Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում` նախապատրաստվելով մայիսի 23-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Հավաքի ընթացքի և թիմի մասին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրուցել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարզադատ Ավետիսյանը՝
–Ինչ նախապատրաստական փուլ է անցնում թիմը էլիտ ռաունդից առաջ
-Այս հավաքը, որ անցկացնում ենք, վերջին հավաքն է, որը տևելու է ընդամենը հինգ օր: Մենք մանրամասն ուսումնասիրել ենք մեր հակառակորդների խաղը և արդեն գիտենք, թե ինչ մարտավարությամբ պետք է հանդես գանք յուրաքանչյուր խաղում: Որքանով կաշխատի այդ մարտավարությունը, ցույց կտա ժամանակը: Այս օրերին մենք հիմնականում ուսւոմնասիրելու և մշակելու ենք տակտիկական մտահղացումները, այնուհետև փորձելու ենք այն իրագործել մարզումների ժամանակ:
– Ոնց եք գնահատում թիմի վիճակը
-Բոլորն առողջ են, լավ մարզավիճակում են, մեր տղաների ներուժը մեծ է և հուսով եմ, որ լավ կխաղանք
– Ինչպիսի համալրում կա թիմում Երևանում կայացած առաջին որակավորման փուլի մրցաշարի համեմատ
Ի տարբերություն առաջին որակավորման փուլի, որը տեղի ունեցավ Երևանում, ունենք երեք նորեկներ: Խաչատուր Ավետիսյանին, Բենիկ Հովհաննիսյանին և Հովհաննես Միրանյանին կփոխարինեն Արարատ Պողոսյանը, Արմեն Դերձյանը և Վասպուրակ Մինասյանը:
– Ինչ կարծիքի եք մեր հակառակորդների մասին
-Երեք թիմերն էլ բավականին լավ թիմեր են: Հուսով եմ, որ մեզ հաջողությունը կժպտա և տղաները կկարողանան լավ հանդես գալ, քանի որ լավ որակներ ունեն և կարծում եմ մենք հնարավորություն ունենք պայքարել եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն