք տարբեր տեսակետներ լսելով, եւ մեր քաղխորհրդի նիստում քննարկումները շատ բուռն են: Օրակարգ մտած հարցի լուծումը կանխորոշված չի, բոլոր դեպքերում քննարկում է լինում, լինում են բանավեճեր, եւ նաեւ տեքստի շուրջ լինում են քննարկումներ` ինչպիսի շեշտադրումներ արվեն»:
Իր վերջին ասուլիսի ժամանակ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ի հետ «Հանրապետության» տարաձայնությունները տեսնում էր ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության շուրջ, արդյո՞ք անդամակցումը դադարեցնելու շարժառիթներից մեկը դա էր` պարոն Զեյնալյանը խուսափեց մեկնաբանել: Մենք նաեւ փորձեցինք ճշտել` խոսակցություններ կան «Հանրապետություն» կուսակցության` «Ժառանգության» հետ համագործակցության մասին, հիմքեր ունե՞ն դրանք` Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Այսօր նման հարց չի քննարկվել, մեր որոշումը որ կայացրել ենք` համաձայնեցված չի որեւէ քաղաքական ուժի հետ: Սա միանձնյա որոշում է, եւ օրակարգում որեւէ համագործակցության վերաբերյալ քննարկումներ չկան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ