«Ինքս, երկու տարի առաջ, երբ Նիկոլին պետք էր քաղաքական աջակցություն, հրաժարվեցի առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում՝ զորակցելով Նիկոլ Փաշինյանին: Հիմա իրավիճակը միանգամայն այլ է, Նիկոլ Փաշինյանն ազատության մեջ է եւ բարոյական աջակցության կարիք չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Հիշեցնենք, որ դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ մի հարցազրույցում նա հանդես էր եկել ի պաշտպանություն թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի՝ նկատելով, որ վերջինս բազմաթիվ համակիրներ ունի թիվ 7 ընտրատարածքում եւ առանց կեղծիքների կարող է ընտրվել, մինչդեռ նրա մրցակից Նիկոլ Փաշինյանը թեկնածությունն առաջադրել է հենց այդ ընտրատարածքում, որպեսզի «շոու» անի: Դրան հետեւեց ՀԱԿ-ականների «արժանի հակահարվածը»՝ Սուրեն Սուրենյանցին անվանեցին անգամ «դավաճան», «ծախու»: Aravot.am-ի հարցին՝ արդյոք նման տեսակետի պատճառը խա՞նդն էր, քանի որ երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը կորցրեց մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի իր կարգավիճակը, հայտարարված նոր ընտրություններում ՀԱԿ-ը որոշեց առաջադրել եւ պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, որն ազատազրկման վայրում էր արդեն, մինչդեռ Սուրեն Սուրենյանցը նույնպես ցանկություն ուներ առաջադրվելու այդ ընտրատարածքում, մեր զրուցակիցը արձագանքեց. «Խանդում են սիրած կնոջը. այնպես որ՝ բացարձակապես խանդի խնդիր չկա: Խանդն անձնական կատեգորիա է եւ քաղաքականության վրա չի տարածվում»: Ի դեպ, 2010-ի այդ ընտրություններից եւ որոշ պատմություններից հետո Սուրենյանցը լքեց ՀԱԿ-ը:
Սուրենյանցը նկատում է, որ ինքն այս ընտրարշավում որեւէ քաղաքական թիմի կազմում չի մասնակցել եւ որեւէ մեկի առջեւ թիմային պատասխանատվություն չուներ, այդ թվում նաեւ ՀԱԿ-ի, մանավանդ որ զորակցել էր իր նախկին կուսակցության՝ «Հանրապետության» հայտարարությանը՝ ՀԱԿ համամասնական ցուցակում միայն կուսակցության ղեկավարի դեմքով ներկայացված լինելու մասին: «Մեկ ընտրատարածքում, որի ընտրողն եմ ես, կայացրել եմ կոնկրետ որոշում՝ պաշտպանել եմ Սամվել Ալեքսանյանին՝ նրա հետ ունենալով մտերիմ հարաբերություններ: Ինչպես ընտրարշավից առաջ, հիմա էլ համոզված եմ, որ Սամվել Ալեքսանյանն իրականում օրինական ընտրությունների միջոցով հաղթել է Նիկոլ Փաշինյանին: Դա է հուշում նաեւ նրանց ստացած ձայների ահռելի տարբերությունը: Ես ասել էի եւ հիմա էլ կրկնում եմ, որ Նիկոլը հայտնվել էր ոչ ճիշտ տեղում եւ ոչ ճիշտ ժամանակին: Այստեղ որեւէ խանդի, կամ ինչպես ոմանք են պնդում՝ որեւէ դավաճանության խնդիր չկա, քանի որ ես ընտրություններին չէի մասնակցում, որպես քաղաքական թիմի անդամ: Մասնակցել եմ ընտրություններին, պաշտպանել եմ Սամվել Ալեքսանյանին եւ արել եմ պրոգնոզ, որն, ի դեպ, իրականացել է. նա շատ համոզիչ հաղթանակ է տարել: Ասեմ, որ ՀԱԿ-ի այսօրվա թիմը հավատ չէր ներշնչում, որ նրանք փոփոխությունների կրող են»,- ասաց Սուրենյանցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ