Վերջերս «Լյուֆթի Քիրդար» ցուցահանդեսների և համաժողովների անցկացման կենտրոնում կայացավ փոփ երգերի հայ կատարող Նունե Եսայանի համերգը: Համերգից առաջ երգչուհին «Հյուրիեթ» թուրքական պարբերականի հայ լրագրողին հարցազրույց է տվել, որի համաձայն՝ իբր ասել է. «Մեր սրտերը բաց են…թեև հայ-թուրքական սահմանը փակ է: Ես չեմ հավատում, որ երգը սահմաններ ունի»:
Slaq.am-ի լրագրողներից մեկը թուրքական պարբերականի նյութը թարգմանել էր ոչ ճշգրիտ եւ ներկայացրել ընթերցողին:
Այսօր «Press master» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս, որտեղ վաստակավոր երգչուհի Նունե Եսայանը նշեց. «Վերջերս Ստամբուլում կայացած համերգը իմ ամենահրաշալի համերգներից մեկն էր, ինձ հիանալի դիմավորեցին: Համերգին ներկա գտնվող 2000 հայերը կարոտ էին հայ երգին, արվեստին»:
Հարցին, թե ի՞նչ կարծիքի է հոդվածի վերաբերյալ, երգչուհին պատասխանեց.
Կարդացեք նաև
«Իմ խոսքերը չափած-ձևած են, ես սխալ թույլ տալ չէի կարող, մանավանդ, երբ հարցը քո երկրի թշնամուն է վերաբերում: Ես հարցազրույցի ժամանակ չեմ ասել, որ հայի սիրտը բաց է թուրքի առաջ, այլ ասել եմ, որ մեր սրտերը բաց են, սահմաններ չեն ճանաչում, այսինքն՝ արվեստագետների, այլ ոչ թե հայի»:
Երգչուհին նշեց. «Առանց ճշտելու և պարզաբանելու ենթադրություններ գրելը շատ ծիծաղելի է: Պարզապես խմբագիրը պետք է հետևի, թե ինչ է տպագրում իր լրագրողը: Ես վիրավորված եմ, սակայն պատժելու մասին չեմ մտածում, Աստված իրենց հետ, ես իմ խղճի առաջ մաքուր եմ: Ճիշտ է, ինձ չեն զանգել եւ ներողություն չեն խնդրել, բայց մի բան հաստատ է, իմ անվան վրա ոչինչ չի կարող անդրադառնալ: Իմ հանդիսատեսը, ընկերները ինձ սիրում և ճանաչում են: Համարենք, որ սա թյուրիմացություն է եղել, բայց ոմն լրագրող իրավունք չունի գրել, որ Նունե Եսայանը 13000-ով սիրտը բացեց թուրքերի առաջ, տեսնես 50000 –ով ինչ կանի»:
Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց.
«Ժուռնալիստական էթիկան էր պակաս, անձնավորել էին ամեն ինչը, չի կարելի կոպիտ խոսել մարդու մասին և անիմաստ քննադատել: Կարծում եմ՝ Նունեն մեծ խիզախություն արեց՝ երգելով հայրենասիրական բազում երգեր: Մենք ապրում ենք փոքր քաղաքում, սա մոնո երկիր է, սա սանիկ-քավորի երկիր է, և հայը հայի վրա չի կարող սարքել սկանդալ, պարզապես չի ստացվի: Ճանաչելով Նունեին՝ կարող եմ ասել, որ նա քչախոս է, խոսում է չափված-ձևած, ես չեմ հավատում, որ նա նման բան ասած կլիներ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ